Մտքերով լի տետրը վերածվեց գրքի. Արփինե Գալստյանի «Հետդ եմ» գրքի շնորհանդեսը՝ «հոգու...

Մտքերով լի տետրը վերածվեց գրքի. Արփինե Գալստյանի «Հետդ եմ» գրքի շնորհանդեսը՝ «հոգու հանդիպում»

1539

Դեկտեմբերի 5-ին «Յասաման» ռեստորանի մի անկյունում ծանոթ-անծանոթ մարդիկ հավաքվել էին՝ Արփինե Գալստյանի «Հետդ եմ» գրքի շնորհանդեսի մասնակիցը դառնալու համար: «Երևանյան էսքիզ» հրատարակչության կողմից վերջերս հրատարակված «Հետդ եմ» գրքի շնորհանդեսը առիթ հանդիսացավ, որպեսզի ընթերցասերները մի սեղանի շուրջ հավաքվեն և մասնակից դառնան գրքի շնորհանդեսին:

Հեղինակն իր ընթերցողների հետ կիսվում էր գրքի ստեղծման պատմության մանրամասներով, կենսափորձով, պատմում գրքում առկա «3 Ա»-երի մասին, որոնք, իր կարծիքով, իրեն ամենալավն են հասկանում և ամենից շատն են սիրում: «3 Ա»-երից մեկը իր մանկության ընկերուհի` Աննան է, ով նույնպես ներկա էր գրքի շնորհանդեսին: Արփինեն խոսեց նաև առաջիկա ծրագրերի մասին: Շնորհավորանքներ հնչեցին Արփինեի ընկերուհու, բարեկամուհու և մի շարք գրքասերների կողմից: Ոչ միայն Արփինեին էին տալիս հարցեր, այլև Արփինեն էր հնչեցնում հարցեր` ինչի՞ց են այսօր մարդիկ մոտիվացվում, ի՞նչ գրականություն են կարդում: Զրույցից հետո ներկաները  շտապեցին գնել գիրքը՝ զեղչված գնով: Արցախցի Ռուզանա Պողոսյանը, ով արդեն գնել էր գիրքը, «Journalist.am»-ի հետ զրույցում ասաց.

«Այսօր բավականին դրական լիցքերով վերադառնալու եմ տուն: Գիրքը անպայման ընթերցելու եմ: Ինձ ոգևորեց հեղինակի խոսքը, արդեն պատկերացնում եմ գրքի բովանադակությունը»:

Արփինե Գալստյանը մակագրում էր բոլորի գնած գրքերը և սիրով փոխանցում գնորդներին: Արփինեի գրքի երորրդ Ա-ն`Աննա Վահանյանը, շտապում էր գոյացած հերթի մեջ նորից շնորհավորել ընկերուհուն: Աննան «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց.

«Գրքի երրորդ Ա-ն ես եմ: Գրքի շնորհանդեսը շատ դրական լիցքեր տվեց: Արփինեն միշտ ամեն տեղ լույս է, այստեղ էլ այդ լույսի դերը ստանձնեց: Գրքի նախաբանն եմ կարդացել, մեծ սիրահար չեմ կարդալու, բայց իր գիրքը անպայման կարդալու եմ: Խորհուրդ կտամ բոլորին կարդալ, քանի որ գիրքը այնպես է կառուցված, ասես խոսում, հասկանում ես հեղինակին: Անկեղծություն կա գրքում, իսկ դա կարևոր նախապայմաններից է»:

 Մարդիկ շտապում էին լուսանկարվել Արփինեի հետ, զրուցել, շնորհավորել, կիսվել իրենց էմոցիաներով: «Այս գիրքը փորձի փոխանակում է ընթերցողի հետ և գրված է ընթերցողի միտքը հարստացնելու նպատակով: 4 անգամ չեղարկվել է շնորհանդեսը, որից 3-ը պատերազմի պատճառով: Այսօրվա հանդիպումն, իրոք, կարոտած հանդիպում էր»,- «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց հեղինակը:

Արփինեն նաև պատմեց, թե գիրքը գրելիս ինչ դժվարություններ է ունեցել. «Սկզբից գիրքը եղել է մտքերով լի տետր, և դժվարություները կայանում էին դասավորվածության մեջ: Գրքի վերնագրի վրա տարուց ավելի եմ մտածել: Գրքի բովանդակությունը պատրաստ էր, վերնագիրը`ոչ: Երբ կարդացի գիրքս ոչ որպես հեղինակ, այլ ընթերցող, հասկացա, որ զգում եմ հեղինակի ներկայությունը և այդպես ծնվեց վերնագիրը»:

 Գրող-թարգմանիչ Մարգարետ Ասլայանը, ով նաև «Երևանյան էսքիզ» հրատարակչության հիմնադիրն է, «Journalist.am»-ի հետ հետ զրույցում նշեց, որ այսօր հրաշալի տրամադրություն ունի, քանի որ սա շատ սպասված հանդիպում էր` հոգու հանդիպում: «Մարդիկ մերձեցան գրքին, իրենք իրենց, և սա ևս մի ճանապարհ էր, որը մատնանշում էր վերադարձը արմատներին»:

Ստեֆանի Օհանջանյան

2-րդ կուրս

Կիսվել