Թալինում ծաղկի սրահ բացած ընտանիքը ցանկանում է ընդլայնել բիզնեսը

Թալինում ծաղկի սրահ բացած ընտանիքը ցանկանում է ընդլայնել բիզնեսը

1618

Մասնագիտությամբ վարսահարդար Անգինի ճանապարհները նրան տարան դեպի ծաղիկների աշխարհ, երբ նա ծաղկի սրահում որպես խորհրդատու-վաճառողուհի աշխատելու առաջարկ ստացավ։ Երկար մտածելուց հետո որոշեց ընդունել առաջարկը։ Երկու տարի առաջ Անգինը չէր էլ կարող պատկերացնել՝ ինչպիսի փոփոխություններ են սպասվում իրեն։

Օրեր անց Անգին Կիրակոսյանը բացահայտեց իր դիզայներական տաղանդը. «Ես միշտ շա՜տ-շա՜տ եմ սիրել ծաղիկներ, ինձ ճանաչողները դա լավ գիտեն, բայց չէի մտածել, որ կարող եմ աշխատել ծաղիկների հետ»,- «Journalist.am»-ի հետ զրույցում ասաց նա։ Ծաղկի սրահի դիզայների աշխատանքին հետևելիս, Անգինը խնդրեց ծաղիկների հետ աշխատելու փորձ կատարել. «Բոլորս զարմացած էինք արդյունքից»,-  նշում է Անգինը՝ ավելացնելով, որ այդ օրը իր կյանքը փոխվեց։ Տնօրենի կողմից իրեն որպես դիզայներ փորձելու առաջարկ ստացավ և չմերժեց։ Տնօրենը սովորեցրեց նրան ծաղիկների հետ աշխատելու գաղտնիքները։ Ծաղիկներն էլ իրեն սիրեցին։

Յոթ ամիս աշխատելուց հետո Անգին Կիրակոսյանն իր ամուսնու հետ միասին որոշեց բացել սեփական ծաղկի սրահը. «Երկար ենք մտածել այդ մասին, բայց ուրախ եմ, որ, ի վերջո, սեփական ծաղկի սրահը հիմնելու մասին որոշում կայացրինք»,- մի նոր ծաղկեփունջ հավաքելով ասաց նա։ Արտագնա աշխատանքի մեկնած ամուսնու ֆինանսական օժանդակությամբ ամռանը Արագածոտնի մարզի քաղաք Թալինում վարձակալեցին սրահ, այն ձևափոխեցին և սկսեցին աշխատել։

Ամեն ինչ լավ ընթացք ունեցավ։ Միակ խնդիրը, որին բախվեցին, վերջերս համայքնապետարանի կողմից ճանապարհները վերականգնելն էր, ինչի պատճառով ավտոմեքենաները չէին կարող անցնել ծաղկի սրահի կողքով և հաճախորդների թիվը, զգալիորեն, նվազել էր. «Ճանապարհների վերականգնումը, իհարկե, այդ առումով հանգեցրեց մեծ խնդիրների, բայց շատ ուրախ եմ, որ մեր ճանապարհները այժմ ավելի բարվոք վիճակում են», – ասում է Անգինը։

Նա զրույցի ընթացքում հաճախակի է ստուգում օդի ջերմաստիճանը։ Հիմա ծաղկավաճառների համար խնդիր է ցուրտը, պետք է կարողանան մշտապես պահել ճիշտ ջերմաստիճան, որպեսզի ծաղիկները չվնասվեն։

Անգինն ունի երկու օգնականներ՝ տասներկուամյա Սվետլանան և տասնչորսամյա Հովհաննեսը։ Սվետլանան մեզ տեսնելիս շտապեց սուրճ պատրաստել, սև շոկոլադ հյուրասիրել, Հովհաննեսն էլ՝ կանաչ, կարմիր, դեղին խնձորներ լվանալ և հյուրասիրել։ Հաճախորդները արդեն գիտեն նրանց, ուրախանում են, երբ նրանց տեսնում են ծաղկի սրահում, դրա ականատեսը եղանք նաև մենք։ Անգինը հպարտորեն է խոսում նրանց մասին՝ ասելով, որ ամենադժվար պահերին իր երեխաներն են օգնել իրեն։ Հովհաննեսը, դա լսելիս, թողեց լուսամփոփը փոխելու աշխատանքը, կարմրեց, ժպտաց ու գրկեց մայրիկին։ Մայրիկը, երբ հիվանդ է լինում, կամ այլ գործեր է ունենում, տասնչորսամյա տղան է հսկում ծաղկի սրահը, վաճառում ծաղիկները, նա անգամ հասցրել է ընկերանալ առաքիչներից մի քանիսի հետ։

Իսկ դուստրը՝ Սվետլանան, մի օր ծաղիկների հետ աշխատելու ցանկություն է հայտնել։ Այսօր, չնայած նրան, որ նա ընդամենը տասներկու տարեկան է, ծաղիկներով փնջեր և զամբյուղներ է հավաքում. «Ես մայրիկիս օգնում եմ ծաղկի սրահը մաքրելու, հաճախորդներին սպասարկելու, ծաղկեփնջեր հավաքելու հարցերում։ Մտածում եմ, որ, գուցե, դառնամ ծաղկի դիզայներ, շատ եմ սիրում այդ գործը»,-գույնզգույն ժապավենները դասավորելով ասաց Սվետլանան։ Աղջիկը մայրիկի ծննդավայր՝ Զովասար գնալիս, շտապում է վազել դաշտերով, հավաքել դաշտային ծաղիկներով փունջ և նվիրել տատիկին։ Գյուղ գնալիս գրեթե միշտ իր գրպանում ժապավեն է պահում, որ ծաղկեփունջը ավելի գեղեցիկ ստացվի։

Վարսահարդարությունից մինչև ծաղկի դիզայներություն հասած Անգինը մտածում է գործը ընդլայնելու և տարբեր վայրերում ծաղկի սրահներ հիմնելու մասին. «Դեռ շատ անելիք ունեմ այս ասպարեզում»,- ասում է սկսնակ գործարարը, իսկ փոքրիկ Սվետլանան ավելացնում է՝ «Ես էլ, մա՛մ»։

Շուշան Տերտերյան

2-րդ կուրս

Կիսվել