Կյանքը պատերազմից հետո. ինչպես հաղթահարել հետպատերազմյան սթրեսները

Կյանքը պատերազմից հետո. ինչպես հաղթահարել հետպատերազմյան սթրեսները

1053

Պատերազմական դրության մեջ և դրանից բխող սթրեսային իրավիճակում  կարևոր է պահպանել հավասարակշռությունը: Կարելի է  զբաղվել սիրելի կամ օգտակար գործով. «Պահպանեք լավատեսությունը, կրճատեք լուրերի հոսքը, որոնք կարող են ազդել և ավելի մեծացնել սթրեսի հավանականությունը, զբոսնեք, որևէ հետաքրքիր ու բովանդակալից նյութ ընթերցեք, որը ձեզ կտեղափոխի մի ուրիշ աշխարհ»,-ասում է հոգեբան Քնարիկ Ղազարյանը:

Հատկապես երեխաներին պետք է իրավիճակը  ճիշտ ու հասկանալի ներկայացնել: Տարիքին համապատասխան բառերով բացատրել իրավիճակը: Օրինակ, եթե երեխան ծնող է կորցրել, երբեք պետք է չստել՝ ասելով, որ հայրը կամ հարազատ մարդը երկրից հեռու է գնացել կամ շուտով կգա. «Սրանով երեխայի մոտ ձևավորում ենք սպասում, հետո ամբողջ կյանքում երեխան սպասում է: Արդեն մեծ տարիքում չի արդարանում սպասելիքը, դրանից հետո էլ առաջ է գալիս անվստահություն շրջապատի հանդեպ. սթրես ու խաբված լինելու զգացում»,-բացատրում է հոգեբանը:

Մասնագետը խորհուրդ է տալիս հաճախ նկարներ նայել, վերապրել այն դրական պահերը, որը տվայլ անձի հետ շփումից ենք ստացել:

Նրա խոսքով՝  այն մարդիկ, ովքեր իրենց հարազատին են կորցրել, նրանց հետ ավելի զգույշ է պետք խոսել: Օրինակ՝ ասել, որ շնորհակալ ենք, գնահատում ու երախտապարտ ենք նրա հերոսական քայլի համար: «Հերոսի կոչումը» ամրապնդում է, պարտավորեցնում է հարազատին, որ իր զավակը, իր հայրը հերոսը է. հարազատին դարձնում է ավելի ուժեղ, հպարտ. «Սակայն չպետք է լինի խղճահարություն, այլ հարգանք, մեծարում, որ հերոս է եղել: Խոսել իր սխրանքների, հերոսական գործերի մասին, պատմել ինչպիսին էր պատերազմում, զինակից ընկերների շրջապատում»,- ասում է Քնարիկ Ղազարյանը:

Նման դեպքերում անձին պետք է թույլ տալ, որ լաց լինի: Դրանով սթրեսային իրավիճակը կմեղմվի, մարդը կհանգստանա, դուրս կգան բացասական էմոցիաները: Օրինակ, եթե արգելենք լացել, մարդը կփակվի իր մեջ, որը հետագայում կարող է լուրջ խնդիրներ առաջ բերել, անգամ կարող են հիվանդություններ առաջանալ:

Պետք է փորձենք մտնել տվյալ անձի հոգեվիճակի մեջ, թույլ տանք, որ խոսի, լսենք իրեն. «Ես քեզ հասկանում եմ», «Այո′, իհարկե, դժվար է այս իրավիճակում», «Ինձ հետ էլ է պատահել», «Մենք ել ենք կորցրել», «Ցավում եմ, որ այդպես է եղել, բայց պարտավոր ենք ապրել ու շարունակել իրենց կիսատ թողած գործը», նման խոսքերով մենք հասկանում ենք դիմացինին. «Այս իրավիճակում տվյալ անձին պետք է ցույց տալ, որ  ոչ միայն ինքն է կորցրել հարազատ, այլև իր զրուցակիցը, այսինքն՝ նա մենակ չէ»,-պատմում է հոգեբանը:

Եթե տվյալ անձն ինքնուրույն չի կարողանում դուրս գալ այդ վիճակից, անհրաժեշտություն կա դիմել հոգեբանի. զրույցով բացասական հույզերը հանել՝ օգնելով դուրս գալ սթրեսից: Իհարկե, հոգեբանը կարող է օգնել, բայց թե ինչքանով կստացվի, կախված է տվյալ անձի հոգեվիճակից. «Անհրաժեշտ է գտնել այնպիսի մոտիվացնող գործողություն, երազանք, որը կօգնի, որ տվյալ անձը սկսի նորից ապրել, ստեղծագործել»,- բացատրում է Քնարիկ Ղազարյանը:

Երբ անձը գտնվում է անհավասարակշիռ վիճակում, կարևոր է հարազատ մարդկանց աջակցությունը: Օգնել, ցավը մեղմացնել, աջակցել. տվյալ անձը պետք է զգա, որ մենակ չէ. անհրաժեշտ է սկսել փոքր քայլերից:

 «Ես կարողացա օգնել», «Ինձ մոտ ստացվեց», այդպես բավարարվածության, լիարժեքության զգացում է առաջանում, ինչն էլ նպաստում է  այդ բարդ փուլերը հաղթահարելուն:

Էլիզա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել