«Ստեղ էլ ա մերը, ստեղ էլ ա մեր հայը, բայց ես իմ...

«Ստեղ էլ ա մերը, ստեղ էլ ա մեր հայը, բայց ես իմ տունս եմ ուզում, իմ օթևանս եմ ուզում». արցախցիները վերադառնում են իրենց տուն

719

Նոյեմբերի 20-ին Սիսիանում կազմակերպվել էր Արցախ վերադառնալ ցանկացող քաղաքացիների մեկնումը։ Այս գործընթացը Սիսիանի համայնքապետարանը սկսել էր նոյեմբերի 18-ից և դեռ շարունակական կլինի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են վերադառնալ Արցախ։
Այս օրերին նրանք Սիսիանում ապահովված են եղել և՛ կացարանով, և՛ սնունդով, և՛ առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաներով։ Սիսիանի համայնքապետարանը, հյուրատներն ու հյուրանոցները, և տեղի բնակիչները հնարավորինս հոգացել են, որ մեր հայրենակիցները իրենց ապահով ու պաշտպանված զգան։
Հիմա նրանք վերադառնում են Արցախ, իրենց հետ տանում են միայն դրական հուշեր հյուրընկալ Սիսիանից։

9-ամյա Գուրգենը այն հարյուրավոր արցախցիներից մեկն է, ով սեպտեմբերի 27-ին՝ թշնամու կողմից սանձազերծված պատերազմի մեկնարկին, տեղահանվել և ապաստանել է Սիսիանում։ Ժպիտով ու մեծ ոգևորությամբ Գուրգենը մեզ պատմեց, թե ինչ է անելու Արցախ հասնելուն պես. «Առաջինը պապայիս եմ գրկելու, հետո գնալու եմ մեր գյուղի ամեն տեղերը ծանոթանամ։ Արդեն մտքիցս գցել եմ, ամեն տեղ մտքիցս գցել եմ. կգնան կծանոթանամ»։

75-ամյա արցախցի Մարուսյա Սարդարյանը ևս գոհ է տեղի մարդկանց հյուրընկալությունից, սակայն հուզված ու տուն հասնելու սպասումով ասում է. «Ստեղ հինչքան լավ պահեն, մատաղ ինիմ, մեր հողը, մեր տունը մեզ համար շատ լավ ա։ Ստեղ էլ ա մերը, ստեղ էլ ա մեր հայը, բայց ես իմ տունս եմ ուզում, իմ օթևանս եմ ուզում»։

Նրանք վերադառնում են իրենց կյանքը բնական հունով շարունակելու, իրենց տունն ու հարազատ Արցախը շենացնելու նպատակով։ Մեկնելուց առաջ արցախցիներին հանդիպելու եկավ նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, նա բոլորին բարի ճանապարհ, ոգու ամրություն ու խաղաղություն մաղթեց, որից հետո արցախցիները շնորհակալանքի խոսքեր ասեցին հավաքվածներին և մեծ ոգևորությամբ, արցունքոտ ժպիտները դեմքներին՝ շարժվեցին դեպի Արցախ։

Անահիտ Քարամյան
2-րդ կուրս

Կիսվել