ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԳՐԱԴԱՐՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵՆ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԳՐԱԴԱՐՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵՆ

1707

Համալսարան ընդունված ու իր ընտրած ոլորտում պրոֆեսիոնալ դառնալ ցանկացող յուրաքանչյուր ուսանող պետք է գրադարանների հազար ու մի գրքեր մաշի: Իսկ ի՞նչ վիճակում են գտնվում հայաստանյան ԲՈՒՀ-երի գրադարանները և արդյոք բավարարում են ուսանողների մեծ մասի ոչ այդքան քմահաճ պահանջները:

ԵՊՀ ուսանողուհի Էլմիրա Միրաբյանը զրույցում նշեց, որ հաճախ համալսարանի գրադարանից գեղարվեստական գրքեր չգտնելու պատճառով դիմում է այլ գրադարնների օգնությանը: Նրա փնտրած գրքերի մեծ մասը կա’մ «ձեռքի վրա է», կա’մ էլ ընդհանրապես չկա:

Սրան հակառակ` ԵՊՀ գրադարանի գեղարվեստական գրականության բաժնի վարիչ Քրիստինե Խաչիկօղլյանը նշեց, որ, չնայած ֆինանսական խնդիրների առկայությանը, գրադարանը հնարավորինս փորձում է բավարարել ուսանողների պահանջները` տարին առնվազն մեկ անգամ համալրելով գրապահոցները: Ընդ որում` գրքերը համալրվում են ոչ միայն համալսարանական ծրագրերում ներառված ցանկին համապատասխան, այլ նաև ըստ ընթերցողների նախասիրությունների: Ինչ վերաբերում է մասնագիտական գրականությանը, ապա այս ոլորտում հարցն ավելի հեշտ է լուծվում` փաստում է ԵՊՀ գրադարանի մասնագիտական բաժնի աշխտակից Նարինե Ջահուկյանը: Չնայած այն հանգամանքին, որ մասնագիտական գրականության մեծ մասն օտարալեզու է, ուսանողներից բողոքներ դեռևս չեն գրանցվել: Իսկ մեծ պահանջարկ ունեցող մասնագիտական գրքերը թվայնացման փուլում են:

Քրիստինե Մելիքյանը, ով ապագա միջազգայնագետ է, համակարծիք չէ հնչած տեսակետի հետ: Ըստ նրա` մասնագիտական գրականություն իր ոլորտում գրեթե չկա, իսկ եղածն էլ տեղում չէ: Սա է պատճառը, որ նա օգտվում է այլ ԲՈՒՀ-երի գրադարաններից:

Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի ուսանող Գրիգոր Խաչումյանն անկեղծորեն փաստում է, որ ինքը չի օգտվում գրադարանից, սակայն ոչ այն պատճառով, որ չի գտնում իր ուզած գրքերը, այլ ուղղակի սովորելու ցանկություն չկա: Քննությանը պատրաստվելու համար բավարարում են կուրսընկերուհիների գրած դասախոսությունները: Համալսարանի մեկ այլ ուսանող Տիգրան Երիցյանն էլ նշեց, որ չի օգտվում գրադարանից, որովհետև գիրքը նախօրոք պետք է պատվիրել ու մեկ շաբաթ սպասել: Ավելի հարմար տարբերակ է գիրքը ուրիշից վերցնելն ու պատճենահանելը:

Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի գրադարանի աշխատակցուհի Հասմիկ Մելիքսեթյանի խոսքով` գրադարանի ֆոնդը բավականցնում է բոլոր ուսանողներին, իսկ թվայնացվող գրականության դարում խնդիրը շատ ավելի հեշտ է լուծվում:

Շատերի մոտ պճնամոլի կերպարով ընկալվող բրյուսովցի ուսանողուհիները ևս, պարզվում է, բավականին շատ ժամանակ են անցկացնում համալսարանի գրադարանում: Զրույցի ժամանակ համալսարանի գրադարանում քննությունների պատրաստվող Աննա Գրիգորյանը , սակայն, այնքան էլ գոհ չէ իրենց գրադարանի պաշարներից: Հիմնականում գրադարանից որևէ գեղարվեստական գիրք վերցնելու փորձը անհաջողությամբ է ավարտվում. «Գալիս եմ գրադարան ու պարզվում է, որ գրքից կա’մ մեկ օրինակ է, այն էլ` ընթերցասրահում, կա’մ էլ «ձեռքի վրա է»:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Վարդուհի Պետրոսյանը, ով սեփական նախաձեռնությամբ գրքեր է հրատարակում ու հարստացնում լրագրողների մասնագիտական գրադարանը, իր խոսքում ակեղծանում է,որ ինքը հիմա նախանձով է նայում ուսանողներին, որովհետև գիրք գտնելը մեր օրերում այդքան էլ բարդ գործ չէ` ի տարբերությու իրենց ժամանակների: Հատկապես թվայնացված գրականությունը բավականին հեշտացնում է ուսանողի աշխատանքը: Այլ խնդիր է` ուսանողն օգտագործում է իրեն ընձեռված հնարավորությունները, թե ոչ:

 

Լիանա Անդրեյան

4-րդ կուրս

Կիսվել