Խաղաղապահների դերակատարությանը կարևոր է նաև վերադարձող մարդկանց աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից․ Սերգեյ...

Խաղաղապահների դերակատարությանը կարևոր է նաև վերադարձող մարդկանց աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից․ Սերգեյ Լավրով

414

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպում է ունեցել։
Նրանք քննարկել են Արցախի բնակիչների վերադարձը իրենց տներ։

«Արդեն հիմա նկատվում է Արցախի բնակիչների՝ իրենց տներ վերադառնալու բավական լավ դինամիկա։ Եվ փաստացի ռուսաստանցի խաղաղապահները գտնվում են բոլոր նախանշված վայրերում, նրանք արդեն ապահովում են անվտանգությունը։ Դա շատ կարևոր գործոն է, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը։ Բայց կան նաև հարցեր, որոնք լուծված չեն, բաց են մնում՝ հետագայում ինչպե՞ս ենք ապահովելու մի քանի շրջանների բնակիչների վերադարձի իրավունքի կիրառումը, ո՞վ է ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը, ինչպե՞ս է դա իրագործվելու։ Դրանք, իհարկե, հարցեր են, որոնք գտնվում են մեր օրակարգում։ Մենք պետք է քննարկենք եւ որոշումներ ընդունենք այդ կապակցությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Մեր պատվիրակությունը ժամանել է Երևան՝ Ձեր և նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ պայմանավորվածության շրջանակում, այն նպատակով, որպեսզի ամբողջական անդրադարձ արվի մեր համագործակցության, մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների բոլոր ուղղություններին։ Եվ, իհարկե, առաջին պլանում այն հարցերն են, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ խաղաղապահների դերակատարությանը կարևոր է ոչ միայն անվտանգության ապահովման, այլև վերադարձող և հումանիտար օժանդակության կարիք ունեցող մարդկանց աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից։

«Միջգերատեսչական կենտրոնը, որն արդեն սկսում է իր աշխատանքները, նույնպես կոնկրետ զբաղվելու է բոլոր այս հարցերով։ Մենք ակտիվորեն ներգրավում ենք ՄԱԿ-ի համակարգի միջազգային կազմակերպություններին, խրախուսում ենք նրանց, որպեսզի ավելի ակտիվ, ավելի նախաձեռնողական կերպով օգտագործեն իրենց հնարավորություններն այդ տարածաշրջանի բնակիչների համար»,-ասել է Սերգեյ Լավրովը:

Կիսվել