Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերի ժամանակ զոհվեց ժամկետային զինծառայող, Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու սպասավոր Ռուստամ սարկավագ Պողոսյանը:
2019 թ․ հուլիսի 28-ին նա մեկնել էր զինվորական ծառայության: Ընկերուհին` Մերի Չիբուխչյանը, բանակ ճանապարհելիս չէր կարողացել լինել ընկերոջ կողքին, բայց ամեն ինչից տեղյակ էր լինում և նա իրեն այնտեղ ներկա էր զգում. «Ամեն ինչ գրում էր, ասացի, որ հպարտանում եմ իրենով ու անհամբեր սպասում եմ, որ վերադառնա»: Սեպտեմբերի 27-ին, երբ լսեց պատերազմի մասին, վերցրել էր հեռախոսն ու միանգամից փորձել կապ հաստատել Ռուստամի հետ. «Այդ պահին որ զանգահարեցի, չպատասխանեց, բայց ուշ ժամի գրեց, որ լավ է, ամեն ինչ նորմալ է, հանգիստ լինեմ, էլի կգրի»,- ասաց Մերին:
Մերին ներքուստ շատ հանգիստ էր և պարզապես օրերն էր հաշվում, թե երբ է ավարտվելու պատերազմը. «Ամեն օր աղոթում էի, այնքան էի աղոթել, որ արդեն բառերը շփոթում էի: Ամեն օր գրում էի` զգույշ կլինես, ուշադիր, գիտես, որ ես քեզ ունեմ, ու սխալվելու իրավունք չունես»: Ռուստամը, ի պատասխան Մերիի նամակներին, ասում էր, որ հանկարծ չտխրի, ամեն ինչ կարգին է, պետք է միայն Մերին ուրախ լինի, որ ինքն էնտեղ է: Խոստացել էր, որ պետք է գա ու ընկերուհուն` Մերիին, շատ ամուր գրկի…
2013 թվականին Ռուստամը ընդունվել էր Էջմիածնի Հոգևոր ճեմարանը. «Նա ընտրել էր հոգևորականի դժվար ճանապարհ ունեցող կյանքը, ինձ էլ որպես երեցկին արդեն դաստիարակել էր»: Ծառայության մեկնելուց առաջ ընկերուհուն ասել էր` չնեղվես, շուտ ծառայեմ, գամ, որ ամուսնանանք: Մերին էլ իր հերթին խոստացել էր հավատարիմ մնալ և առանց տրտնջալու սպասել նրան: Այդպես էլ անում էր, սպասում էր նրան, հաշվում էր օրերն ու ժամերը: «Շատ դժվար էր անցնում օրերը, շատ դանդաղ, բայց էնքան սիրով էի սպասում նրան, էնքան կարոտով: Ինքն էլ փորձում էր ինձ տրամադրել, որ շատ չնեղվեի ու կարոտին դիմանայի: Անգամ էնտեղից էինք պլաններ գծում, որոշումներ կայացնում»,- պատմում էր Մերին:
Ռուստամը ճեմարանի սան էր, իսկ Մերին` մասնագիտությամբ պարուսույց: 2016թ․-ի մարտի 26-ն էր՝ Սուրբ Հարության տոնը։ Մերին եկեղեցի էր գնացել, ներս մտել ու տեսել, որ հեռվում 3 տղա երգում էին, նրանց մեջ էր նաև Ռուստամ Պողոսյանը. «Դե, մեզ համար նորություն էր քաղաքում երիտասարդ տղաներ տեսնելը, այն էլ հոգևորականի շորերով: Զարմացա, բայց զարմանքս թաքցրի ու շարունակեցի պատարագին հետևելը: Հետո մեր թեմի առաջնորդն ասաց, որ պետք է գնամ Սարիգյուղ՝ երիտասարդների հետ Սուրբ Հարության Ավետիսը տարածելու: Մեքենայի մեջ նստեցի Ռուստամի կողքին ու մտածում էի` ինչքան վախենալու է զգեստն ու անունը»,- պատմում էր Մերին: Մի քանի րոպե հետո նրանք ծանոթացան, դարձան ֆեյսբուքյան ընկերներ: Այդ օրը Ռուստամը Մերիին զատիկ նվիրեց, ձեռքի աշխատանք էր, և հետո` 2-3 ամիս անց, Մերին դարձավ նրա «զատիկը». էդպես էր ասում Ռուստամը: «Սկզբում շատ էինք վիճում մանր-մունր հարցերի շուրջ, բայց հետո մենք դարձանք աշխարհի ամենամտերիմ մարդիկ իրար համար: Հասկանում էինք միշտ իրար, նա՝ ինձ, ես` իրեն: Ամեն ինչ անելուց առաջ քննարկում էինք պարտադիր, ու ես գիտեի, թե ինչ է սիրում, ինչ` չէ»:
