«Հաստատուն քայլերով առաջ շարժվիր՝ փոխելով կյանքեր»

«Հաստատուն քայլերով առաջ շարժվիր՝ փոխելով կյանքեր»

966

34-ամյա Սերինե Նալբանդյանն արդեն 12 տարի է, ինչ աշխատում է կրթական ոլորտում։ Սկզբում աշխատել է իր ծննդավայրում՝ Լոռու մարզի Կուրթան գյուղի միջնակարգ դպրոցում ,այնուհետև Տավուշ մարզի Սևքար գյուղի միջնակարգ դպրոցում։

-Ես գիտեմ, որ դու մանկուց սիրել ես զբաղվել սպորտով և երազանք ես ունեցել մասնագիտական կրթություն ստանալ հենց այդ ոլորտում, սակայն ընտրեցիր մանկավարժի մասնագիտությունը։ Կասե՞ս՝ ինչպե՞ս ստացվեց։

-Երբ դեռ փոքր էի, դպրոցից տուն վերադառնալուց հետո հավաքում էի մեր բակի բոլոր երեխաներին և այդ օրվա սովորածս սովորեցնում էի իրենց, կարծես փոքրիկ ուսուցչուհի լինեի, բացի այդ շատ եմ սիրում երեխաներին և նրանց հետ աշխատել. մասնագիտության ընտության հարցում այս ամենը մեծ դեր խաղաց։ Այդպես ընդուվեցի Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան մանկավարժական համալսարանի Աշխարհագրության ֆակուլտետ։

-Երկար տարիներ տեղի դպրոցում աշխատելուց հետո տեղափոխվեցիր քոծննդավայրից 135կմ հեռու  գտնվող Տավուշի մարզ և շարունակեցիր աշխատել այնտեղի դպրոցում։ Ինչպե՞ս ստացվեց, և ինչու՞  հենց Տավուշի մարզ։

-Այնտեղ տեղափոխվել եմ «Դասավանդիր Հայաստան»  ծրագրի միջոցով։ Այդ ծրագիրը վերապատրաստում է մասնագետներին և տրամադրում աշխատանք Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերի դպրոցներում։ Ինձ համար ընտրվեց Սևքարի միջնակարգ դպրոցը, քանի որ այդ ժամանակ ունեին  աշխարհագրության ուսուցչի պահանջարկ։

Որքան հասկացա,  այդ ծրագրին մասնակցելով՝ ի սկզբանե իմացել ես, որ աշխատելու ես քո բնակավայրից բավականին հեռու  գտնվող սահմանամերձ գյուղում։ Դժվար չէ՞ր այդ որոշումը կայացնելը։

-Այո, ծրագրի տարբեր փուլերը հաղթահարելիս մեզ հարցնում էին, թե արդյո՞ք մենք պատրաստ ենք տնից հեռու բնակվել, դիմանալ տարբեր կենցաղային դժվարությունների։ Ինձ համար հեշտ էր այդ որոշումը կայացնելը, քանի որ ես շփման հետ խնդիրներ չունեմ, և, բացի այդ, տարբեր ճամբարների, սեմինարների և վերապատրաստումների մասնակցելիս շատ եմ բացակայել տնից։ Իսկ ուսանողական տարիներին ավելի եմ կոփվել և սովորել կենցաղային դժվարություններին։

-Իսկ չունեի՞ր վախեր, որ չես ընդունվի աշակերտների ու համայնքի բնակիչների կողմից։

-«Դասավանդիր Հայաստան» կրթական ծրագրի տեսլականը հավասար կրթություն ապահովելն է, բացի դրանից, նաև աշխատանք համայնքի բնակիչների հետ։ Վախեր ունեցել եմ, քանի որ տարբեր մարզերում տիրում են տարբեր բարքեր, և կար մտավախություն, որ կլինեն նաև կարծիքների բախումներ, սակայն, հուրախություն ինձ, ես չբախվեցի այդ խնդրին։ Դրանից ես ավելի մոտիվացվեցի և ավելի հաճույքով սկսեցի աշխատել։

«Դասավանդիր Հայաստան» կրթական ծրագրի դասավանդման մեթոդները մի փոքր տարբերվում են մեզ ծանոթ դասական ուսուցման մեթոդներից։ Ինչպե՞ս ընդունվեց դա քո գործընկերների կողմից։

-Սկզբնական շրջանում նրանց համար շատ անսովոր էր, որ դասերն անցկացվում են ակտիվացնող խաղերի, հետաքրքիր խմբային աշխատանքների, դիդակտիկ նյութերի օգտագործման միջոցով։ Քննարկումների ընթացքում դպրոցի տնօրենը, փոխտնօրենը և մեթոդմիավորման նախագահը չէին ընդունում այդ մեթոդները, սակայն մեկ տարի անց նրանք նույնպես համաձայնվեցին, որ դրանք մոտիվացնում են աշակերտներին, և նույնիսկ այն աշակերտները, ովքեր նախկինում առարկայի հանդեպ որևէ հետաքրքրություն չէին ցուցաբերում, սկսել էին ներգրավվել դասապրոցեսին։ Երբ իմացա, որ այդ դպրոցում 8 տարի շարունակ չի եղել աշխարհագրության ուսուցիչ, իմ նպատակը եղավ այն, որ աշակերտների մեջ առարկայի հանդեպ սեր սերմանեմ։ Կարծում եմ՝ դա ինձ հաջողվեց։

Կա՞ր ցանկություն ծրագրի ավարտից հետո մնալ այդ համայնքում ու շարունակել դասավանդումը։

-Ցանկությունս շատ մեծ էր, սակայն առաջացան կեցության վայրի հետ խնդիրներ։

– Ծրագրի ավարտից հետո արդեն մեկ տարի է, որ վերադարձել ես քո բնակավայր։ Շարունակո՞ւմ ես կապ պահել այնտեղի դպրոցի աշակերտների հետ։

-Այո, կապը կա և՛ աշակերտների հետ, և՛ համայնքի բնակիչների հետ, ժամանակ առ ժամանակ նաև այցելում եմ նրանց։

Կյանքիս այս հատվածը միշտ ջերմությամբ եմ հիշում: Թերևս երկու տարվանից մնացած հիշողություններում ամենաքաղցր պատառիկներն եմ համարում պայծառ ու սիրով լի աչուկները, ջերմ ու հաճելի խոսքերը, շնորհակալ հայացքները, երախտիքի և սպասման հույսերով լի նամակները, փոքրիկ և գունեղ ծաղկեփնջերը, որոնք ամենաանկեղծ ու իսկական գնահատականն էին՝ կատարածս նվիրական աշխատանքի ու տվածս սիրո դիմաց։ Դրանք դարձան իմ ամբողջ կյանքի ամենաբարի ուղեկիցները, որոնք ինձ միշտ վերադառնալու առիթ կտան։

-Ի՞նչ կարգախոսով ես առաջ շարժվել այդ 2 տարիների ընթացքում։

-Հաստատակամությունն ու պատասխանատվությունը  պիտի դարձնես կյանքիդ հավատարիմ ուղեկիցը, և  հաստատուն քայլերով առաջ շարժվես՝ փոխելով կյանքեր։

Ելենա Մաթևոսյան

2-րդ կուրս

Կիսվել