Արցախի դեմ սանձազերծված պատերազմին Ադրբեջանի կողմից մասնակցած սիրիացի վարձկանները հեղինակավոր BBC լրատվամիջոցին պատմել են, թե ինչպես են օգտագործվել, որպես «թնդանոթի միս»։ «Արմենպրեսի» հայտնելով՝ վարձկանները նշել են, որ իրենց գումար են առաջարկել առաջնագծում կռվելու համար:
«Մեզ ասացին, որ մեր առաքելությունն է լինելու, որպես ժամապահ լինել Ադրբեջանի սահմանին: Այդ աշխատանքի համար մեզ առաջարկեցին ամսական 2 հազար դոլար: Համաձայնեցինք, սակայն, երբ ժամանեցինք Ադրբեջան, հաջորդ օրը մեզ միանգամից տեղափոխեցին առաջնագիծ»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել է սիրիացի վարձկանը:
Նրա խոսքով` առաջնագծում եղել են մոտ 30 հոգով, երբ 50 մետր քայլելուց հետո իրենց կողքին հրթիռ է ընկել:
«Անդադար կրակահերթը տևեց մոտ 30 րոպե: Այդ րոպեները դար էին թվում: Այդ ժամանակ ես փոշմանեցի, որ եկել եմ Ադրբեջան»,- ասել է նա:
Լրագրողի հետ զրույցում վարձկանները նշել են, որ մահն ամենուր էր և իրենք օգտագործվում էին, որպես «թնդանոթի միս», իսկ ապրելու հավանականությունն ընդամենը 1% էր: