Ի՞նչ է իրականում ասել Լավրովը

Ի՞նչ է իրականում ասել Լավրովը

487

Հայկական լրատվական կայքերը տարածում են «Ղարաբաղում անհրաժեշտ է խաղաղապահներ տեղակայել․ Սերգեյ Լավրով» վերտառությամբ հրապարակում, որտեղ նշված է, թե ՌԴ ԱԳՆ ղեկավարը խոսել է Արցախում խաղաղապահներ տեղակայելու անհրաժեշտության մասին։ Սակայն Լավրովի խոսքերն այսպես մեկնաբանելը մանիպուլյատիվ է, քանի որ նա, ըստ էության, խոսել է ոչ թե խաղաղապահներ տեղակայելու, այլ միջազգային դիտորդներ ներգրավելու անհրաժեշտության մասին:

Մի շարք լրատվականներ (այդ թվում՝ լայն լսարան ունեցող), սակայն, հրապարակման մեջ գրել են, թե, Լավրովի կարծիքով, Ղարաբաղում քաղաքական կարգավորումը հնարավոր է և պետք է ընթանա տեղում պայմանավորվածությունների իրագործմանը զուգահեռ եւ որ նրա խոսքով՝ Ղարաբաղում անհրաժեշտ է խաղաղապահների տեղակայել։

Իրականում, լրագրողի հարցին, թե՝ «Հայաստանի հետ Արցախի հուսալի կապը նշանակում է երկու շրջա՞ն, խոսքը Լաչինի միջանցքի մասի՞ն է», Լավրովը պատասխանել է այսպես.

«Բոլոր պայմանավորվածությունները, որոնք վերջին անգամ քննարկում էինք, և որոնք կողմերը լրջորեն ընդունում էին, առաջարկում էին առաջին փուլում ազատել 5 շրջանները` երկու շրջանը թողնելով հաջորդ փուլին: Երկրորդ փուլում էր որոշվելու նաև Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Իսկ առաջին փուլում, եթե ազատվեին երկու շրջանները, բոլոր հաղորդակցությունները, տնտեսական կապերը, տրանսպորտային կապեր կարգելափակվեին և կտեղակայվեին խաղաղապահներ, որոնք կերաշխավորեին մարտական գործողությունների չվերսկսումը»։

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

Այստեղ, փաստացի, Լավրովը խոսել է ոչ թե խաղաղապահների ներգրավման անհրաժեշտության մասին, այլ միայն հիաշատակել է հակամարտության լուծման փուլային տարբերակի էությունը, որով ենթադրվում էր նաեւ խաղաղապահների տեղակայում։

Ավելին, լրագրողը Լավրովի այս պատասխանից հետո ճշտող հարց է հնչեցրել՝ «ամեն դեպքում խաղաղապահնե՞ր, դա հենց այն մեխանիզմն է, որի մասին քիչ առաջ խոսո՞ւմ էիք»: 

Լավրովը հստակ պատասխանել է, որ ինքը դա նկատի չունի․

 «Ոչ»,- շեշտել է ՌԴ ԱԳ նախարարն ու շարունակել․ «Այս պահին խոսքը խաղաղապահների մասին չէ, այլ դիտորդների, ռազմական դիտորդների, նրանք բավարար կլինեին»։

Լավրովը նաեւ նշել է, որ, իր կարծիքով, ճիշտ կլիներ, եթե դիտորդները ՌԴ-ից լինեին, բայց վերջնական խոսքը կողմերինն է, նկատի ունի՝ հակամարտող կողմերին։

Այսպիսով` Լավրովը ոչ թե անհրաժեշտ է համարել խաղաղապահների տեղակայումը, այլ հիշատակել է հակամարտության լուծման այդ առաջարկը, իսկ անհրաժեշտ համարել է ռազմական դիտորդների ներգրավումը եւ ընդգծել, որ այս մեխանիզմի կիրառումն էլ բավարար է: 

Իսկ ահա լրատվամիջոցների՝ «Ղարաբաղում անհրաժեշտ է խաղաղապահներ տեղակայել․ Սերգեյ Լավրով» վերնագրերից տպավորություն է ստեղծվում, թե արդեն քննարկվում է Արցախ խաղաղապահներ բերելու հարցը։

Զարա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել