Արտակարգ դրության հենց սկզբից գրադարանների աշխատանքը նույնպես տեղափոխվել էր առցանց տիրույթ։
Հայաստանի Ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի աշխատակիցները համավարակի ընթացքում հասանելի են եղել օնլայն հարթակում` պատասխանել են ընթերցողների հարցերին, ուղղորդել առցանց որոնումներում և օգնել են կողմնորոշվել գիրք ընտրելիս։ Ընթերցողի հետ անմիջական կապ են պահպանվել ազգային գրադարանի և գրատպության թանգարանի ֆեյսբուքյան էջերով, որոնցով պարբերաբար կազմակերպվել են առցանց միջոցառումներ, տոնել մշակութային- հասարակական գործիչների հոբելյաններ ու հիշատակի օրեր։ Գրքային պաշարների թվայնացման շնորհիվ ազգային գրադարանը ընդլայնել էր իր սպասարկման շրջանակը։ Գրադարանի նորարարություններից էր գրքերի օնլայն պատվերների համակարգը, որով այսօր արդեն 200 ընթերցող տանից է գիրք պատվիրում։ Առցանց պատվերներ անելու համար էլ ընդամենը անհրաժեշտ է համահավաք- գրացուցակում անձնական էջ ստեղծել։ Գրադարանի բաժնույթների ենթաբաժնի ընթերցողների համար էլ արդեն հասանելի են հայկական ամենամեծ և առաջատար թվային գրադարանի` VLUME-ի պաշարները` բազմաթիվ էլեկտրոնային գրքեր և մեծածավալ ձայնագրություններ։ Գործարկվել է նաև թվային գրադարանի կայքը։
Օնլայն հարթակում ակտիվ կրթադաստիարակչական գործունեություն է ծավալել Խնկո- Ապոր անվան ազգային մանկական գրադարանը։ Համավարակի ընթացքում գրադարանն իր ֆեյսբուքյան հաշվում գործարկել էր «Գրադարանը քո տանը նոր ծրագրով» հեշթեգը, որը փոքրիկ ընթերցողներին առաջարկում էր կարանտինն անցկացնել գրադարանի հետ ակտիվ շփման միջոցով։ Գրադարանն իր էջում ներկայացնում էր տարբեր խորագրեր, որոնց ներքո կիսվում էր տեղեկատվական- ուսուցողական հոլովակներով, տիկնիկային ներկայացումներով, մուլտֆիլմերով։ Երեխաներին առաջարկվում էր նաև լուծել տարբեր նկարելուկներ, խաղ- գտնելուկներ ու քուիզներ։ «Գիտություն և տեխնիկա», «Սովորում ենք լեզուներ», «Գիտադարան», «Մի մեծ հայտնագործություն» և ուրիշ շատ խորագրերով գրադարանը փոքրիկ հետևորդներին կրթելու առցանց գործիքներ էր մշակել։ Ֆեյսբուքյան հարթակում առաջարկվում էր որևէ կոնկրետ գիրք, որը պետք էր ընթերցել ու այնուհետև մասնակցել գրքի առցանց քննարկումներին։ Գրադարանն ուներ նաև հեքիաթի ժամ, որի շրջանակում հեքիաթասացները տեսակապով ամեն անգամ մի նոր ստեղծագործություն էին ընթերցում երեխաների համար։
Առցանց գործունեությունից անմասն չի մնացել նաև Իսահակյանի գրադարանը։ Այն իր ֆեյսբուքյան լսարանի հետ պարբերաբար կիսվում էր հայտնի հեղինակների, մշակութային ու հասարակական գործիչների կյանքի դրվագներով, ներկայացնում հայ գրողների ստեղծագործություններն ու նրանց թողած ավանդը։ Գրադարանի աշխատակիցներն էլ հաճախ հանդես էին գալիս պոեզիայի և ընթերցանության ժամերով։
Արտակարգ դրությունը պահպանվում է, և թեև գրադարաններն այսօր բացել են իրենց դռները, սակայն աշխատում են միայն հակահամաճարակային բոլոր միջոցառումների գործադրմամբ։ Այցելուները մուտքերի մոտ պարտադիր ջերմաչափվում են և նոր միայն գիրք հանձնում կամ վերցնում։ Աշխատակիցներն այնուհետև գրքերն ախտահանում են և ապա նոր դասավորում գրադարակներին` հաճախ նույնիսկ մեկ օր պահում են դրանք՝ նախքան այլ ընթերցողի տրամադրելը։ Ռիսկային գոտում գտնվող աշխատողների գործունեությունն այս շրջանում հնարավորինս կազմակերպվում է տանից կամ էլ շատ խիստ կերպով պահպանվում են վարակի տարածման դեմ ուղղված բոլոր առողջապահական կանոնները։
Լիլիթ Հովսեփյան
4-րդ կուրս