Այսօր սուջուխ պատրաստում են Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում, բայց աշտարակցիների խոսքով՝ հենց Աշտարակն է սուջուխի «հայրենիքը»: Տեղաբնիկ Անահիտը սուջուխ պատրաստել սովորել է իր տատիկից, ով այն նմանեցրել է հայի անցած դժվարին ու խորդուբորդ ճանապարհին: Ասում է՝ միայն հիմա է հասկանում խոսքերի իմաստը:
Տեղացիները ընկուզենիները հոկտեմբերի վերջին օրերին են սկսում թափ տալ: Հետո ջարդում են այն ու դնում չորանալու: Այնուհետև շարում են շաքարաթելի վրա ու մի քանի օր այդպես թողնում: Աշտարակցիների համար սուջուխ թաթախելը ընտանեկան լավ ավանդույթ է՝ օր են որոշում, հարազատներով հավաքվում ու անցնում բուն գործողություններին: Շարված ընկույզը «թաթախում են խաղողից նախապես քամված շիրայից պատրաստված շփոթի մեջ ու կախում բարձր տեղից, որ չորանա», վերջում էլ հարևաններին «բաժին հանում»: Սակայն այս տարի ավանդույթը չի պահպանվել. մեղավորը պատերազմն է:
Այս տարի աշտարակցիները հրաժարվել են սուջուխ պատրաստել: Ասում են՝ սիրտ ու հավես չունենք: Եղել են ընտանիքներ, ովքեր պատրաստել են, բայց ոչ այնպես, ինչես առաջ՝ «Համայակ ջան»-ը չեն երգել, ոչ էլ հարազատներով են հավաքվել: Պարզապապես պատրաստել են վաճառելու նպատակով (շատերի համար այն համարվում է ապրուստիի միջոց):
Քաղաքում կյանքը կանգ է առել՝ փողոցները մարդաշատ չեն, բնակիչներն էլ առաջվա նման չեն ժպտում, բայց շարունակում են հյուրընկալ մնալ: Քաղաքի բնակչուհին ասում է՝ պատերազմը հազարավոր կյանքեր խլեց, հետո էլ հավելում, որ միայն Աշտարակից 40-ից ավել տղա է զոհվել, բայց բոլորն են սգում փոքր քաղաքի մեծ վիշտը. ամբողջ Հայաստանն է վշտի մեջ:
Ոչինիչ առաջվանը չի լինի. «Մերը գույների երկիր էր, այժմ դարձել է միայն սև ու սպիտակի, բայց այդ երկրի փոքր քաղաքը՝ Աշտարակը, հիմա անգույն է»:
Ասում է՝ այստեղի ավանդույթներից մեկը՝ սուջուխ պատրաստելը, կպահպանենք ու առաջվա նման կուղարկենք առաջնագծի մեր զինվորներին, բայց ապրել այնպես, ինչպես նախկինում են ապրել, դժվար թե կարողանան:
Մարինա Մկրտչյան
2-րդ կուրս