«Այսօր ավելի շատ վերնագրային լրագրություն է, քան՝ բովանդակային». Վարդուհի Պետրոսյան

«Այսօր ավելի շատ վերնագրային լրագրություն է, քան՝ բովանդակային». Վարդուհի Պետրոսյան

1490

Զրուցել եմ Երևանի Պետական Համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, դոցենտ Վարդուհի Պետրոսյանի հետ։

Տիկին Պետրոսյան, Ձեր մասնագիտությունը առանչվում է և՛ լրագրության, և՛ իրավաբանության հետ։ Դժվարությունների հանդիպե՞լ եք երկու ոլորտներում մասնագիտանալու ճանապարհին:

-Միակ դժվարությունը եղել է տեխնոլոգիական հնարավորությունների պակասը: Ոչ միայն ես, այլ նաև իմ սերնդակիցներից շատերը չունեին այն, ինչ այսօրվա ուսանողությունը, սակայն պրպտելու ձգտումը, օտարալեզու գրականության ինքնուրույն ուսումնասիրությունը օգնեցին ստացած գիտելիքներս դարձնելու ավելի հիմնավոր եւ մնայուն՝ ինքնաճանաչման յուրօրինակ ուղի հարթելով։

-Ի՞նչն է առաջնային իրավական ոլորտը լուսաբանող լրագրողի համար:

-Լրագրության համար առհասարակ առաջնային կարևորություն ունի լսարանի հետ ազնիվ լինելը՝ օբյեկտիվ, բազմակողմանի, որակյալ մեդիաբովանդակություն ստեղծելով։ Իրավական թեմաներ լուսաբանող լրագրողի համար այս ամենին զուգահեռ կարևոր է բավարար իրավական գիտելիքը, զսպվածությունը, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ։

-Ոլորտում պրոֆեսիոնալ դառնալու Ձեր բանաձևը ո˚րն է եղել:

-Լինել ազնիվ մարդկային շփումներում, պատասխանատու՝ արածդ աշխատանքի նկատմամբ, միշտ սովորելու եւ նորը բացահայտելու ձգտմամբ։

-Հաճախ բողոքում են, որ լրատվական դաշտում որակի խնդիր կա: Ի՞նչ կասեք այս մասին:

-Համամիտ եմ, այսօր ավելի շատ վերնագրային լրագրություն է, քան՝ բովանդակային, որակյալ հրապարակումների պակաս կա։ Վերլուծականների պակասն ու անորակ նյութերը շատ են։

-Ձեզ համար ո՞րն է մարդու կարևորագույն իրավունքը։

-Կյանքի իրավունքը, որն անօտարելի իրավունք է։

-Ինչպիսի՞նն եք պատկերացնում մեր երկրի իրավական ապագան:

-Հարցի հետ կապված ցանկությունս ընդհանրական է՝ ունենալ իսկապես կայուն իրավական պետություն։

Սոնա Շիրինյան

2-րդ կուրս

Կիսվել