Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը մեկ ամսից ուժի մեջ կմտնի

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը մեկ ամսից ուժի մեջ կմտնի

1278

Մեկ ամսից՝ դեկտեմբերի 31-ից ուժի մեջ կմտնի կառավարության որոշումը, համաձայն որի՝ 6 ամիս ժամկետով արգելվելու է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Որոշման առիթը արցախյան նոր պատերազմն էր, որում Թուրքիան աջակցում էր Ադրբեջանին։

Թուրքական արտադրության տնտեսական ապրանքներ ներմուծող «Մորել» ընկերության տնօրեն Աշխեն Ավագյանը մտահոգ է այս որոշման պատճառով։ «Journalist.am»-ի հետ զրույցում նա հայտնեց, որ այս պահին ամբիցիաներով առաջնորդվելը ճիշտ չէ, պետությունն առաջին հերթին պետք է լուծի շուկայում առկա թուրքական ապրանքի իրացվելիությունը, հետո միայն մտածի՝ ներմուծի՞, թե՞ ոչ։ «Այս պահին մենք որպես տնտեսվարող ունենք լուրջ ապրանքային քանակություն և ամեն օր շուկայում գործող տարբեր խանութներից մեզ վերադարձ է գալիս։ Որպեսզի ես իմ գործընկերներին չնեղացնեմ, բնականաբար, անում եմ, բայց ո՞վ է մտածում ինձ չնեղացնելու մասին»,- ասաց տնօրենը և հավելեց, որ ինքը հարկ է վճարելու, շահութահարկ՝ բարտերով, բայց ինչպե՞ս՝ չգիտի։ Նրա խոսքով՝ մեր շուկայի ապրանքի 60%-ը թուրքական է, նույնիսկ այն կտորը, որից հագուստ են արտադրում և անունը դնում «Արտադրված է Հայաստանում», սակայն որտեղի՞ց մեզ այդ կտորը, չէ՞ որ մենք չունենք այն հյուսվածքաբանական գործարանները, որոնք նման որակի կտոր կարտադրեն։

Աշխեն Ավագյանը մեզ հայտնեց նաև, որ ընկերությունն այս պահին պարալիզացված վիճակում է թե՛ ներմուծման և թե՛ ապրանքաշրջանառության առումով։ «Ես հիմա այլընտրանք եմ փնտրում, բայց այս պատերազմական դրության մեջ ոչ մի ֆիրմա չի համագործակցի մեզ հետ, այն էլ՝ դրսից»,- ասաց տնօրենը։

Հարցին՝ եթե ընկերությունը միանգամից հրաժարվի թուրքական ապրանքներից, ինչպե՞ս դա կանդրադառնա ընկերության վրա, նա պատասխանեց, որ ուղղակի կփակվի։

Հայաստանի Վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2020 թվականի օգոստոս ամսվա տվյալներով՝ Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է  19843.0 հազ․ ԱՄՆ դոլար, իսկ ըստ արտահանող երկրի՝ 9034.4 հազ․ԱՄՆ դոլար։ Այդ նույն ժամանակահատվածում Հայաստանից Թուրքիա արտահանվել է 22․7 հազ․ ԱՄՆ դոլարի ապրանք։ Մինչդեռ 2019 թվականի օգոստոսին Թուրքիայից Հայաստան ներմուծումն ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է  23304.9 հազ․ ԱՄՆ դոլար, իսկ ըստ արտահանող երկրի՝ 13800.5 հազ․ԱՄՆ դոլար։ Այդ նույն ժամանակահատվածում Հայաստանից Թուրքիա արտահանվել է 15․0 հազ․ ԱՄՆ դոլարի ապրանք։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին տարիների ընթացքում Թուրքիայից ներկրվել է մոտ 270 մլն դոլարի ապրանք, դրանցից ամենատարածվածը՝ հագուստն է, շինանյութը, նարինջը, ավտոյուղերը և այլն։ Այս ապրանքները նաև տեղական արտադրությանն են այս կամ այն ձևով վնաս հասցնում։ Նրա խոսքով՝ թուրքական տեքստիլը մեծ վնաս է հասցնում մեր տեղական արտադրությանը և դրա բացասական հետևանքներն առկա են, դրա մասին բազմիցս խոսել են նաև մեր տեղական տեքստիլ արտադրողները։ «Մենք այս խնդրին պետք է անդրադառնայինք ուշ թե շուտ՝ հաշվի առնելով մեր և Թուրքիայի միջև քաղաքական խնդիրները, բայց, ցավոք, այս հարցը հետաձգում էինք և տնտեսական անվտանգության մարտահրավերի մասին հիշում միայն այն ժամանակ, երբ ի հայտ էին գալիս հայ-թուրքական, հայ-ադրբեջանական բախումներ»,- նկատեց Սուրեն Պարսյանը։ Տնտեսագետը ողջունում է թուրքական ապրանքների ներկրումից հրաժարվելու որոշումը. «Էկոնոմիկայի նախարարության առաջարկած ծրագիրն առաջին հերթին նպատակ ունի կրճատելու թուրքական այն ապրանքները, որոնք լայն սպառման համար են, իսկ հումքը, որ օգտագործվում է այստեղ տարբեր արտադրությունների մեջ, դեռ այդ մասով որոշում չի կայացվել, կարծում եմ հետագայում դրան էլ կանդրադառնանք»։

