Ստեփանակերտում արված լուսանկարները ներկայացվել են որպես ադրբեջանական

Ստեփանակերտում արված լուսանկարները ներկայացվել են որպես ադրբեջանական

508

Չինական CGTN միջազգային մեդիա կազմակերպությունը ինսթագրամյան էջում հրապարակել է Ստեփանակերտում արված լուսանկարները` որպես Ադրբեջանական Գյանջա քաղաքում արված նկարներ: Հուղարկավորության ընթացքում արված լուսանկարներին կից գրության մեջ ասվում է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի Գյանջա քաղաքի հրթիռակոծման հետևանքով իրենց հարազատներին ու ընկերներին կորցրած բնակիչները վշտով լի աչքերով աղոթում են: Գրության մեջ նշվում է նաեւ, որ Ստեփանակերտ քաղաքից հրթիռակոծումից ժամեր անց՝ ավելի սրացնելով էթնիկ հայերի և ադրբեջանցիների՝ արդեն 3 շաբաթ ծգվող կոնֆլիկտը տարածաշրջանի համար, Ադրբեջանի 2-րդ ամենամեծ քաղաքում՝ Գյանջայում, շաբաթ օրվա դրությամբ 12 խաղաղ բնակիչ է սպանվել, 40-ը՝ վիրավորվել: 

Ընդ որում` ՀՀ ՊՆ-ն բազմիցս հայտարարել է, որ ինքը Գյանջայի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ չի հասցնում: Հայկական կողմի հերքման մասին լուսանկարներին կից գրության մեջ նշել է նաեւ CGTN-ն` իր ինսթագրամյան էջում:

Այս լուսանկարները ներկայացվել են որպես ադրբեջանական` չնայած այն հանգամանքին, որ լուսանկարներից մեկում ակնհայտորեն երեւում է Արցախի Հանրապետության դրոշը, ներկա գտնվողներից մեկն էլ ԱՀ ԱԻՊԾ աշխատակցի համազգեստով է: Մեկ այլ նկարում էլ երեւում է ծաղկեպսակ, որի վրա գրված են հայերեն բառեր: Lուսանկարների հեղինակը Ֆրանս Պրեսս գործակալության (AFP) լուսանկարիչ Արիս Մեսսինիսը: Վերջինս այս լուսանկարները հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում, որից հետո դրանք լայն տարածում գտան նաեւ հայկական մեդիա տիրույթում: Լուսանկարիչը լուսանկարներին կից գրել էր.

«Նրանք դա անվանում են կորուստ, բայց ցավը զգալ չեն կարող:

Ծառայակից ընկերների հուղարկավորությունները Ստեփանակերտում 2020 թ. Հոկտեմբերի 17-ին, քանի որ Հայաստան-Ադրբեջան հակամարտության ընթացքում կռիվը շարունակվում է»:

Զարա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել