«Ո՛չ մեր դիրքերը կային, ո՛չ մեր Վահեն…»

«Ո՛չ մեր դիրքերը կային, ո՛չ մեր Վահեն…»

1291

Պատերազմ էր: Երկինքը հարստացավ, մենք աղքատ մնացինք…

Նկարի սևաչյա, հպարտ կեցվածքով ինքնավստահ կանգնած տղան Վահե Խաչատրյանն է։ Ծնվել է 2000թ. սեպտեմբերի 25-ին, Վայոց ձոր մարզի Աղավնաձոր գյուղում։​ 10 տարի սովորել է Աղավնաձորի Գրիգոր Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում, զուգահեռ հաճախել Մուրադ Սարգսյանի անվան արվեստի դպրոցի դհոլի բաժին։ Այնուհետև տեղափոխվել է​ Երևանի Օլիմպիական Հերթափոխի Պետական Մարզական քոլեջ։ 2 տարի այնտեղ սովորելուց հետո ընդունվել է Ոստիկանական ակադեմիա, 4 ամիս սովորել այնտեղ և 2019 թվականի հունվարի 10-ին զորակոչվել բանակ՝ ծառայելու հայրենիքին։

Սկզբում ծառայել է Հոկտեմբերյանում։ 6 ամիս անց ծառայությունը շարունակել Կուբաթլուում՝ Որոտանում։

Վահեի ընկերներն ու բարեկամները նրան բնորոշում են որպես հումորով, չափազանց աշխույժ, նպատակասլաց և կյանքով լեցուն մարդ։

2020 թվականի սեպտեմբերի 25-ին՝ Վահեի ծննդյան օրը, նրան և զինակից ընկերներին տագնապի հրամանով բարձրացնում են Ջաբրայիլի դիրքեր։ Վահեն կոչումով սերժանտ էր, դասակի հրամանատարի տեղակալ, տանկի հրամանատար։ Միաժամանակ երեք տանկ էր կառավարում։

Սեպտեմբերի 27-ին, համապատասխան դիրքերը զբաղեցնելուց հետո, առաջ գնալու հրաման են ստացել։ Վահեն 6 օր անվերապահորեն կռվել ու ոչինչ չի խնայել հայրենիքի սահմանները պաշտպանելու համար։ Փրկել է 2 վիրավոր ընկերների կյանքը, ոչնչացրել թշնամու 5 տանկ ու մեծ թվով կենդանի ուժ։

Վահեի զինակից ընկերներն ու հրամանատարները պատմում են, որ հոկտեմբերի 2-ին, երբ Վահեն ընկերոջ հետ​ խրամատում տեղակայված իր տանկով առաջ է շարժվել,​ թշնամին «Սպայգ» զենքով խոցել է տանկը։ Եվ արցախա-ադրբեջանական 3-րդ պատերազմի 6-րդ օրը հայրենիքի սուրբ պաշտպանության համար զոհվել է 20-ամյա Վահե Հրանտի Խաչատրյանը։

Վահեն տան ավագ որդին էր։ Մայրը՝ Կարինեն, վերջին անգամ որդու հետ խոսել է սեպտեմբերի 30-ին. «Վահեի մասին կարելի է անվերջ պատմել։ Նա իր 20 տարվա կյանքում ավելի շատ բան է արել, քան այն մարդիկ, ովքեր ապրում են ու չգիտեն, թե ինչի համար են ապրում։ Պարտադիր չէ ինքը զոհվեր, որ դառնար հերոս։ Նա ինձ համար հերոս եղել է, կա և կլինի։ Զգացողություն է, թե հիմա պիտի զանգի ու ինչ-որ բան ասի։ Երբ Վահեին ճանապարհում էինք բանակ, ստիպեց խոստանալ, որ երկու տարի չեմ լացելու… Վահեն ամեն բան ծրագրում էր բոլորիս համար։ Չգիտեմ՝ սրանից հետո քանի տարի պիտի ապրեմ, որ իր պլանները կարողանամ կյանքի կոչել։ Վահեի բացը երբեք ոչ ոք չի կարող լրացնել։ Նրա զոհվելուց հետո ընկերոջ՝ Դավիթի հետ եմ շատ կապվել։ Մտածում եմ կզանգի ու կասի՝ Վահեն կա… Ժամերով խոսում էր հետս, երբ հերթապահ էր լինում։ Անթիվ էին Վահեի երազանքները։ Ամսի 2-ին անտանելի զգացողություն ունեի. ասացի՝ Վահեիս ինչ-որ բան եղավ։ Փաստորեն՝ չսխալվեցի»։

Իսկ Վահեի հայրը՝ Հրանտը, պայմանագրային զինծառայող է, դիրքերում է լսել որդու զոհվելու մասին. «Վերջին անգամ որդուս անցած նոյեմբերին​ եմ գրկել, ափսոս, որ հիմա միայն հիշողություններն ու նկարներն են մնացել: Եթե միայն հնարավորություն ունենայի մոտենալ տանկին, մի բան գտնեի, թեկուզ Վահեի իրերից»։

Ստյոպան՝ փոքր եղբայրը, Վահեի մասին թեպետ չի պատմում, բայց աչքերն ամեն ինչ ասում են անտակ կարոտի, ջերմագին հիշողությունների ու հպարտության մասին…

Վահեի ծառայակից ընկերը՝ Դավիթ Իկիլիկյանը, մեկ տարի է, ինչ ճանաչում էր Վահեին. «Շատերը կերազեին Վահեի նման լինել։ Չափազանց հոգատար և ընկերասեր էր։ Շատ շուտ ընկերներ դարձանք։ Հատկապես պատերազմի ժամանակ ընկերների կյանքը գերադասեց սեփական կյանքից։ Ճիշտ է՝ մենք էլ չէինք վախենում, բայց մեջներիցս ամենից շատը չէր վախենում Վահեն։ Ծնունդը ճանապարհին նշեցինք։ Մոմերը խորովածի վրա էինք շարել։ Վահեն փայլուն էր տիրապետում իր զինվորական մասնագիտությանը։ Երկուսս էլ տանկիստ էինք։ Միշտ վիճում էինք տեխնիկայի մասին խոսելիս։ Արդյունքում լավ մասնագետներ դարձանք։ Իմ ընկեր Վահեին հարգում էին բոլորը՝ զինվորից մինչև հրամանատար: Սեպտեմբերի 30-ին ես ու մեր մյուս ընկերը՝ Հարութը, վիրավորվեցինք։ Վահեն մեզ երկուսիս ձեռքերի վրա՝ գրկած հասցրեց հոսպիտալ տեղափոխող մեքենային։ Վերջին անգամ այդ օրն եմ տեսել Վահեին։ Հոկտեմբերի 2-ն էր, հիվանդանոցից կապվեցի տղաների հետ, ասացին՝ Վահեն չկա… Չէի կարողանում հավատալ։ Հոկտեմբերի 15-ին, երբ արդեն ապաքինվել էի, վերադարձա ծառայությունս շարունակելու։ Ո՛չ մեր դիրքերը կային, ո՛չ մեր Վահեն…»:

Խոնարհում և հավե՛րժ փառք Վահեի հիշատակին…

Նարե Օհանյան

2-րդ կուրս

Կիսվել