Միջազգային մի քանի լրատվամիջոցների առաջին անդրադարձն Արցախյան երկրորդ պատերազմին

Միջազգային մի քանի լրատվամիջոցների առաջին անդրադարձն Արցախյան երկրորդ պատերազմին

669

Մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ միջազգային հանրության կարծիքը կամ դիրքորոշումը շատ հաճախ կարող ենք հասկանալ՝ ուսումնասիրելով նրանց առաջատար լրատվամիջոցների անդրադարձը կատարվածին: Թե պատերազմական իրավիճակներում որքանով էին անկողմնակալ դրանց հրապարակումները, արդեն իսկ հետաքրքիր է: 

Առաջարկում ենք ծանոթանալ միջազգային մի քանի լրատվամիջոցների անդրադարձներին, որոնք հրապարակվել են պատերազմի առաջին կամ երկրորդ օրը: Նյութերից առանձնացրել ենք հիմնական հատվածները, որոնք պատկերացում են տալիս ողջ հրապարակման վերաբերյալ: 

The Washington post-ն ընդհանուր առմամբ ներկայացնում է սեպտեմբերի 27-ի իրավիճակը՝ անդրադառնալով հայկական և թուրք-ադրբեջանական կողմերի դիրքորոշումներին, ռուսական կողմի միջամտությանը: Խոսվում է ադրբեջանական կողմի՝ Լեռնային Ղարաբաղի մի քանի գյուղերում ունեցած առաջխաղացման մասին: Ընդհանուր գծերով ներկայացվում է կոնֆլիկտը, նշվում է, որ այն սկսվել է դեռ Խորհրդային միության ժամանակներից: Մասնավորապես ասվում է, որ 1994 թ.-ի պատերազմի ընթացքում «Ադրբեջանի մարզից՝ Լեռնային Ղարաբաղից, որտեղ գերակշռում է հայ բնակչությունը», եղել է 20000 զոհ, և 1 միլիոն բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները: Իսկ այդ 1 միլիոն բնակիչները ե՞րբ և ինչպե՞ս էին բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ նյութը մեզ չի պատմում: Խոսվում է նաև 2016 թվականի պատերազմի մասին․ նշվում է, որ եղել է 200 զոհ:

Պատերազմի սկսվելու հաջորդ օրը Bloomberg-ը փոքրածավալ նյութ է հրապարակում «Հայաստանը և Ադրբեջանը պատերազմո՞ւմ են» վերնագրով: Նյութում նշվում է, որ Ռուսաստանը , ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն կրակի դադարեցման կոչեր են անում: Չեզոք, փոքրածավալ նյութ է: Պատերազմը նոր էր սկսվել, և լրատվամիջոցը միանգամից ինչ-որ կանխավարկած առաջ քաշելուց կարծես թե խուսափել է: 

The Times-ի առաջին արձագանքը եղել է սեպտեմբերի 29-ին՝ «Լեռնային Ղարաբաղի բախումները. Թուրքիան սիրիացի վարձկաններին ուղարկում է հայերի դեմ պայքարի» վերնագրով: The Times-ն այն քիչ լրատվամիջոցներից է, որոնք պատերազմի հենց սկզբից չէր խուսափում սիրիացի վարձկաններով համալրված թուրք-ադրբեջանական բանակի մասին բարձրաձայնելուց: Սիրիացի վարձկանների՝ Ադրբեջան տեղափոխվելու մասին դեռ պատերազմից առաջ էր շատերին հայտնի, սակայն շատերը լռում էին: Պատերազմի մանրամասները ներկայացնելուն զուգընթաց Ղարաբաղը ներկայացվում է որպես հայկական տարածք: Նյութը ներկայացնում է նաև ադրբեջանական կողմի հայտարարությունները՝ կապված պատերազմական շարունակվող գործողությունների հետ: Փաստերի աղավաղում հրապարակման մեջ չկա․ տեսնում ենք կոնֆլիկտը երկու կողմերից:

 «Հայաստանը և Ադրբեջանը պայքարում են վիճելի Լեռնային Ղարաբաղի համար»․ այսպես է վերնագրել իր հրապարակումը BBC news-ը։ «Աշխարհի ամենաերկար տևող կոնֆլիկտներից մեկի» մասին խոսելիս ներկայացվում է, որ միջազգայնորեն Ադրբեջանի մաս համարվող Ղարաբաղը էթնիկ հայերի ենթակայության ներքո է գտնվում: Նյութում խոսվում է թուրք-ադրբեջանական բարեկամության և Ռուսաստանի՝ ավանդաբար Հայաստանի համախոհը լինելու մասին: Այս հատվածում որոշ վերաբերմունք է առկա, որը ևս լրագրողական էթիկայի տեսանկյունից պատշաճ չէ: Նյութում Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հիշատակվում է որպես ԼՂ չճանաչված նախագահ: Լեռնային Ղարաբաղը (Արցախը) ճանաչված չէ աշխարհի շատ երկրների կողմից, բայց Արցախի հանրապետության նախագահը ճանաչված է երկրում, ուստի նախագահին չճանաչված անվանելն այնքան էլ հարմար չէ լրագրողական անկողմնակալ հրապարակման մեջ: 

 Ոչ բոլոր լրատվամիջոցներն են անկախ, և ոչ բոլորն են աշխատում՝ հետևելով լրագրողական կարևոր սկզբունքներին: Սա, ինչպես ցույց տվեցին բերված օրինակները, վերաբերում է նաև միջազգային լրատվամիջոցներին։ Այնինչ հատկապես այս լրատվամիջոցները, որոնք աշխատում են ավելի լայն լսարանի համար, պետք է պահպանեին չեզոքություն. հանրությանը կարծիք թելադրելու փոխարեն հանրությանը տեղեկության միջոցով կարծիք կազմելու հնարավորություն է պետք տալ: 

1Հղում

2Հղում

3Հղում

4Հղում

Տաթև Ալիխանյան

2-րդ կուրս

Կիսվել