«Մատիս համարը 15.5-ա, սպասում եմ՝ մատանիով…».նամակ, որը ճակատագրական դարձավ

«Մատիս համարը 15.5-ա, սպասում եմ՝ մատանիով…».նամակ, որը ճակատագրական դարձավ

1499

Երևանի պետական մանկավարժական համալսարանի 1-ին կուրսի ուսանողուհի Անի Ասատրյանը պատերազմի օրերին կամավորական աշխատանքների ընթացում որոշել է շատ այլ աղջիկների պես նամակ ուղարկել հայրենիքի պաշտպաններին: Սկզբում մտածել է, որ պետք չէ ուղարկել, քանի որ արդեն շատ աղջիկներ են գրել: Բայց հետո կուրսընկերների հորդորով գրել է: 18-ամյա աղջիկը դրական տրամադրություն է  փոխանցել Երևանից առաջնագիծ.«Որոշեցի մատիս համարը գրել և հեռախոսիս համարը: Շատերը կարծում էին, որ բոլոր թվերն եմ գրել, բայց, իրականում,  համարի վերջին 3 թիվը չեմ գրել»,-ասում է Անին:

Անին պատմում է, որ մասնակցում էր համալսարանի նախաձեռնած կամավորական աշխատանքներին՝ առաջնագծում պայքարող զինվորներին սնունդ, հիգիենայի պարագաներ և այլ իրեր փաթեթավորելու գործում, և այդ ժամանակ էլ նամակներ ուղարկելու  գաղափար է ծագել։

Այն արկղում, որի մեջ տեղ է գտել նաև Անիի գրությունը, կար ևս 20-ից ավելի նամակ, որը գրել էին համալսարանում սովորող այլ աղջիկներ, սակայն իր նամակի հասցեատերն է միայն արձագանքել, ինչն էլ զարմացրել է Անիին։

Նամակն ուղարկելուց մի քանի օր անց, այն հրապարակվեց սոցիալական ցանցերում, որտեղ էլ փնտրում էին նամակի հեղինակին՝ Անին. «Նամակը հրապարակվել էր նաև Women’s corner (Կանանց անկյուն) խմբում, որտեղ ոմանք հարսանեկան դիմահարդարում  խոստացան, ոմանք՝ վարսահարդարում, մեկը՝ հարսանեկան թագը և այդպես շարունակ»,-պատմում է Անին:

Նամակ գրելիս և ուղարկելիս մտքով էլ չէր անցնում, որ մեկ ամիս անց զինվորը կփնտրի ու կգտնի իրեն։

Անիի նամակը հասել է Մարտակերտում հակառակորդի դեմ կռվող 26-ամյա կամավորական Գրիշային, ով որոշել է փնտրել նամակի հեղինակին։

«Մեր ուսխորհրդի նախագահի էջով նամակը տարածվել էր, հետո պարզվեց՝ զինվորի ընկերն է։ Էդպես կուրսեցիներս սկսեցին ինձ նշել։ Հետո Ֆեյսբուքով ինքն ինձ գրեց»,- պատմում է նա։

Մինչև զինվորի հետ ծանոթանալը, երբ նամակը հրապարակվել էր սոցիալական ցանցերում, շատ ծանոթ ու անծանոթ օգտատերեր մեկնաբանություններ էին գրում և խնդրում էին տեղեկացնել, եթե զարգացում լինի. «Հիմա որ հետ նայեմ, հաստատ, հարսանիքի համար ամեն ինչ կա»,- ժպտալով ասում է Անին։

Անին թեպետ չէր սպասում դեպքերի նման զարգացման, սակայն ուրախ է զինվորի հետ ծանոթանալու համար, և եթե ապագայում ամեն ինչ հաջող ստացվի, միգուցե, ընտանիք կազմեն:

Երբ արկղը բացել են, իր նամակը սկզբում ուրիշ տղա է վերցրել, ով հետո կորցրել է այդ նամակը, ու Գրիշան է  գտել։ Նամակը հենց գտել է, իր խոսքով՝ մտածել է, որ գոնե սիրուն աղջիկ լինի, ու ամեն ինչ ստացվի ։

«Եթե շարունակենք այսպես կես խոսքից իրար հասկանալ, հուսով եմ՝ հետագայում շարունակություն կլինի»,- ամփոփեց  Անին։

Էլիզա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել