Կողք կողքի ու մեկ բռունցք. Ապրիլյան և Արցախյան Երկրորդ պատերազմի մասնակից Իվանով...

Կողք կողքի ու մեկ բռունցք. Ապրիլյան և Արցախյան Երկրորդ պատերազմի մասնակից Իվանով Տիմոֆեյ Յակովի

1060

Տիմոֆեյ Յակովի Իվանովը ծնվել է 1997 թվականի փետրվարի 24-ին Կոտայքի մարզի Արզնի գյուղում: Ազգությամբ ասորի է, սովորել է Արզնիի Սերգեյ Սարխոշևի միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի գյուղատնտեսական համալսարանում: Այժմ ասորական «Գաբարա» երիտասարդական կազմակերպության նախագահն է: Մասնակցել է և՛ ապրիլյան, և՛ արցախյան երկրորդ պատերազմներին:

Տիմոֆեյի հետ զրուցել եմ արցախյան երկրորդ պատերազմին մասնակցության, կորուստների և հետևանքների մասին:

-Տիմոֆե՛յ, մասնակցել ես երկու պատերազմի, որի՞ մասին ես ավելի դժվարությամբ խոսում, վերհիշում։

-Երկուսի մասին էլ խոսելը, պատմելը դժվար է, ահռելի մարդկային կորուստներ ունեցանք, ինչպե՞ս կարելի է այդքան երիտասարդ կյանքեր խլած պատերազմների մասին հանգիստ խոսել:

-Այս անգամ ինչպե՞ս հայտնվեցիր ռազմի դաշտում, ի՞նչը քեզ մղեց մասնակցել պատերազմին։

-Ամսի 28-ին՝ պատերազմի սկսման հաջորդ օրը, Արզնիում ասորական ջոկատ կազմվեց, ցանկություն հայտնեցի միանալ և մեկնել ռազմաճակատ: Հայաստանում եմ ապրում, չէի կարող անտարբեր լինել:

-Հասկանո՞ւմ էիր, թե ուր ես գնում, ինչ է քեզ այնտեղ սպասվում:

-Այո, գիտակցում էի, առաջին անգամ չէի գնում պատերազմ: Հասնելուն պես էլ մի բան հասկացա. պետք չէր զուտ վերացական խոսքերով առաջնորդվել, պետք էր հստակ գործել և միասնական լինել:

-Մարտի դաշտում առաջին զգացողություններն ինչպիսի՞ն էին:

-Հեշտ չէր, դրա մասին խոսելն անգամ ինձ համար ծանր է, փորձում էի խուճապի չմատնվել և զգոնություն դրսևորել:

-Ի՞նչ ազդեցություն ունեցավ պատերազմը քո աշխարհընկալման վրա:

-Ավելի շատ գործում եմ, քան խոսում: Այս պատերազմին ասորիներ էլ զոհվեցին, ես սովորեցի նրանց ընտանիքների հանդեպ ուշադիր լինել, և ընդհանրապես կարևոր է բոլորի հանդեպ լինել անկեղծ և հետևողական:

-Դժվա՞ր է վերադառնալ խաղաղ առօրյային, շփվել մարդկանց հետ:

-Ինձ համար՝ ոչ, մարտական գործողությունների ընթացքում էլ ես հոգեբանորեն ընկճված չեմ եղել, մեր մոտ եղբայրական, միասնական մթնոլորտ էր:

-Տարբերություն դնու՞մ ես հայի և ասորիի միջև։

-Տարբերություն չեմ դնում հայի և ասորիի միջև, քանի որ կողք կողքի ենք ապրում, դավանում ենք նույն կրոնը: Բայց կան դեպքեր, երբ պետք է առանձնանալ, որպեսզի պահենք մեր մշակույթը և ազգային դիմագիծը:

-Թվիթերում ադրբեջանական էջերից մեկը քեզ ներկայացրել էր որպես սիրիացի ահաբեկիչ, ինչպե՞ս կմեկնաբանես:

-Որպես հումոր, կարդացի, ծիծաղեցի, անցավ, գնաց: Ավել ոչ մի բան:

-Պլատոնը ասել է՝ միայն նահատակները կտեսնեն պատերազմի ավարտը։ Ինչպե՞ս կմեկնաբանես այս միտքը, համաձա՞յն ես։

-Համաձայն եմ, կարող եմ ավելացնել, որ պատերազմները չեն ավարտվում, ավարտվում են միայն կռվող զինվորների կյանքերը:

Անի Տոնոյան

4-րդ կուրս

Կիսվել