Շուրջ 45 օր տարբեր հեռուստաալիքներով տեսնում էինք պատերազմից որոշ դրվագներ, մտքով տեղափոխվում այնտեղ, մենք էլ նրանց հետ հավասար կռվում ու լարված սպասում լուրերի հաջորդ թողարկումներին՝ չպատկերացնելով, որ առաջնագծում իրենց կռիվն են տալիս նաև այս լուրերը մատուցողները՝ լրագրողները: Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի շատ ուսանողներ հնարավորություն ունեցան առցանց տարբերակով զրուցելու օրեր շարունակ առաջնագծից պատերազմը լուսաբանող Հայկ Նավասարդյանի հետ, ով իր փորձով կիսվեց ապագա լրագրողների հետ:
Հանդիպման ժամանակ գործընկերոջն առաջին հարցը տալիս է ֆակուլտետի դասախոս Լիլիթ Աղբալյանն ու փորձում պարզել՝ որքան ժամանակ ու ինֆորմացիա է հարկավոր առաջնագծից ռեպորտաժ պատրաստելու համար: Որքան էլ որ զարմանալի է, բայց «2-3 րոպեանոց ինֆորմացիոն ռեպորտաժի համար լրագրողը կարող է ծախսել նույնիսկ մի ամբողջ օր, քանի որ պատերազմական օրերին լինում են հակասական շատ տվյալներ, իսկ լրագրողը պետք է տրամադրի հավաստի տեղեկատվություն»:
Ապագա լրագրողները հարցնում են՝ արդյոք սա մեծ հնարավորություն չէ հայտնի լրագրող դառնալու համար. դրական պատասխան է տալիս, բայց միևնույն ժամանակ սկսնակներին խորհուրդ չի տալիս լրագրողական գործունեությունը սկսել պատերազմ լուսաբանելուց:Հետո էլ որպես օրինակ բերում է իր տեսածը. ասում է՝ եղել է, որ արկը պայթել է իրենցից շատ քիչ հեռավորության վրա, և դրա արդյունքում վնասվել են մեքենայի թափքն ու անիվները, իսկ բեկորները հասել են իրենց, և չի էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե զրահաբաճկոն հագած չլինեին: Հետո նշում է, որ հենց այդ պատճառով է կարևորվում ռազմաճակատ մեկնելուց առաջ անձնագրը, տվյալ կայքը կամ հեռուստաալիքը ներկայացնող վկայականը վերցնելը, իսկ արդեն ռազմաճակատում սաղավարտ ու զրահաբաճկոն կրելը, և շեշտում, որ արգելվում է պատերազմ լուսաբանել զինվորական համազգեստով:
Ասում է, որ սա երևանյան սովորական ցույցերից չէ, այստեղ պետք է շատ ավելի զգոն լինել, ոչ միայն անձնական անվտանգության, այլև առաջնագծում կռվող տղաների համար: Նշում է, որ յուրաքանչյուր անզգույշ խոսք, սխալ նկարահանված տեսարան «կարող է մի քանի զինվորի կյանք արժենալ», և հավելում, որ լրագրողը, նախքան լուսաբանումը, պետք է ճշտումներ անի Պաշտպանության նախարարության հետ: Լրագրողը պնդում է՝ արգելվում է ընդհանուր նկարել այն տարածքները, որտեղ տեղի են ունենում մարտական գործողությունները, և այն արգելված զինատեսակներն ու կապի միջոցները, որոնք օգտագործում են զինվորները: Պատերազմ լուսաբանելը այլ ռեսուրսներ ու գերլարված աշխատանք է պահանջում: Արդեն 2-րդ անգամ պատերազմ լուսաբանող լրագրողն ասում է, որ այս պատերազմն ապացուցեց, որ ո°չ զրահաբաճկոնը, ո°չ սաղավարտը և ոչ էլ մեկ այլ բան չեն ապահովում լրագրողի անվտանգությունը, եթե ինքդ զգոն չես լինում:
-Հա՛յկ, կարո՞ղ ենք ասել, որ լրագրողներն այս օրերին աշխատում են կյանքի գնով,- հարցնում է գործընկերուհին հանդիպման վերջում:
Որպես պատասխան գլխով է անում՝ ի նշան համաձայնության:
Մարինա Մկրտչյան
2-րդ կուրս