Տավուշի լուծված ու չլուծված խնդիրները

Տավուշի լուծված ու չլուծված խնդիրները

635

Տավուշի մարզում վերջին 3 տարիների ընթացքում հիմնանորոգվել, ասֆալտապատվել և բարեկարգվել է շուրջ 44 միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհ։ Ընդհանուր առմամբ՝ մարզի գրեթե բոլոր ճանապարհները համեմատաբար լավ վիճակում են։ Դիտավան համայնքի 3.1 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ է մոտ 280 մլն դրամ։ Սա մարզում ամենավատ վիճակում գտնվող ճանապարհն է։

«Ճանապարհաշինության ոլորտում 3.9 մլրդ դրամ նախատեսված ներդրումների փոխարեն իրականացվել է 9 մլրդ դրամի ճանապարհաշինություն, վերանորոգվել է 105 կմ ճանապարհ։ Հատկանշական է սահմանամերձ գյուղերի ճանապարհների շինարարությունը, որը երկար սպասված գործընթաց էր։ Մենք՝ որպես ռազմավարական ուղղություն, դիտարկում ենք մեր ներքին ճանապարհների վերանորոգումը»,- նշել էր մարզպետ Հայկ Չոբանյանը իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփելիս։

Մարզաբնակներն էլ գոհ են ճանապարհաշինության ոլորտում կատարվող աշխատանքներից։ Հարցման արդյունքների համաձայն՝ մարզում ամենամեծ խնդիրը, ըստ հարցման մասնակիցների 93.8 %-ի, ջրամատակարարումն է։ Սա հատկապես  ծայրամասերում գտնվող համայքների համար է օրախնդրային հարց։

Բերդ համայքնի Տավուշ գյուղի բնակիչները բողոքում են ջրամատակարարումից։

 «Ջուր չունենք։ Ահագին ժամանակ էր, ինչ ուրիշ տեղերից էինք մեքենայով, կամ, շատ հաճախ, ձեռքով ջուր կրում։ Հիմա համեմատաբար լավ է. նախկին ոչնչի փոխարեն ծորակից գոնե ջրի կաթկթոցն ենք տեսնում։ Դա էլ անձրևների շնորհիվ։ Արդեն սովորել ենք սրան։ Հենց անձրև է գալիս, ջուրը հավաքում ու լցնում ենք տան բոլոր դույլերը, տարաներն ու տակառները»,- պատմում են գյուղացիները։

Բացի խմելու ջրի խնդրից, Տավուշ գյուղի այգիների ոռոգումն էլ է կարևոր հարց։ Մարզպետարանից տեղեկացնում են, որ այս գյուղում 2.1 կմ երկարությամբ ոռոգման ցանց է կառուցվում, որով մարդիկ հնարավորություն կունենան ոռոգելու գյուղի խաղողի այգիները՝ խնայելով նաև ջրային ռեսուրսները։

Հարցման մասնակիցների 88.5%-ը գոհ է մարզի փողոցային լուսավորությունից։ Տավուշում լուսավորությամբ ապահովված չէ 62 բնակավայրերից միայն 5-ը։

Աննա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել