«ԻՆՉՔԱՆ ԷԼ ԽՈՒՍԱՓԵՄ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ՓԱԽՉԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ»

«ԻՆՉՔԱՆ ԷԼ ԽՈՒՍԱՓԵՄ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ՓԱԽՉԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ»

1655

-Մա’մ, հլը լսի՝ էս ակորդը ճի՞շտ ա:

-Հա, Մա’ն, բայց մեկ ա՝ ինձնից լավ չես նվագում:

Նվագելու հանդեպ Մանեի սերը վաղ տարիքից է գալիս: Տանը մայրն է իր ուսուցիչը:
Պատմում է, որ դեռ չծնված է Մանեն երաժշտության մեջ եղել, նա ինքը դաշնակահարուհի է:
Այդ շրջանում լսած երգերը Մանեն այսօր ինքն է կատարում: 2-3 տարեկանից է սկսել նվագել՝ աջ ձեռքով, փոքրիկ աղջնակի առաջին կատարումն էլ  «Բլանկոյի այրին» ֆիլմի սաունթրեքն է եղել:

«Հայրս պատմում է, որ իր 40-ամյակին, երբ շատ ընկերներ ու հարազատներ հավաքվել էին, մի ձեռքով նվագել եմ այն երգերը, որոնք նրանք ցանկացել են:  Ափսոսում եմ, որ չկան պահպանված տեսանյութեր, բայց հայրս պնդում է՝ այդ օրը երաժշտությունն իրենց համար հենց ես եմ ապահովել»,- պատմում է Մանեն:

Մասնագիտությամբ երաժիշտ չէ, սովորում է ժուռնալիստիկայի ֆակուլտետում:
2004-ին ընդունվել է երաժշտական դպրոց ու սովորել ընդամենը 3 տարի:

«Նոտաներով չէի սիրում նվագել, ամեն ինչ լսողությամբ էի անում, դա էլ երաժշտական դպրոցում չէին ընդունում: Ստիպողաբար էի գնում, հիասթափվեցի ու դուրս եկա»:

Արդեն Մայր բուհի ուսանող էր, երբ երաժշտությունը նորից գրավեց Մանեին, և 2015-ին վերադարձավ՝ շարունակելու կիսատ թողածը: Խոստովանում է՝ ինչքան էլ խուսափեցի, միևնույն է, երաժշտությունից փախչել չկարողացա: Սրանում նա համոզվեց, երբ վերջերս պապի՝ աշուղ Քոչարի գրած բանաստեղծության հիման վրա հեղինակեց «Դե առաջ» երգը:
Շատ համագործակցություններ ունի: Աննան ընկերուհին է. միասին աշխատել են.
«Մանեի հետ հասկանում ես՝ ինչ եք ուզում ստեղծել, բայց, ասեմ՝ աշխատանքում պահանջկոտ ու բծախնդիր է»:

Մինչ այս երաժշտության հետ ոչ մի հույս չի կապել, հիմա որոշել է լուրջ զբաղվել, հաճախում է դաշնամուրի ու կիթառի դասընթացների, պլանավորում է վոկալի դասընթացների էլ գնալ: Մոտ ապագայում էլ «Հայկազուն» խմբում է երգելու:

Մանեն արդեն 7 երգի երաժշտության հեղինակ է:  Հաջորդ երգը քեռորդուն է նվիրելու. տղայի ընտանիքի խնդրանքով է գրել: Զոհված զինվորի մասին է:

 

Նելլի Մելքոնյան

2-րդ կուրս

Կիսվել