Սոչիի ծովափերից մեկում գրեթե ամեն օր տեղացիները և զբոսաշրջիկները ականատես են լինում տարօրինակ և միաժամանակ գեղեցիկ երևույթի. հայազգի երիտասարդ Գրիգոր Ասատրյանը, իրար վրա քարեր շարելով, տարբեր գլուխգործոցներ է ստանում, թեև առաջին հայացքից կարող է թվալ, որ տվյալ քարերը պարզապես չեն կարող իրար վրա կանգնել։ Քարերը ոչ մի բանով իրար ամրացված չեն, ուղղակի «վերցրել է մեկ քարը և դրել է մյուսի վրա»։ Տեղացիներն այդ գլուխգործոցներն անվանում են «Սոչիի Սթոունհենջ»։
Գրիգորն ըմբշամարտիկ է։ Ըմբշամարտով զբաղվում է 9 տարեկանից։ Մանկուց բազում մրցույթների է մասնակցել և հաղթանակներ գրանցել։ Ռուսաստան տեղափոխվելուց հետո էլ չի թողել իր սիրելի մարզաձևը. մինչև հիմա մարզվում է։ Մարզումներից ազատ ժամանակ էլ գնում է ծովափ և սկսում ստեղծագործել։
Քարերով տարբեր կառույցներ պատրաստելը սկսել է 2016 թվականին՝ բանակ գնալուց առաջ։ Ասում է` մտահղացումը շատ պատահական է ծնվել. «Ես սկզբից փորձեցի փոքրիկ բուրգ կառուցել, ուղղակի իմանալու համար` կարող եմ, թե չէ։ Պարզվեց՝ կարող եմ։ Հետո, երբ բանակից վերադարձա, որոշեցի կրկին փորձել։ Բայց այս անգամ որոշեցի աշխատել ոչ միայն բարձրության, այլ նաև գեղեցկության ուղղությամբ, և առաջին անգամից դա ինձ մոտ ստացվեց»։
Հարցին, թե ինչու է զբաղվում քարեր շարելով, Գրիգորը պատասխանում է կարճ` ուղղակի հոբբի է։
Ասում է, որ երբեք խորությամբ ֆիզիկայով չի զբաղվել, իսկ հավասարակշռությունն ուղղակի ձեռքերով է զգում. «Ոչ մի գիրք չեմ կարդացել, ոչ մի նյութ չեմ ուսումնասիրել, բառերով չեմ կարող բացատրել, թե ինչպես եմ այս ամենն անում, ուղղակի պետք է զգալ հավասարակշռությունը, և վերջ»։
Ամանորին, երբ վերադառնում է հայրենիք, ծովափի պակասությունը չի զգում. հավասարակշռում է ձեռքի տակ եղած իրերով` շշերով, հեռուսատացույցով, աթոռով և նույնիսկ լվացքի մեքենայով և բազկաթոռով։
Վաղինակ Ասատրյան
2-րդ կուրս