«Չորդեգրված կարոտ»

«Չորդեգրված կարոտ»

3410

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար ընկավ Հայկ Սահակյանը։ Հայկը և իր մյուսը ընկերը՝ Մխիթարը (ով ևս քաջաբար ընկավ պատերազմում) կենդանի վահան են դարձել և փրկել են իրենց ընկերոջը՝ Ալբերտին։ Նրանք պառկել են վիրավոր Ալբերտի վրա և իրենց մարմնով պաշտպանել ընկերոջը՝ զոհելով սեփական կյանքը։ Հայկը ուներ սիրած աղջիկ՝ Լուիզան, ում հետ մեծ երազանքներ ուներ։ Երբ զորացրվեր, պետք է նշանվեին, բայց…

Հերոս Հայկ Սահակյանի և նրա գեղեցիկ սիրո մասին արդեն գիրք է գրվել։ Հեղինակի հետ անձամբ խոսեցի՝ խնդրելով մի քիչ պատմել գրքի մասին, և թե ինչու՞ հենց այդ հերոսին ընտրեց։ Վարդանը այսպես արձագանքեց.

-Երբ սկսվեց պատերազմը, հասկացա, որ պիտի գրեմ դրա մասին, ուզում էի խոսել։ Սկզբում լրիվ այլ բան էի մտածել ու պլանավորել գրել, բայց Հայկի ընկերուհու՝ Լուիզայի առաջին հարցազրույցը տեսնելով՝ ինչ-որ բան փոխվեց իմ մեջ, և որոշեցի, որ հենց այս գեղեցիկ զույգի մասին պիտի գրեմ։

Վարդանը նշեց, որ շատ է սիրում ստեղծագործել։ Իր առաջին գիրքը պատմվածքների ժողովածու է, որը ևս պետք է տպագրվի։ Իսկ Ռիժիկի(Հայկ Սահակյանի մականունն է) մասին պատմող գիրքը արդեն հրատարակչությունում է և շուտով կտպագրվի։ Վարդանը գիրքից մի քանի հատվածներ է դրել  իր էջում և ստացած արձագանքներից ավելի է ոգևորվել։

-Ես անգամ պատկերացում չեմ ունեցել, որ գիրքը կցանկանան պատվիրել մինչև հրապարակումը, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից։ Անգամ Հայկի ընտանիքը՝ քեռին, ընկերները, սիրած աղջիկը, շատ լավ արձագանքեցին, ուրախացան, որ կխոսվի իրենց զինվորի մասին։

Ես խնդրեցի Վարդանին, որ տպագրման փուլում գտնվող գրքից մի փոքր մեջբերում անի և մեկնաբանի թե ինչու՞ «Չորդեգրված կարոտ»։

-Չեմ ուզում շատ փակագծեր բացել, որպեսզի հետաքրքիր լինի: Երբ կարդաք վիպակը՝ կհասկանաք, թե ինչու «Չորդեգրված կարոտ»։

Ահա այդ գրքից մի հատված.

–Էդ հաստատ,- առանց մեկ վայրկյան անգամ մտածելու ասաց Հայկը:

–Հայկ Լուիզը:

–Լուիզը կհասկանա ինձ: Ու ինքը պատրաստ ա էս օրվան: Ինքն իրա մեջ ուժ կգտնի ու կշարունակի ապրել: Միշտ կմտածի, որ սպասում եմ իրեն ու կապրի:

–Հա՛յկ, ինչ կարգի ուժեղ մարդ ես:

–Արի,- ասաց Հայկը, գրկեց ընկերոջն ու…

Հայկն ու Մխիթարը գրկեցին գետնի վրա պառկած իրենց վիրավոր ընկերոջն ու  սպասեցին: Ինչպես ասում  են. «Իմացյալ մահ` անմահություն է»: Նրանք երկուսով պահեցին իրենց ընկերոջ մարմինն ու անմահացան հենց իրենք։ Անմահացան…

Վարդանը 16 տարեկան է, պատրաստվում է ընդունվել իր սիրած բաժինը՝ Միջազգային հարաբերություններ։ Անչափ սիրում է ստեղծագոծել և շատ ուրախ է, որ շուտով լույս կտեսնի հերոսի մասին պատմող իր գիրքը։

Օֆելյա Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել