Բերդի թաղամասերից մեկում փոքրիկ, երկհարկանի տուն մտնելիս դիմացդ 22-ամյա տղայի՝ եռագույնի մեջ փաթաթված նկարն է՝ կողքին կարմիր դիպլոմը, կարմիր վկայականը, ծաղկեփնջեր։ Տան անդամները ինքնաշեն փոքրիկ թանգարանի կողքով անցնելիս դանդաղում են, ախ քաշում ու նոր գնում։
«Փոքր տարիքում Սուրենը շատ աշխույժ ու ակտիվ էր։ Տանը համարյա չէր մնում։ Վերջին տարիներին արդեն հասուն, շատ լրջացած տղա էր։ Ինքը միշտ մի քայլ առաջ էր բոլորից։ Հիշում եմ՝ դպրոցական տարիներին դասարանի աղջիկները, լիքը շոկոլադ վերցրած, գալիս էին, որ Սուրենը օգներ, տնայինները գրեին։ Շատ քաղցրակեր էր ու քաղցրի դիմաց էր օգնում ընկերներին դասերը պատրաստել (ծիծաղում է)։ Թաղի բոլոր երեխաներին օգնում էր, բայցի ինձանից։ Ասում էր՝ եթե կարդաս, կկարողանաս գրել։ Բուհը կարմիր դիպլոմով ավարտեց։ Ես լինեի՝ բոլորին կասեի, կհայտարարեի այդ մասին, բայց ինքն իրեն այնպես էր պահում, կարծես զարմանալու ոչինչ չկար, այդպես էլ պիտի լիներ»,- պատմում է Սուրենի քույրը՝ Սվետան։
Հպարտությունն անծիր ու անծայր է, ճիշտ վշտի նման։ Այս անպարագիծ ու հակառակ բևեռներում գտնվող երկու զգացումները կողք կողքի ապրում են քրոջ սրտում։
«Սուրենս շատ-շատ էր քաղցր սիրում։ Բանակ գնալու նախորդող օրերին շատ էի տորթ թխում իր համար։ Սեպտեմբերի 29-ին 20-ամյակս էր լինելու, ես էլ շատ էի ուզում, որ նշենք։ Սուրենին ասացի, որ տորթ եմ ուզում պատվիրել, ինքն էլ պատասխանեց, թե մի լավ թխողի տեղ գիտի։ Մեկ էլ լսեմ՝ մեր տան հասցեն է ասում ու հավելում՝ թխողի անունը Սվետա է, էնքան էլ համով է սարքում»,- ժպտում է Սվետան:
Սուրեն Մելիքբեկյանը ծնվել է 1998 թ. հոկտեմբերի 18-ին Բերդ քաղաքում։ Չափազանց հոգատար, ուշադիր, պատվական տղա էր Սուրենը։ Ուզում էր, որ բոլորն իրեն ճանաչեն, բայց չէր սիրում իրեն ի ցույց դնել։ Իր գործով էր մարդկանց պատմում իր մասին։
Ինչից հարցնեիր՝ մաթեմատիկայից, քիմիայից, հայոց լեզվից, աշխարհագրությունից, ամեն ինչից գաղափար ուներ։ Համալսարանում նրան «մոզգ» էին ասում։ Դպրոցական տարիներին իր փոխարեն մայրն էր դասերը բարձրաձայն կարդում, բայց դա էլ հերիք էր, որ Սուրենը լավագույնը սերտեր այն։
«Սուրենս ամեն ինչ չէր ուտում։ Ճաշի մեջ թաքուն գլուխ սոխ էինք գցում, մի կապ կանաչի, այնքան, որ համ տար, ու հանում էինք, որ Սուրենն ուտեր։ Կաթ ընդհանրապես չէր սիրում, ճաշի մեջ կարտոֆիլը պիտի շատ փոքր լիներ։ Մայրիկի ու մորաքրոջս պատրաստած թզի մուրաբան էր շատ սիրում։ Միշտ ասում էր՝ ինձ հաց կարող եք չտալ, բայց շոկոլադս տեղը պահեք»,- պատմում է քույրը։
Սեղանին հիմա էլ այն ուտելիքներն են, որոնք Սուրենն էր սիրում՝ տեսակ-տեսակ շոկոլադներ, չրեր, թխվածքներ։ Թեժ վառարանի կողքին միայն մի բան է սառած՝ քրոջ սիրտը։
Տուն մտնելուն պես Սվետան միանգամից ցույց տվեց Սուրենի անթիվ-անհամար գովասանագրերը, պատվոգրերը, հավաստագրերը։ Դպրոցական տարիներին բոլոր միջոցառումների հաղորդավարը Սուրենն էր լինում։ Հագնում էր կոստյումը, կապում փողկապն ու բեմ բարձրանում.
