«Զենքի պատերազմի կողքին գիտելիքի պատերազմն է». դպրոցի դռները նորից բացվում են

«Զենքի պատերազմի կողքին գիտելիքի պատերազմն է». դպրոցի դռները նորից բացվում են

595

Դեկտեմբերի 7-ից 20-օրյա ժամկետով դպրոցական ուսուցումն անցնում է օֆֆլայն ռեժիմի։ Սա նշանակում է, որ աշակերտներն ամեն օր հնարավորություն են ստանում նորից գնալ դպրոց և կենդանի շփման միջոցով անմիջական մասնակցություն ունենալ դասապրոցեսին։  Մենք զրուցեցինք Սոս Հովսեփյանի անվան համար 115 ավագ դպրոցի ուսուցչուհի Աստղիկ Գալստյանի հետ, ով երկու դասարանների դասղեկ է և 34 տարի է, ինչ դպրոցում դասավանդում է «Հայոց պատմություն» առարկան. 

«Կորոնավիրուսի նման համամարդկային աղետները դանդաղեցնում են ուսուցման ընթացքը։ Մեզ հարկավոր է զարգացնել կրթությունը, որպեսզի կարողանանք դիմակայել սպասվող բոլոր փոփոխություններին և մարտահրավերներին¦,- ասում է նա և ցավով ավելացնում, որ արդեն տևական ժամանակ է, որ կրթական կյանքն անցել էր օնլայն հարթակ,  և դասընթացների մեծ մասը անցնում էին էկրանների առջև։ 

Ուսուցչուհին նկատում է, որ ցանկացած փոփոխություն կարող է լինել հակասական, որովհետև հասարակությունն ինքն էլ հակասական է, սակայն կարծում է, որ անցումը օնլայն կյանքին մեզ ստիպում է վերաիմաստավորել կրթությունը։

«Օնլայն ուսուցումը ցույց տվեց, որ կրթության մեջ կան որոշակի հիմնախնդիրներ, որոնցից մեկը հենց տեխնոլոգիապես անապահովվածությունն է։ Դպրոցը չի կարող այդքան աշակերտի ապահովի համակարգիչներով»,-ասում է տիկին Գալստյանը, բայց նաև պնդում, որ ինքն անձամբ դրական է մոտենում ցանկացած փոփոխության։

«Ծրագրից օգտվել սովորել  եմ մեր դպրոցի «Ինֆորմատիկա»-ի ուսուցչից»,- ժպտում է՝ հավելելով, որ  երբ միանում էր ծրագրին, աշակերտներին անպայման հիշեցնում էր, որ նոր է սովորում. «Ասում էի՝ դուք ինձ եք սովորեցնում, ես՝ ձեզ։ Փորձում էի աշխուժացնել և հնարավորինս կենդանի դասապրոցես ապահովել»,- անկեղծանում է ուսուցչուհին։

Տիկին Գալստյանին տխրեցնում էին դատարկ դասարանները, ասում է, որ դպրոցը ոչ թե այս շինությունն է, այլ աշակերտները, քանի որ շունչն ու խելացի մթնոլորտը իրենք են բերում։ Շուրջն ամեն ինչ մաքուր է, գեղեցիկ, անհամբեր սպասում են աշակերտների գալուն, ասում է, որ թեև ձայներից հստակ ճանաչում էր, թե ովքեր են խոսում օնլայն դասերի ժամանակ, սակայն դասարաններում անցկացվող դասերը, անմիջական շփումը է՛լ ավելի կենդանի էին դարձնում դասաժամերը.

«Կենդանի շփման ժամանակ հնարավոր է լինում անել այնպես, որ յուրաքանչյուր աշակերտ իրեն ներգրավված և կարևորված զգա»,-շարունակում է ուսուցչուհին և պնում է, որ չի կորցնելու զգոնությունը։ Նա միաժամանակ երկու դասարանների դասղեկ է։ Մեր հարցին, թե ինչպե՞ս է վերահսկելու երկու դասարան, որպեսզի պահվեն հիգիենիկ անվտանգության բոլոր կանոնները, նա պատասխանեց.

«Ես այնպես եմ կազմակերպել, որ դասասենյակները լինեն կողք կողքի, և վերահսկողությունը լինի ամբողջովին կառավարելի։ Ես ինքս կարգավորում և վերահսկում եմ հենց աշակերտների միջոցով»,- ասում է դասղեկը և ժպիտով հավելում, որ  ինքնավերահսկողությունն ամենալավ տարբերակն է։ Նա իր աշակերտներին վերաբերվում է, ոչ թե որպես երեխաների, այլ որպես հասուն մարդկանց, դրա համար էլ նրանք պատասխանատվությամբ են մոտենում առաջադրված պայմաններին։

Ուսուցչուհին ցանկություն հայտնեց խոսելու նաև պատերազմական իրականությունից հետո աշակերտների տրամադրվածության մասին։ Ասում է, որ բոլորն անտրամադիր էին, տխուր, հուսալքված, քանի որ ոչ ոք չէր սպասում նման վերջաբանի, սակայն ինքը փորձեց այս  ընթացքում հնարավորինս ըմբռնումով մոտենալ ցանկացած հարցի։ Նշում է, որ, որպես պատմության ուսուցչուհի, փորձում է յուրովի մեկնաբանել կատարվածը.

«Սա մեր սխալի արդյունքն էր, պետք չէր թերագնահատել թշնամուն։ Առաջին հերթին երեխաներին ասում եմ, որ մեր ապագան են, և իրենց վրա հիմա կրկնակի պատասխանատվություն է»,-ասում է նա։

Ահա այսպես է ամփոփում իր միտքը 34 տարի «Պատմություն» առարկան դասավանդող ուսուցչուհի Աստղիկ Գալստյանը։ Նա վստահ է, որ ամեն բան դեռ լավ է լինելու. «Պատերազմի կողքին գիտելիքի պատերազմն է։ Ամեն ժամին փորձում եմ համեմատություն գտնել նախկին իրադարձությունների և ներկայումս կատարված  իրադարձությունների հետ։ Փորձում ենք անընդհատ վերլուծել և նոր մտքեր զարգացնել»։

Ամալյա Փաշինյան

2-րդ կուրս

Կիսվել