«Եթե ինչ-որ մեկը կարողացել է, ուրեմն՝ ես էլ կարող եմ». Սարգիս Ստեփանյան

«Եթե ինչ-որ մեկը կարողացել է, ուրեմն՝ ես էլ կարող եմ». Սարգիս Ստեփանյան

608

Կյանքի առաջ չընկրկեց ու չհանձնվեց։ 2014թ հունիսի 29-ին Արցախում, լինելով հատուկ նշանակության վաշտի հրամանատար, հայրենիքի պաշտպանության ժամանակ ծառայակից ընկերոջը ականապատված տարածքից դուրս բերելու ժամանակ Սարգիս Ստեփանյանը կորցրեց վերջույթները: Սակայն դրանից հետո չզորացրվեց, և նա ոչ միայն մնաց շարքում, այլև  այս անգամ ևս մեկնեց առաջնագիծ։  Երկու ոտքն ու աջ ձեռքը կորցրած սպան հիշում է, թե ինչպես հատուկ առաջադրանք ստանալով՝ իր խմբի տղաների հետ միասին գնացին զինծառայողին փրկության. «Վառ գիտակցում էի, որ պետք է ամեն ինչ անեմ, որ շուտ հասնեմ իրեն, որովհետև դա կյանքի հարց էր։ Ականազերծելով, բավականին արագ քայլերով, մեծ դժվարություններ հաղթահարելով՝ հասա իրեն, բայց հասնելուն պես ես նույնպես ականապայթունային վիրավորում ստացա»։

Զինծառայողին փրկել չհաջողվեց, բայց Սարգիս Ստեփանյանը չհանձնվեց: Պատմում է, որ վիրահատությունից հետո երրորդ օրն է ուշքի եկել և միանգամից հասկացել, թե ինչ վիճակում է։ Հիվանդանոցում լինելու ժամանակ շատ բժիշկներ հոգեբանական օգնություն են առաջարկել, բայց բոլորին մերժել է։ Ինչպես ինքն է ասում՝ յուրաքանչյուր ոք ամենալավը գիտի իր հոգին։ Առաջնահերթ մտածում էր քայլել կարողանալու մասին։ Տեսանյութեր էր դիտում նմանատիպ խնդրով մարդկանց մասին և մոտիվացվում. « Գիտակցում էի, որ հետ բերել ոչինչ չեմ կարող, բայց հասկանում էի, որ եթե ինչ-որ մեկը կարողացել է, ուրեմն ես էլ կարող եմ»։

Երկու որդիների հայրը հասկացավ, որ հանձնվելու իրավունք չունի։ Երբ հոսպիտալում էր, չէր ցանակնում, որ երեխաներն իրեն տեսնեն, միակ դեպքն էր, որ իր կարծիքով թուլություն է դրսևորել.  «Որդիներս ավելի ուժեղ են։ Ես չէի ուզում ինձ այդպես տեսնեն, պատրաստ չէի։ Մտան սենյակ և կատակներ անելով շրջանցեցինք այդ թեման։ Կինս՝ Արմինեն, ով ծնվել է Արցախում, նույնպես շատ ուժեղ է։ Այդ ժամանակ միայն ես էի թույլ»։

Ընդամենը ամիսներ անց սկսեց պրոտեզներով քայլել, վերադառնալ կյանքի բնականոն ընթացքին։ Ծառայությանը զուգահեռ սկսեց մարզվել պրոֆեսիոնալ սպորտաձևով՝ բազկամարտով։ Հաջողություները չուշացան ոչ միայն սպորտում, այլև ծառության մեջ։ 2019թ. հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանն արժանացավ ՀՀ ԶՈՒ փոխգնդապետի զինվորական կոչման։ Ընկերների հետ ստեղծեցին նաև հաշմանդամային սպորտի ֆեդերացիա, որին զուգահեռ գործում է նաև մարզասրահ՝ հատուկ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարություններով. «Երբ գնահատված ես լինում քո ժողովրդի կողմից, քո ընտանիքի կողմից, դա պարտավորեցնում է, որ չհանձնվես, թույլ չգտնվես և իրենց չտխրեցնես։ Հասկանաս, որ կյանքը շարունակվում է, և եթե շարունակվում է, դու պետք է ամուր լինես և օրինակ ծառայես քո շրջապատին, դա է հենց կամքը»։

Կորոնավիրուսի պատճառով մի քանի միջազգային մրցաշարեր չեղարկվեցին, բայց սպասում էին 2021թ.-ի մրցաշարերին, այդ ընթացքում մարզվում էին, պատրաստվում էին։  Մարզվեցին, բայց մրցաշարերից առաջ սկսվեց Արցախյան 2-րդ պատերազմը, և Սարգիս Ստեփանյանն անհապաղ մեկնեց առաջնագիծ։ Այս պատերազմում ևս ցուցաբերեց արիություն, բայց ստացավ բեկորային վնասվածքներ։ Հրաշքով եմ փրկվել՝ նկատում է Ստեփանյանը. «Մի քանի մակերեսային բեկորներ են եղել, հանել են։ Ինքնազգացողությունս լավ է։ Ամեն ինչ շատ լավ է ու լավ է լինելու»։

Սարգիս Ստեփանյանը մեր ժամանակի հերոսն է, ով իրեն համարում է հայրենիքի հավերժ զինվորը։

«Մոնթեն ասում էր՝  եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը։ Նժդեհն ասում էր՝ Սյունիքը մեր աշխարհագրական հայրենիքի ողնաշարն է, առանց որի Հայաստան գոյություն ունենալ չի կարող։ Մեզ այսօր ուզում են մոտեցնել դրան։ Չի ստացվելու։ Հայը հավերժ է։ Հայրենիքս՝ մնայուն»։

Էլիզա Գալուստյան

3-րդ կուրս

Կիսվել