«ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ» ԳՅՈՒՂԻ ՋՐԻ ԽՆԴԻՐԸ

«ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ» ԳՅՈՒՂԻ ՋՐԻ ԽՆԴԻՐԸ

2736

Արարատի մարզի «Նոր Խարբերդ» համայնքի բնակիչները մարտ ամսից սկսած բողոքում են ջրի խնդրից: Բանն այն է, որ բնակիչները խմելու ջուր չունեն այդ ամիսներին: Պատահում է, որ օրերով ջուր չի գալիս, եթե գալիս էլ է, ապա մեկ ժամ, այն էլ շատ սակավ, որը առաջացնում է բնակիչների զայրույթը: Խնդրի մասին փորձեցինք զրուցել ջրմուղի աշխատակիցների և գյուղապետի հետ՝ փորձելով լսել նրանց պատասխաններն ու լուծումները:

«Երևան ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցները, ասացին, որ իրենք գրեթե համոզված են, որ խարբերդցիները գարնան և ամռան ամիսներին  օգտագործում են անօրինական ջրի գիծ, այդ իսկ պատճառով էլ այդ շրջանում, քանի որ սկսվում է հողամասերի աշխատանքները, և հողամասերը պետք է ոռոգվեն, նրանք օգտագործում են այդ  ջուրը, և  հենց այդտեղից էլ սկսում են խնդիրները:

Խոսելով բնակիչներից մի քանիսի՝ Զորիկ Զոհրաբյանի, Լուսինե Դավթյանի, Հայկ Ղազարյանի հետ, պարզեցինք, որ նրանք գնացել են «Երևան ջուր» ՓԲԸ և նրանց պատասխանել են, որ կփորձեն հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի խնդիրը կարգավորվի: Իսկ բնակիչ Նաիրա Խաչատրյանն ասաց, որ զանգել է «Երևան ջուր» ՓԲԸ ու նրան նույն պատասխանն են տվել.

«Ես ամեն օր զանգում, խնդրում, նույնիսկ պահանջում եմ, որ ջուր տան, որպեսզի կարողանանք լողանալ, ո՞վ է տեսել, որ մարդ ջուր չունենա, որ գոնե լողանա, ո՞ր դարում ենք ապրում: Երբ զանգում եմ, ինձ ասում են՝ Ձեր համարն ասեք՝ մենք կզանգահարենք: Ամեն առավոտ ու երեկո զանգում են ու հարցնում՝ ջուր ունե՞ք ,թե՞ ոչ, իսկ ես արդեն ամաչում եմ բացասական պատասխան տալ¦:

Իսկ Հայկ Ղազարյանն էլ ասաց, որ իրենք՝ հարևաններով, որոշել են գումար հավաքել և իրականացնել ջրամատակարարման աշխատանքերի մասնակի կատարում:

-Մենք գրեթե ամեն օր զանգահարում ենք 1-85 հեռախոսահամարով և մշտապես ստանում նույն պատասխանը: Ուստի, մտածեցինք, որ ավելի լավ է մենք կատարենք աշխատանքները և վերջապես ջուր ունենանք:

Փորձեցինք նաև լսել Նոր Խարբերդի գյուղապետ Կամո Կակոյանի բացատրությունը խնդրի վերաբերյալ: Ըստ Կամո Կակոյանի՝ ջուր չլինելու պատճառը ջրի սակավությունն է և, որ հատկապես ամռան ամիսներին գյուղացիներն ամեն օր նրան խնդրում են, որպեսզի լուծի այդ խնդիրը:

Ձմռան ամիսներին խնդիրը կարգավորվել է, բայց մարտից գյուղացինեերը կանգնեցին նույն խնդրի առաջ. ջուր չկա արդեն մի քանի օր: Բայց այս անգամ նրանք ավելի «մարտական» են տրամադրված և կպայքարեն մինչև վերջ՝ ջուր ունենալու համար:

 

Ջուլիետա Օհանյան

4-րդ կուրս

 

 

Կիսվել