Մազաթափությունն անհնար է բուժել տնային պայմաններում

Մազաթափությունն անհնար է բուժել տնային պայմաններում

1422

«Տարիներ շարունակ ունեցել եմ մազաթափության խնդիր, փորձել եմ ամեն հնարավոր դեղամիջոց, քսուք, սակայն ոչ մի դրական արդյունք չկար: Հետագայում որոշեցի դիմել  մեզոթերապևտիկ ( մեզոթերապիան հատուկ վիտամինային նյութերով ներարկում է) մասնագետի»,-ասում է  25 ամյա Սոֆի Վարդերեսյանը։

Սոֆին նշում է, որ այցելությունը տասն օրը մեկ է։ Առայժմ  երեք թերապիա է անցել, դեռ երեքն էլ կա։

«Դրական արդյունքի մասին խոսելը վաղ է․ մասնագետները նշում են, որ արդյունքը միգուցե տեսանելի լինի վեց ամսից»,-նշում է նա։

Չնայած օգտակարությանը, մասնագետները մեզոթերապիայի 100%-ոց արդյունք չեն խոստանում։

Գլխամաշկի մեկ այլ գործողություն կոչվում է պլազմոթերապիա։

Պլազմոթերապիայի մասնագետ, կոսմետոլոգ Ժասմեն Սահակյանը ներկայացնում է մազերի խնամքի այդ գործողությունը։

«Կատարվող պրոցեդուրան՝ պլազմոթերապիան, պլազմոլիֆտինգն է, որը հաճախորդի արյան պլազմայի վրա հիմնված ներարկումային մեթոդ է՝ իր իսկ արյան թրոմբոցիտներով հարուստ աուտոլոգիական շիճուկի ներարկմամբ։ Գեղագիտական բժշկության բնագավառում այն իրական բեկում է։Ինչքանո՞վ է օգնում. եթե առկա է մազաթափություն, միանշանակ կանխում է այն, խոսքն արդեն վնասված մազարմատի մասին չէ»,-նշում է մասնագետը։

Նա հավելում է, որ այս ներարկումներով միգուցե հնարավոր չէ վերականգնել լիովին վնասված մազարմատը, բայց վստահաբար կարող է ասել, որ կանխում է մազաթափությունը, շատ լավ ցուցված է գլխամաշկի չորությանը, յուղոտ մազերին, թեփին։Հակառակ ռեակցիա չի կարող առաջացնել, կան պարզապես որոշակի հակացուցումներ, որոնց առկայության  դեպքում չի կատարվում թերապիան։

Տարիքային սահմնափակում չկա, կան հակացուցումներ հետեւյալ դեպքերում՝ շաքային դիաբետ, հղիություն և կրծքով կերակրում, արյան անմակարդելիություն, պրեպարատի ներարկման հատվածներում ցանավորում, ուռուցքային հիվանդություններ։ Առողջական այլ խնդիրներ չեն առաջանում, մասնագետի հավաստմամբ՝ ավելին, կարգավորվում են նյութափոխանակությունը և արյան շրջանառությունը։

30 ամյա Արևիկ Ադամյանը կատարել է պլազմոթերապիա մազաթափությունը կանխելու համար։ Նա նշում է․ «Թերապիան կատարել եմ վեց անգամ։ Ճիշտ է, մի փոքր ցավոտ էր, բայց արդյունավետ։ Երկրորդ, երրորդ այցից արդյունքը նկատելի է»։

Շամիրամ Ավետիսյանը ևս ուներ մազաթափության խնդիր, սակայն նրան օգնել է հատուկ մազաթափության դեմ քսուք-շամպունը։

«Ինձ մոտ նյութափոխանակության խանգարում կար, որից էլ առաջացել էր մազաթափություն։ Բժշկի խորհրդով օգտագործել եմ  քսուք շամպուն, որն ինձ շատ է օգնել, մինչ օրս էլ օգտագործում եմ»,- ասում է Շամիրամը։

Բժիշկ-մաշկաբան Վերոնիկա Նավասարդյանի մեկնաբանությամբ՝ մազաթափության պատճառները տարբեր են։

«Հիմնական պատճառներն են օջախային անդրոգենային և առավել լայն տարածում գտած հորմոնալ կրիզների հետ կապված խնդիրները։ Մասնագիտական տերմինաբանությամբ օջախային մազաթափությունը աուտոիմուն գործընթաց է»,- նշում է նա։

Բժշկի խոսքով՝ արտաքին գործոնները շատ մեծ դեր են կատարում մազաթափության զարգացման գործում։ Առավել նպաստավոր են սթրեսային և եղանակային պայմանները։

Օրգանիզմի նորմալ նյութափոխանակության և մազերի ճիշտ խնամքի դեպքում թափված մազի փոխարեն կհայտնվի մազային նոր սոխուկ։

Մազաթափության ճշգրիտ ախտորոշման համար պետք է դիմել բժշկի։ Տնային բուժումն այս պարագայում գրեթե անհնար է։

Անուշ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել