Կորոնավիրուսը կարծես մոռացնել տվեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի մարտահրավերները։ Ամեն տարի դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ–ի դեմ պայքարի միջազգային օրը աշխարհում, այդ թվում Հայաստանում, բազմաբնույթ տեղեկատվական միջոցառումներ էին իրականացվում։ Այս տարի պատկան մարմինները բավարարվեցին միայն հիվանդացածության մասին պաշտոնական թվեր հրապարակելով։ Չնայած տարիներ շարունակ խոսվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի փոխանցման ուղիների մասին, բայց դեռ խտրական վերաբերմունքը կա վարակակիրների նկատմամբ։ Նրանք թաքցնում են իրենց կարգավիճակը՝ հասարակության կողմից արհամարհված չլինելու համար։
Ըստ Հայաստանի առողջապահության նախարարության կայքէջի՝ 2019 թվականին մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ապրող մարդկանց գնահատված թիվը կազմել է 38 միլիոն, որոնց շուրջ 68%-ն ընդգրկված է եղել հակառետրովիրուսային դեղերով բուժման ծրագրում: Նույն ժամանակահատվածում աշխարհում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի 1 միլիոն 700 հազար նոր դեպք և 690 հազար մահ` ՄԻԱՎ-ի հետ կապված պատճառներից:
31-ամյա Անի Ա–ի (հասկանալի պատճառով անունը չենք նշում հեղ․) ամուսինը պատիժ է կրում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում ։ Չի թաքցնում՝ ամուսինը հակում ունի թմրամիջոցների նկատմամբ։ ՔԿՀ–ում մեկ տարի առաջ հերթական բժշկական հետազոտությունից հետո պազվեց , որ ՄԻԱՎ վարակակիր է, ու կնոջ խոսքով` սկսվեց «ամուսնու կյանքի սարսափելի օրերը»։
-Ամուսնուս տարան ՑԵԲԵ («Դատապարտյալների հիվանդանոց » ՔԿՀ–հեղ․), մի քանի օր մնաց, հետո բերեցին նրա նախկին կալանավայրը։ Առանձին ա ապրում։ Ոչ մեկը չի շփվում հետը, ասում են՝ ՍՊԻԴ ես, արհամարհված ա բոլորի կողմից»,–ասաց Անին։
Նրա խոսքով՝ այս տարբերակումը հոգեպես ավելի է ընկճում ամուսնուն։ Նույնիսկ ինքնասպանության փորձ է արել։ Անին նույնպես ՄԻԱՎ վարակակիր է, ու չնայած ապրում է ամուսնու ծնողների հետ, բայց վերջիներս տեղյակ չեն տղայի ու հարսի վարակակիր լինելու մասին։ Չորս տարեկան տղա ունեն։
-Եթե շրջապատս իմանա՝ ամեն ինչ կկորցնեմ, աշխատանքը նույնիսկ, որ ապրուստիս միակ միջոցն է,–ասաց Անին։
Նրա խոսքով՝ ամուսնու վարակակիր լինելը «բանտի աշխատողներն են շուխուռ արել»։
-Հիմա իրա հետ կոֆե չեն խմում, սաղ օրը ծխում է ու մտքերի մեջ է։ Դաժե ընդհանուր հեռախոսից օգտվելուց հետո խոնավ սալֆետկով սրբում են,–ասում է Անին։
Անին գրքույկներ, տեղեկատվական թերթիկներ է տարել ՔԿՀ, որպեսզի կարդան ամուսնու բախտակից ընկերներն ու վատ չտրամադրվեն նրա նկատմամբ։
-Ոչ մի բան չի փոխվում, ասում ա՝ ազատվեմ, Հայաստանից պիտի գնանք, չեմ կարա սենց մնամ, անտեսված ու արհամարհված,–նշում է Անին։
Ի տարբերություն ամուսնու՝ Անին այլ նպատակ ունի։ Նա ցանկանում է հասարակական կազմակերպություն բացել, որի անդամները ՄԻԱՎ վարակակիրներ կլինեն, ու տեղեկատվական պայքար կսկսեն։
-Կասենք՝ ժողովուրդ, մենք վարակակիր ենք, բայց ապրում ենք, ունենք նույն իրավունքները, բոբո չենք, մի վախեցեք մեզնից,–ասաց Անին։
Մեր երկրի առողջապահության նախարարության տվյալներով, Հայաստանի քաղաքացիների շրջանում մինչև 2020թ․ նոյեմբերի 27-ը գրանցվել է ՄԻԱՎ-ի 4123 դեպք, որոնցից 448-ը`անցած տարվա ընթացքում։ 1988թ. Մինչև 2020թ․ նոյեմբերի 27-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 221 դեպք օտարերկրացիների շրջանում, որոնցից 198-ը` 2019թ. ընթացքում: 1988-ից 2019 թվականներին գրանցվել է ՄԻԱՎ-ից մահվան 860 դեպք: 2020 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ` հակառետրովիուսային բուժման մեջ ընդգրկված է ՄԻԱՎ-ով ապրող եւ իր կարգավիճակն իմացող 2326 մարդ:
Ըստ այս թվային տվյալների՝ Հայաստանում ՄԻԱՎ–ով վարակակվածների թիվն այնքան էլ քիչ չէ։ Անիի խոսքով, ժամանակի ընթացքում գուցե ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ն էլ դառնա կենսակերպ, ինչպես շաքարային դիաբետն ու այլ հիվանդություններն են։
-Քանի բոբիկ ենք վարակի մասին ինֆորմացիայից, բոլորս պիտի ուժերը կենտրոնացնենք էդ ուղղությամբ, որ ատելությունն ու արհամարհանքը վերանա, որ վարակակիրներին մատնացույց չանեն, որ մարդիկ չվախենան հետազոտվել ու չապրեն «ՍՊԻԴ» խարանի տակ,–ասաց Անին։
Հովիկ Վանյան
2-րդ կուրս