Դպրոցներում կրկին հնչեցին զանգի ձայները, որպեսզի աշակերտները շտապեն դասարաններ։ Մուտքի առջև, բացի բուժաշխատողներից, կանգնած են ուսուցիչները, ովքեր սպասում են իրենց աշակերտներին, որպեսզի ուղեկցեն դասասենյակներ։
Կառավարության որոշմամբ` դեկտեմբերի 7-ից ավագ և միջնակարգ դպրոցները վերսկսեցին դասապրոցեսը դասարանական պայմաններում։ 178 հիմնական դպրոցում, մեծ սպասումով և կարոտով լցված, սպասում էին աշակերտների դպրոց գալուն։ Վաղ առավոտյան տնօրենը, ուսուցիչները եկան դպրոց: Ջերմաչափվելուց և ախտահանվելուց հետո շտապեցին կարգավորել դասասենյակները, իսկ հետո նախասրահում դիմավորում էին այն աշակերտներին, ովքեր արդեն 2 ամսից ավելի էր՝ ոտք չէին դրել դպրոց։
Տնօրեն Հ. Սիմոնյանի խոսքով` աշխատակազմը շատ ուրախ է, որ երեխաները կրկին գալու են դպրոց, և իրենք պատրաստել են ամեն հնարավոր բան, որպեսզի պահպանվեն հակահամաճարակային պայմանները, երեխաները ապահով և տաք միջավայրում անցկացնեն իրենց դասերը։
Աշակերտները, մտնելով դպրոց, ջերմաչափվելուց և ախտահանվելուց հետո շտապեցին դասասենյակներ։ Այստեղ պահպանվում էր հեռավորությունը, աշակերտները պետք է նստեին առանձին դասասեղանների առջև, նաև կրեին դիմակներ։
Յոթերորդ դասարանում առաջինը գրականության ժամ էր։ Ուսուցչուհին հանձնարարել էր գրել շարադրություն «Ես ուզում եմ խաղաղություն» վերնագրով։ Երեխաներից յուրաքանչյուրը շտապում էր առաջինը կարդալ իր շարադրությունը, պատմել իր երազանքները։ «Բայց մենք կհաղթենք և խաղաղություն կիջնի մեր երկրի վրա։ Ես խաղաղություն եմ ուզում, ուզում եմ անհոգ ժպտալ Հայաստանի և Արցախի անամպ երկնքի տակ», -այս խոսքերով ավարտեց իր շարադրությունը Համլետը։
Զանգը հնչեց, բայց աշակետուհիներից մեկը պատրաստել էր հայրենասիրական երգ և ցանկացավ կատարել այն։ Նա այդ երգով պատմեց իր երազանքի և երանելի խաղաղության մասին՝ հուզելով ներկա դասընկերներին։
Դասի ավարտից հետո, երբ զրուցեցինք գրականության ուսուցչուհի Մ.Ղարիբյանի հետ, նա նշեց, որ կարոտել էր դասարանական միջավայրը, երեխաների հետ իրական շփումը։ «Այս ընթացքում շատ էի մտածում՝ երանի գնանք դպրոց և ի վերջո՝ եկանք։ Համակարգչի հակառակ կողմից դժվար է հաղորդակցվել երեխաների հետ. չնայած հաջողվում էր, բայց, միևնույն է, դպրոցում իրականացված աշխատանքն է, որ կարող ենք լիարժեք համարել», – ասաց ուսուցչուհին։
Մեծ էր ոգևորությունը ավարտական դասարանում գտնվող աշակերտների մոտ։ «Սկզբում շատ էինք ուրախացել, որ գալիս ենք դպրոց, բայց երբ դասերը կրկին սկսեցին հեռավար անցկացվել, այլևս հույս չունեինք, որ դպրոց կգանք։ Հիմա շատ ուրախ ենք, որ դպրոցում ենք, բայց մեր դասարանը կիսված է, շատերին չենք տեսնում ու էլի կարոտում ենք», – Journalist.am-ի հետ զրույցում ասաց իններորդ դասարանի աշակերտուհի Գայանեն։
Իններորդցիների համար դպրոց գալը ևս հույս արթնացրեց, որ իրենք դպրոցը չեն ավարտի օնլայն և կունենան ավարտական միջոցառում։
Վերջում, զրուցելով բուժքրոջ հետ, տեղեկացանք, որ առաջին օրը եղել են բացականեր, սակայն յուրաքանչյուրի բացակայության մասին տեղյակ են և հուսով են՝ շուտով աշակերտները լիարժեք կազմով կլինեն դպրոցում։
Զարուհի Տոնիկյան
2-րդ կուրս