Արցախյան գույներն ու շունչը Հայաստանում

Արցախյան գույներն ու շունչը Հայաստանում

806

Նոյեմբերի 20-ից «Դալմա-Գարդեն»  մոլում արցախյան շունչն է: Առևտրի  կենտրոնի առաջին հարկի մի անկյունում  արցախցի  կանայք են, ովքեր զբաղվում են ձեռագործ աշխատանքներով։ Մինչ պատերազմը՝  նրանք Արցախում իրենց ձեռքի աշխատանքներն են վաճառել ու հիմա, տեղափոխվելով Հայաստան, որոշել են այս օրերին  հայաստանցիներին ծանոթացնել Արցախի գույներին։

«Նախշ» աքսեսուարները պատրաստող Նախշուն Ավագյանը Ստեփանակերտից է. Երևանում է սեպտեմբերի 29-ից՝ իր երեք տղաների հետ: Ամուսինը Արցախում է, իսկ տիկին Նախշունը սպասում է, թե երբ է գալու իրենց հետևից: Իսկ մինչ այդ,   Նախշուն Ավագյանը կատարելագործում է ձեռագործ աշխատանքները: Ներկայացնելով «Նախշ» աքսեսուարները՝ նշեց. «Արցախում էլ էի զբաղվում այս գործով, բայց Երևանում հասցրեցի նոր բաներ սովորել: Փորձում եմ կատարելագործել աշխատանքներս, Արցախում այն զարգացնել և հնարավորինս առաջ տանել»:

Նախշուն Ավագյանը կողմ է հայկական արտադրանքին. «Ես գտնում եմ, որ հայությունը պետք է փորձի հնարավորինս ինքը արտադրի, քանի որ հայը, մենք բոլորս գիտենք, որ ոսկի ձեռքեր ունի: Պետք է հնարավորինս դրսի բերածները քչացնենք, փորձենք արտադրել հայկականը, փորձենք ինքներս կատարելագործվել և որակով ապրանք ներկայացնել, որպեսզի հաճախորդը նունյպես գոհ լինի»:

Ձեռագործ աշխատանքներ է ներկայացնում նաև արցախցի Մերին: Նա պատրաստում է բրոշներ և ականջօղեր:

«Միտքը առաջացավ փետրվարին, երբ արձակուրդներ էր: Ես որոշեցի, որ նկարչական հմտություններս փոխանցեմ ոչ թե թղթին, այլ փայտին, և ստացա այս յուրահատուկ զարդերը»:


Ծնողների և ընկերների խորհրդով աշխատանքները տեղադրել է սոցկայքերում: Հաջողությունը չի ուշացել, իսկ դրական խոսքերը էլ ավելի են ոգևորել:

Մերին ասաց, որ բոլոր աշխատանքները փայտից են, իսկ պատկերները հատուկ ներկերով է ստացել:
«Սկզբում բրոշները պատրաստում էի որպես կերպարներ, սակայն ընդլայնելով տեսականին՝ որոշեցի փոխել ոճը և դարձնել ավելի դասական, որպեսզի հանրությանը ավելի հարմար լինի»:

Բացի ցուցահանդես-վաճառքից՝ Մերին օնլայն պատվերներ էլ է ընդունում: Արցախյան շնչով պատրաստված բրոշների և ականջողերի վաճառքից հավաքված գումարի մի մասը նա փոխանցում է համահայկական, իսկ մյուս մասը՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

Տոնավաճառը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 5-ը:

Ռոզա Խաչատրյան
2-րդ կուրս

Կիսվել