Երբ հայտնվում ես դիլիջանյան հեքիաթում…

Երբ հայտնվում ես դիլիջանյան հեքիաթում…

704

Դիլիջանը մշտապես ոգեշնչել է գրողներին, նկարիչներին, կոմպոզիտորներին. տեղի բնակիչները այս դեպքում բացառություն չեն: Կան մարդիկ, ովքեր իրենց ստեղծագործությունների միջոցով հետք են թողնում քաղաքի մեջ:

 Դիլիջանի կենտրոնում գտնվում է մի իրական դրախտ: Միակ տարբերությունն այն է, որ այն ստեղծվել է մի հասարակ (հենց նա է իրեն այդպես համարում) մարդու կողմից:

 Աշոտ Բաբայանի տունը գտնվում է Երկրագիտական թանգարանի հարևանությամբ: Այն չի կարող վրիպել ո՛չ տեղացիների, ո՛չ, առավել ևս, զբոսաշրջիկների աչքերից:  Տեսնում ես փայտերից կառուցված կամարը, ու թվում է՝ եթե անցնես դրա տակով, հրաշք կկատարվի, ու դու կհայտնվես ամերիկյան «ֆենտզի» ժանրի ֆիլմում: Տան բակը առավել գեղեցիկ է աշնանը: Ծառի տակ խնամքով շարված են դեղին խնձորներ, զարմացած քեզ նայող Հաչիկի հայացք, դռան մոտ դրված սև ռադիո, ռադիոյից դուրս թռչող և օդի մեջ խառնվող Մեսչյանի ձայն, ամենուր փայտի կտորներ ու քանդակներ:

Աշոտ Բաբայանը քանդակագործությամբ է զբաղվում: Իր երևակայությանը տեսք է տալիս փայտերի միջոցով: Նա աշխատանքի մեջ հավատք է դնում, ու համոզված է, որ իր տաղանդը աստվածատուր է:

Մարդկանց մի այսպիսի տեսակ կա, որ դադարել են համարձակ խոսել: Աշոտը նույնպես քչախոս է: Շատերն են այդպես կարծում: Ասում են՝ նրա մոտ պետք է զգուշորեն ընտրել բառերը, լինել հնարավորինս անկեղծ և ուշադիր: Նա նկատում է՝ դու լսում ես իրեն, հասկանում ես, թե՞ ուղղակի ժամանակ ես վատնում: Բայց եթե նկատեց, որ ինքը ու իր աշխատանքները հետաքրքիր են քեզ, սառույցը կհալվի, ու Աշոտը կասի ավելին, քան ակնկալում ես: Դուք կսկսեք զրուցել առանց վախենալու: Նա այլևս չի սպասի քո հարցերին: Կսկսի քայլել տան բակում ու կասի, թե որ աշխատանքը ինչ է իրենից ներկայացնում: Վասիլիկի տնակը երիտասարդ աղջիկների համար է պատրաստված, որպեսզի այնտեղ սպասեն իրենց սպիտակ ձիով ասպետին: Կամարը տակով անցնելիս անպայման երազանք պետք է պահես և համոզված լինես, որ այն կատարվելու է: Ջինի ականջը գաղտնի կարող ես շշնջալ ցանկությունդ, բայց եթե մեջը գումար չդնես, դժվար թե կատարվի: Ամենուր մեկը մյուսից տարբերվող խաչեր, դարդաղաններ ու արևներ, ամենուր հայրենիք ու պատմություն հիշեցնող խորհրդանշաններ:

 Դրսում նստում ես: Սուրճի վեր բարձրացող հոտը խառնվում է Աշոտի տան մթնոլորտին ու ռադիոյի ձայնին: Դու մտածում ես՝ ինչքա՞ն անծայրածիր կարող են լինել մարդկային երևակայության սահմանները: Աշոտը կոտրում է սեղանին դրված ընկույզները, հյուրասիրում է, առարկություն չի ընդունում: Իր տուն ես եկել՝ մի բան պետք է ստանաս՝ կա՛մ կոնֆետ, կա՛մ ընկուզ, կա՛մ խնձոր, կա՛մ սուրճ. եթե, իհարկե, օղի չես խմում:

Նրա տան դարպասները գրեթե երբեք չեն փակվում: Աշոտի տուն գնում են և՛ ընկերները, և՛ ծանոթները, և՛ օտար մարդիկ. նա սպասում է բոլորին: Երբեմն կարող է տրամադրություն չունենալ ու չխոսել, իսկ երբեմն մարդկանց մեջ մի հետաքրքիր հատկանիշ կգտնի  ու չի նկատի՝ ինչպես վազեց ժամանակը:

Բակում դրված ճոճանակը սպասում է, թե երբ պիտի իրեն պատրաստողի թոռնիկը հյուր գա, որ իրեն մենակ չզգա ու միայն քամուց չօրորվի: Աշոտը մենակ է ապրում: Թվում է, թե տան դատարկությունը լցնում են փայտից պատրաստված իրերը: Եվ գուցե նրանց հետ երկար ժամանակ անցկացնելու պատճառով է, որ Աշոտը քեզ հետ զրուցելու փոխարեն ուղղակի կնստի իր պատշգամբում, կմիացնի ռադիոն, կվերցնի մի ծխախոտ ու կսկսի մտածել: Դու նրա հայացքից չես կարող անգամ կռահել՝ ի՞նչ է նա մտածում: Գուցե նոր գաղափար է ծնվել, կամ էլ սպասում է, թե ե՞րբ է վերջապես մնալու մենակ:

Ամեն դեպքում Աշոտի տուն պետք է գնալ ու պետք է զրուցել նրա հետ: Իսկ զրուցելիս հարկավոր է անկեղծ լինել, թե չէ կնկատեք, որ բակում մնացել եք մենակ կանգնած, ու ոչ ոք չկա, որ կասի՝ ինչու՞ է Աշոտը փայտի վրա մեծ տառերով գրել ՄԻ՛ ՍՏԻՐ:

Լուսինե Գուլյան

2-րդ կուրս

Կիսվել