«Լիքը ճուտիկներ ունեինք։ Սուրենն էր պահում։ Որ բանակ գնաց, ամեն օր զանգում ու հարցնում էր նրանցից։ Կռիվն սկսելուն պես բոլորը սատկեցին»,- խորը լռություն է իջնում սենյակում ու երկու ջերմացած հայացք շրջվում է դեպի Սուրենի նկարը։
Չէր սիրում ասածը երկրորդ անգամ կրկնել։ Սիրահարվում էր շատ ու հիասթափվում շուտ։ Ընկերուհիներ շատ է ունեցել, բայց այդ մասին երբեք չէր պատմում տան անդամներին. երևի ամաչում էր։
«Քանի օր էր՝ չէր զանգել։ Մտածում էինք՝ մի անտառում են, հեռախոս չկա, կապ չկա։ Շատ մարդկանց խառնեցինք, որ գտնենք եղբորս։ Հացի մեքենայի վարորդին գտանք, ասաց՝ պոստերում Սուրեն Մելիքբեկյան անունով մի տղա կա։ Էնքան ուրախացանք։ Մի քանի օր հետո պարզվեց՝ իմ Սուրենը չէր։ Ամեն օր նրան երազումս տեսնում էի։ Ասում էր՝ ես կամ, ողջ եմ։ Ու դա ինձ հույս էր տալիս։ Համացանցում մի վիրավոր տղայի նկար էինք տեսել, շատ էինք նմանեցրել Սուրենին։ Ես նեղվում էի, որ եղբորս վիրավորների, այլ ոչ թե առողջների մեջ ենք փնտրում։ Մի քանի օր անց էլ ասում էի՝ թող անոտք, անձեռք լինի, բայց գա։ 22 տարեկանում 100 տարվա կյանք ապրեց»,- պատմում է Սվետան ու թերթում եղբոր նկարները։
Որոշել էին՝ Սուրենը հենց գար բանակից, պետք է մեկներ Բելգիա՝ աշխատելու։ Վերջին անգամ տղայի հետ քույրն է խոսել՝ սեպտեմբերի 26-ին, պատերազմի նախօրեին։ Սուրենը երբեք ընտանիքի անդամներին նեղություն չէր տալիս։ Միայն ասում էր՝ «Կասս» լցրեք, որ գամ մեքենա գնեմ»։
«Մինչև հիմա էլ հեռախոսիս ուշադիր եմ լինում ու սպասում՝ ուր որ է պիտի զանգի։ Ծննդյանս օրն այդպես էլ չստացա ամենացանկալի զանգը։ Սուրենս անմահ է, հավերժ հիշելու ենք նրան։ Եղբորս անցած ուղին, թողած անունը ոչ ոք չի ունեցել։ Ա՜խ,Սուրեն ջան»,- լալիս է Սվետան։
Սուրենն արագ էր գրում, դրա համար էլ ձեռագիրը դժվարընթեռնելի էր։ Ուսուցիչն անգամ կատակում էր՝ «Որ բանակից սիրածդ աղջկան նամակ գրելիս լինես, կուղարկես ինձ, թարգմանեմ»։
«Շատ խիստ եղբայր էր։ Բանակ գնալու օրը անընդհատ ասում էր՝ քեզ խելոք կպահես։ Այդ օրը գնում-գալիս գրկում էր ինձ։ Ախր շատ էինք կապված իրար հետ։ Որ կռվում էինք, ու ես նեղանում էի, գալիս-ասում էր՝ լավ, դե արի մի հատ համբուրեմ, բարիշենք։ Դեռ տուն չմտած՝ մենք արդեն գիտեինք, որ Սուրենն է եկողը։ Քայլելիս ոտքերը շատ ուժեղ էր գետնին դնում (ժպտում է)»,- պատմում է Սվետան։
Քույրն ասում է, որ միշտ է հպարտացել Սուրենով, բայց զինվոր եղբայր ունենալն ուրիշ հպարտություն էր պարգևում աղջկան։ Սուրենը բանակ զորակոչվեց օգոստոսի 19-ին։ Ծառայեց շատ կարճ, բայց գոհ զինվորական կյանքից։
«Սուրենը դեռ փոքր էր, երբ ես հասկացա, որ նա այլևս իմ խորհուրդների կարիքը չունի: Հակառակը՝ այնքան խելացի, ծանրակշիռ էր, որ ես էի նրանից խորհուրդ հարցնում»,- պատմում է հայրը՝ Վարդանը։
Սուրենը նաև բանաստեղծություններ էր գրում։ Գրածները թաքուն էր պահում։ Սուրենի կոկիկ-հավաք դարակում, գրքերի արանքներից Սվետան միայն օրեր առաջ է գտել եղբոր բանաստեղծությունները.
«Հայ զինվորի սրտի խորքում
Իրեն յարի սերն է ապրում
Մտածելով նրա մասին՝
Սպանում է թուրք ասկյարին։
Աղջիկն անշեջ հրի նման
Բորբոքվում է նրա սիրուց,
Իսկ այդ պահին խիզախ տղան
Ծառայում է երկրին հայոց։
Սուրբ խորանի առջև ծնկած՝
Աղոթում է առ Աստված,
Նույն ժամանակ սիրած տղան
Կարոտում է աղջկան…»
Աննա Խաչատրյան
2-րդ կուրս