Արշավները Հայաստանում վերսկսվել են. նոր սահմանները վնասել են նաև լեռնագնացությանը

Արշավները Հայաստանում վերսկսվել են. նոր սահմանները վնասել են նաև լեռնագնացությանը

941

Վարդենիսի լեռներից` Սանդուտասարը, Սյունիքի բարձրավանդակից`Ծղուկի լեռները, Արևելյան Սևանի Փոքր Ծարասարը և  շատ այլ լեռնագագաթներ այսօր դարձել են սահմանային, որը սահմանափակում է  լեռնագնացությունները այդ ուղություններով:

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Հայաստանի գրեթե բոլոր արշավախմբերը սկսել են իրենց  արշավները երկրի տարբեր ուղություններով: Այս առիթով ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և եղանակային փոփոխությունները, հորդորել է արշավները և վերելքները կազմակերպելուց առաջ կապ հաստատել ֆեդերացիայի կամ ՀՀ ԱԻՆ-ի հետ՝ սահմանային հարցերի վերաբերյալ հստակեցումների և եղանակային փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար։

Զրուցելով ֆեդերացիայի փոխնախագահ և իրավաբան Նարինե Ճաղարյանի հետ` պարզեցինք, որ սահմանային են դարձել  Արևելյան Սևանի լեռների առավել հայտնի գագաթներից Փոքր Ծարասարը, Վարդենիսի լեռներից Սանդուխտասար լեռը։ Սահմանային դարձան  նաև վերջին շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրած Սյունիքի բարձրավանդակից  Ծղուկը, Թրասարը և մի շարք այլ լեռներ։

Խոսելով Արցախի լեռնային զբոսաշրջության կորուստների մասին` Նարինեն նշեց. ‹‹Արցախում արշավականները հաճախ վերելքներ էին իրականացնում Մեծ Քիրս և Դիզափայտ լեռներ, որոնք կարծես թե անհասանելի կլինեն վերելքների համար։ Սկսել էին հետաքրքրություն ներկայացնել նաև Կուսանաց և Ծռասար լեռները: Այսօր

Արցախի նոր ուղությունների մասին դեռ վաղ է կարծիք հայտնել, քանի որ մինչ օրս ավարտված չեն սահմանների ճշգրտման և ականների վնասազերծման աշխատանքները››:

 Արցախի լեռնաշղթա.Կուսանաց լեռ (2832 մ.)
Արցախի լեռնաշղթա.Մեծ Քիրս (2724մ.)

Հաշվի առնելով բոլոր ռիսկերը` պատերազմի ընթացքում և  այսօր    Lost in Armenia արշավային խումբը նույնպես  չի կազմակերպում  արշավներ այն ուղություններով,  որոնց կարգավիճակը դեռ վերջնական հստակեցված չէ: Սակայն խումբը արդեն սկսել է իր լեռնագնացությունները:

 Խմբի ղեկավար Ռաֆայել Խուդոյանը պատմեց հետպատերազմական առաջին արշավի մասին: Դեկտեմբերի 4-ին արշավի ուղությունը դեպի Գութանասար  էր (Կոտայքի մարզ, հարաբերական բարձրությունը 300 մետրից մի փոքր ավել):

‹‹Հաշվի առնելով երկարատև դադարը,  հասկացա,  որ պետք է ընտրել ավելի հեշտ հաղթահարելի լեռ, որպեսզի խմբի անդամները նորից վերականգնեն ‹‹մարտական››  ուժերը››.նշեց Ռաֆայելը:

 Մասնակիցների մոտ տրամադրության անկում  իհարկե նկատվում էր, ինչը ոչ սովորական էր իրենց խմբի  համար, սակայն բոլորը հույսով լի էին, որ ամեն ինչ լավ է լինելու:

Իսկ թե ինչու արժե հետպատերազմյան շրջանում զբաղվել լեռնագնացությամբ, Ռաֆայելը բացատրեց, որ լեռնագնացությունը և քայլարշավները սթրեսային իրավիճակից դուրս գալու ամենալավ միջոցներից  են,  քանի որ  շուրջը  միայն  բնության ներդաշնակությունն է: Հեշտ  է բաց թողնել բացասականէներգիան և լիցքաթափվել, ինչը  բոլորին է պետք այս օրերին:

Լուսանկարներ Գութանասարից

Լուսանկարները` Lost in Armenia արշավային խմբից

Լիանա Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել