ԿԱՆԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՝ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

ԿԱՆԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՝ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

1658

Ձեռագործ աշխատանքներ, պայուսակներ պատրաստված տարբեր նախշերից ու կտորներից, տարազ կրող տիկնիկներ, զարդեր արծաթից ու բնական քարերից` պատրաստված հայկական ոգով ու Հայաստանի տարբեր գավառների ոճով, գոբելեններ, տետրեր փայտային կազմով ու հայերեն փորագրությամբ ու նաև ավանդական հալեպյան ոճով քաղցրավենիք ու ընդեղեն, համեղ ու օգտակար մուրաբաներ, բուժիչ թեյեր ու յուղեր… ահա այն ամենը ինչ պատրաստել էին շատ կանայք ու աղջիկներ ապրիլի 8-ին Էլիտ Պլազա Կենտրոնի սրահում կայաացած ցուցահանդեսին ներկայանալու համար:

Բարեգործական ցուցահանդես-վաճառքի նախաձեռնողն էր մեր քաղաքում նաև շատ այլ բարեգործական միջոցառումներ ու ցուցահանդեսներ կազմակերպող՝ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական  կազմակերպությունը: Նշենք որ այս բարեգործական ցուցահանդեսից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Վանաձորի մանկատանը և սահմանամերձ գյուղերում ապրող  կանանց բարեկեցությանը նպաստելու համար:

Ինչպես նշեց կազմակերպության նախագահ Լիլիթ Ասատրյանը, արդեն յոթերորդ տարին է, որ կազմակերպվում է նմանատիպ տոնավաճառներ`  այդպիսով  օգնելով ու աջակցելով կանանց, պաշտպանելով նրանց իրավունքները և խթանելով կանանց դերի բարձրացմանը ՀՀ հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակույթային, բիզնեսի և այլ ոլորտներում:

Կազմակերպությունը հիմնադրվել է 2004թ. և նպատակ ունի խթանել և զարգացնել կանանց ձեռներեցությունը և ինքնազբաղվածությունը, խրախուսել կանանց համար աշխատատեղերի ստեղծումը, զարգացնել կանանց մասնագիտական և աշխատանքային կարողությունները, կանանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը՝ իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, աջակցել կանանց և աղջիկների առողջության  պահպանմանը, խթանել նրանց ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման գործում, ձևավորել հաղորդակցության հարթակներ, նպաստել ազգային արժեքների պահպանմանը: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում ՀՀ-ի ողջ տարածքում և ստեղծման օրվանից ի վեր իրականացրել է 100-ից ավելի ծրագրեր: Նմանատիպ կառույցների կազմակերպած միջոցառումների շնորհիվ երկուստեք հաջողություն են ունենում կանայք, ստեղծելով ամուր համագործակցություն կանանց միջև և պահպանելով ավանդականն ու հայկականը:

Ջեմմա Հովսեփյան

5-րդ կուրս

Կիսվել