Ռուստամը սիրում էր ընկերուհուն նվերներ տալ թեկուզ առանց պատճառի, հատկապես` ծաղիկներ էր շատ նվիրում: Նրանք ապրում էին այն աշխարհում, որը հենց իրենք էինք ստեղծել, այդ աշխարհում ոչ մեկ չկար, իրենք էին, երկուսով՝ «Մերիկն ու Մարդուկը»: 2021-ի մարտի 26-ին պատրաստվում էին նշել իրենց ընկերության 5 տարին, Մերիի խոսքով` իր կյանքի 5 ամենաերջանիկ ու հեքիաթային տարիները. «Նրան ինձնից էլ շատ եմ սիրում ու երբեք չէի պատկերացնի, երբեք անգամ թաքուն չէի մտածել, որ կյանքը մեզ համար անակնկալ ունի պահած: Մտածում էի, որ իմ սերը հաստատ պաշտպանելու է նրան չարիքից: Մենք հոգեպես էլ կապված էինք իրար հետ, երբ նրա ինչ-որ տեղը ցավում էր, ես էլ էի այդ ցավն ունենում: Երբ անհանգիստ էր, ես էլ էի անհանգիստ»,- անկեղծացավ նա: Երազում էին 4 երեխա ունենալ, մեծ տուն` լի ջերմությամբ ու շա՜տ սիրով: Նրանք դեռ շատ երազանքներ ու նպատակներ ունեին: Անցնելով շատ ու շատ դժվարությունների միջով՝ ամեն ինչ միասին հաղթահարում էին, շրջանցում բոլոր խնդիրները:
Ռուստամը բանակային կյանքից երբեք չի դժգոհել, ընկերուհուն պատմում էր էնտեղի կյանքից, ճաշարանից, առօրյայից, միայն կարոտից էր շատ ընկճվում. «Ասում էր, երանի ամեն շաբաթ հնարավոր լիներ գոնե մի ժամով ինձ տեսներ ու այդ ժամանակ առանց նեղվելու 4 տարի էլ կծառայեր»:
Մերին գիտեր, որ Ռուստամը քաղցր շատ է սիրում, և հնարավորության դեպքում քաղցր էր ուղարկում, բացիկներ, փոքր, ուրախացնող նվերներ: «Երեք օր ջերմություն ունեի 38-39 աստիճան, չէր իջնում, ու սիրտս ցավում էր շատ տարօրինակ ձևով: Հոկտեմբերի 27-ին շատ ուշ ժամի զանգեց ու շատ երկար խոսեցինք, չէի ուզում անջատել, ինքն էլ չէր անջատում: Ասաց` վաղը կզանգեմ, կխոսենք, ասացի՝ ծնունդդ հեսա կգա, պատերազմը ավարտվի, որ նշենք, 25-ամյակն էր»,- ասաց նա: Ընկերուհին իմացել էր, որ Ռուստամի ընկերը գնալու էր Ռուստամի մոտ: Հաշվի չառնելով իր վատառողջ վիճակը՝ Մերին գնաց խանութներ` գնելու ընկերոջ սիրելի ուտելիքները, ու նամակ գրեց, որ անհամբեր սպասում է սիրելիի վերադարձին, սակայն իրերը այդպես էլ տեղ չհասան… Պատերազմի 34-րդ օրը Մերիի համար կյանքը կանգ առավ․ Ռուստամի ընկերը լուր տվեց, որ Ռուստամն էլ չկա․․․
Պատերազմի օրերին Ռուստամը թոքաբորբով հիվանդացել էր, բայց չէր համաձայնել գնալ հոսպիտալ և թողնել դիրքը: «Հետո եմ իմացել, որ իմ լուրջ ու համեստ Ռուստամի ձեռքով շատ թշնամական տեխնիկաներ ու խմբեր են վերացվել, իսկ ինձ ասում էր` խաբար չեմ պատերազմից»․․․
Օֆելյա Պողոսյան
4-րդ կուրս