Մասնագետը նկատեց, որ պետությունը պետք է խթանի տեղական արտադրությունը, որոշակի միջոցներ ներառի տնտեսության մեջ, վարկային միջոցներ, դրամաշնորհներ, քանի որ բիզնեսմենը, որը, ենթադրենք, ցանկանում է տեքստիլ արտադրություն հիմնել, իր համար 6 ամիսը քիչ է, 6 ամիս հետո կարող է, օրինակ, Հայաստանը վերականգնել թուրքական ապրանքների ներկրումը, և ինքն ուղղակի էլ մրցունակ չի լինի։

«Մեր ապրանքը թուրքականի հետ չի կարողանում մրցակցել նաև այն պատճառով, որ վերջին 7 տարիների ընթացքում թուրքական լիրան մոտ 3 անգամ արժեզրկվել է, հետևաբար մենք պետք է անդրադառնանք ոչ միայն արտադրությանը, այլև դրամի փոխարժեքին»,- ասաց Սուրեն Պարսյանը։ Օրինակ՝ այն վերնաշապիկը, որն արժեր 10000 դրամ, թուրքական լիրայի արժեզրկման պայմաններում դարձել է 4000 դրամ, բնականաբար, դրա հաշվին մեր տեղական արտադրությունը կորցնում է իր մրցունակությունը Հայաստանի շուկայում։ Նրա խոսքով՝ սա տնտեսական բազմագործոն պրոցես է և պետք է բոլոր խնդիրներին անդրադառնանք, քանի որ հնարավոր են այլընտրանքներ, տեղական արտադրության բացակայության դեպքում՝ ապրանքների գների կտրուկ բարձրացում կամ, օրինակ, մաքսանենգություն։

«ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրվող ապրանքների դեպքում մաքսատուրքեր չկան, հետևաբար բավականին լավ հնարավորություններ կան։ Հայաստանն անցած տարի ԵԱՏՄ շրջանակներում ազատ առևտրի համաձայնագիր կնքեց Իրանի հետ, որի ապրանքները բավականին լավն են և մրցունակ»,- ասաց տնտեսագետը։ Թուրքական ապրանքներին, նրա կարծիքով, կարող են փոխարինել վիետնամական, չինական, հնդկական ապրանքները։

Ինչու պետությունը մինչ այժմ թուրքական ապրանքներից հրաժարվելու քայլեր չէր ձեռնարկել հարցին ի պատասխան՝ Սուրեն Պարսյանը մի քանի պատճառ է նշում՝ ամեն ինչ շուկային վստահելը, մաքսատուրքերը և ցածր գնով ապրանքները, որոնք ժողովրդին հասանելի են՝ հաշվի առնելով մեր ցածր կենսամակարդակը եւ վերջին 30 տարիներին ձևավորված փոխշահավետ բիզնես կապերը, որ մարդիկ չէին ուզում կտրել և անընդհատ զարգացնում էին։

Որպես խնդրի լուծում Սուրեն Պարսյանը առաջարկում է ըստ ապրանքների գտնել լուծումներ՝ հաշվի առնելով այն տնտեսական պայմանագրերը, որ Հայաստանն ունի Իրանի, Չինաստանի, Վիետնամի, Հնդկաստանի հետ։

Էկոնոմիկայի նախարարությունից մեզ հայտնեցին, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի 6-ամսյա ժամկետը կապված է Հայաստանի պարտավորությունների հետ։ «Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն ենք և, ըստ այդ ընթացակարգերի, այդպես է, իսկ ժամկետները մենք կարող ենք անընդհատ երկարաձգել»,- նշեց Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Անահիտ Խեչոյանը։

«Մենք ցուցաբերում ենք աջակցություն այն գործարարներին, որոնք մեզ դիմում են։ Մնացած աջակցության մեխանիզմները կհստակեցվեն ըստ գործարարների բողոքների և պահանջների և կհամադրվեն պետության հնարավորությունների հետ»,- ասաց Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ խորհրդատվական աջակցություն ստանալու համար նախարարություն դիմած գործարարների թիվը մեծ չէ։ Անդրադառնալով ֆինանսական աջակցության հարցին՝  Աննա Օհանյանը նշեց, որ այս պահին ֆինանսական աջակցության մշակված գործիք չկա, քանի որ իրենց գործընկեր մասնավոր ընկերություններից չեն ստացել նման առաջարկներ և պահանջներ։

«Այս պահի դրությամբ նախարարություն դիմել է թուրքական ապրանքների ներկրմամբ զբաղվող 2 ընկերություն՝ աջակցություն ստանալու համար. մեկի խնդիրը բանկային դաշտում է եղել և, մեր տեղեկություններով, խնդիրը կարգավորվել է բանկային խողովակներով, իսկ երկրորդինն ընթացակարգային էր. այս պահին դիմողներ չունենք»,- նշեց մամուլի քարտուղարը։

Հայաստանի արդյունահանողների և գործարարների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանն ասաց, որ հայ գործարարներն աշխատում են այլ երկրների հետ պայմանագրեր կնքել, օրինակ՝ Չինաստանից, Ռուսաստանից ապրանքներ ներմուծել։ «Մենք այն տեսակետին ենք, որ չպետք է խոչընդոտենք բերած ապրանքը իրացնելուն, որովհետև մարդիկ գումարներ են ներդրել և ապրանք բերել»,- նկատեց Էդուարդ Կիրակոսյանը։ Բազմաթիվ առևտրային ցանցեր դադարեցրել են ապրանքների սպառումը, սակայն, Կիրակոսյանի կարծիքով, եղածը պետք է սպառել, վերջացնել։

Ամեն դեպքում, գործարարները տուժելու են, սակայն «պետք է ամեն ինչ անել՝ այդ վնասները նվազագույնի հասցնելու համար»,- եզրափակեց միության տնօրենը։

Մերի Մաթևոսյան

3-րդ կուրս

Կիսվել