Երաժշտությունը՝ հոգեբան

Երաժշտությունը՝ հոգեբան

1232

Երաժշտությունը միշտ էլ եղել է մեր պատմության ու կյանքի անբաժան մասերից մեկը։ Պատերազմի ժամանակ մարտական ոգին է բարձրացրել, տխրության պահին վիշտը կիսել, իսկ ուրախության պահերին՝ էլ ավելի թևեր տվել։ Սակայն ճիշտ ժամանակ ճիշտ երաժշտություն լսելը կարող է նաև բուժել, այդ գործընթացը կոչվում է հենց երաժշտաթերապիա։ Երաժշտաթերապևտ Աննա Գրիգորյանը պատմում է երաժշտաթերապիայի, դրա պատմության ու նշանակության, ճիշտ երաժտություն ընտրելու ու այն զգալու մասին։

– Ի՞նչ է իրենից ներկայացնում երաժշտաթերապիան։

– Երաժշտաթերապիան` որպես արտթերապիայի առանձին ճյուղ զարգացել է 20-րդ դարի 70-80-ական թվականներին։ Դրանից առաջ այն եղել է ոչ գիտակցական մակարդակի վրա՝ շամանները, մասոնները, վայրի ցեղերը ինչ-որ շարժումներ են կատարել` այն դիտարկելով որպես պար, ինքնաշեն գործիքներով ձայներ են ստեղծել ու գնացել որսի, մտածել որ եթե այդ երաժշտությունն ու ձայները լինեն, ավելի հաջողակ որս կունենան։ Եթե ունեցել են ծանր հիվանդներ, նրանց նույնպես փորձել են բուժել երաժշտության միջոցով։ Այն իհարկե ունեցել է պլացեբոյի էֆեկտի հիմք, այսինքն, եթե ես այս բանն անում եմ, ու ինձ համար դալավ է, ապա այն շարունակական կարող է լինել։

– Ու՞մ համար է ավելի օգտակար երաժշտաթերապիան, և ո՞վքեր կարող են զբաղվել դրանով, կա՞ն որոշակի սահմանումներ։

-Երաժշտաթերապիան օգտագործվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար, այն երեխաների ովքեր ունեն անհատական մոտեցման կարիք։ Սակայն այն պետք չէ սահմանափակել միայն տվյալ մարդկանց խմբով։ Եթե ինքներս մեզ վրա դիտարկենք, երբ մենք ունենում ենք վատ տրամադրություն և լսում ենք մի երաժշտություն, որը լավ հիշողություններ է արթնացնում, մեր տրամադրությունը փոխվում է դեպի լավը, նույնն էլ կարող ենք դիտարկել հակառակ դեպքում։ Ցանկացած երաժշտություն, որը լսում ենք, պետք է զգանք ու լիովին մտնենք այդ պրոցեսի մեջ որպեսզի մեր բացասական մտքերն ու զգացողությունները կարողանանք հաղթահարել։

– Օրինակ՝ այս պատերազմական շրջանում շատերը ստրեսի մեջ են, չեն կարողանում վերադառնալ իրենց կյանքի բնականոն հունին, խորհուրդ կտա՞ք երաժշտաթերապիան։

– Միանշանակ։ Պատերազմական իրավիճակը մեզ բոլորիս բերեց շատ ծանր հոգեկան, հոգեբանական, ստրեսային հոգեվիճակի։ Ցանկացած մարդ ինքն է իր հոգեբանը։ Այս իրավիճակում էլ պետք է ճիշտ երաժտություն ընտրել։ Հայրենասիրական ու ազատագրական երգերը կարող են դեպրեսիայի հանգեցնել, քանի որ երգերն ու իրականությունը տարբերվում են իրարից։ Այն, որ այս ընթացքում շատերից էի լսում «դե էս տխուր իրավիճակում ինչ ուրախ երաժշտություն» արտահայտությունը, կարող եմ ասել, որ շատ սխալ մոտեցում է։ Մարդիկ պետք է լսեն այն, ինչ ուզում են այդ պահին, որպեսզի իրենց ավելի լավ և հարմոնիկ զգան։

– Ի՞նչ երաժշտություն է անհրաժեշտ երաժշտաթերապիայի համար։

-Այստեղ շատ կարևոր է նաև մարդու ճաշակը։ Եթե մարդը սիրում է ծանր ռոք լսել և հոգեբանորեն դրան պատրաստ է, չպետք է ստիպենք այլ ժանր լսի։ Իհարկե կա հատուկ երաժշտություն երաժշտաթերապիայի համար, որը սովորաբար հենց երաժշտություն է, առանց բառերի։ Կան մեթոդներ, որ մարդուն տալիս ենք երաժշտական գործիքը, և նա կարող է անել ինչ ուզում է՝ նվագել, ուղղակի շոշափել, հարվածել գործիքին՝ արտահայտելով իր միջի բացասական ու անհանգստացնող զգացողությունները։ Ամենաբուժիչ երաժշտական գործիքը համարվում է ֆլեյտան և բավականին լավ արդյուքն կարող է տալ։

-Իսկ ի՞նչպես է երաժշտաթերապիան զարգացած Հայաստանում։

-Ցավոք, Հայաստանում երաժշտաթերապիան և արտթերապիան այդքան զարգացած չեն։ Ունենք բավականին լավ մասնագետներ, բայց չունենք այն, ինչ մեզ պետք է։ Պահանջարկը շատ մեծ է՝ անկախ նրանից՝ տվյալ մարդիկ ունեն խնդիրներ, թե ոչ։ Մարդը ժամանակ առ ժամանակ պետք է առանձնանա իր հետ, և կան մարդիկ, ովքեր իրենք իրենց հետ առանձնանում են, սակայն չեն գտնում ելք իրենց խնդրի համար և նրանք պետք է դիմեն մասնագետներին։ Պետք է ընտրել ճիշտ մասնագետ այդ պահի համար, որի համար էլ ուղղորդում է հենց հոգեբանը՝ ելնելով տվյալ անձի նախասիրություններից ու հոգեբանական վիճակից։

Լիանա Թուրյան

4-րդ կուրս

Կիսվել