Պատերազմի մեկնարկից 97 օր անց տուն է զանգահարել ժամկետային զինծառայող Դավիթ Մարտիրոսյանը։ Նա Շիրակի մարզի Գետք գյուղի բնակիչ է։
«97 օր տղայիս հետ չէինք խոսել, ձայնը չէինք լսել, սա հրաշքի նման մի բան է մեզ համար, հիմա հավատում եմ, որ հրաշքներ լինում են իրական կյանքում: Դավիթս զանգահարեց դեկտեմբերի 30-ին՝ իմ ծննդյան օրը, անսպասելի էր, հուզմունքս ու ուրախությունս խառնվեցին իրար: Վերջին անգամ տղայիս հետ խոսել էի պատերազմից մեկ օր առաջ ու էլ ոչ մի անգամ նրա հետ խոսելու հնարավորություն չի եղել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Դավիթ Մարտիրոսյանի մայրը` Անահիտ Հլխաթյանը:
Դավիթից պատերազմի ընթացքում մեկ անգամ կցկտուր լուր ծնողները մարտի դաշտից վերադարձած կամավորականներից էին ստացել։ Որդու հետ կապի բացակայության պատճառով չեն կարողացել խոսել, նրանից լուր ընդհանրապես չեն ունեցել:
«Ահավոր սթրեսային վիճակում էինք, բայց փառք Աստծո, տղայիս ձայնը լսեցի: Դպրոցն ավարտելուց հետո միանգամից զորակոչվել էր բանակ, վեց ամսից ծառայությունը կավարտի»,- պատմել է մայրը։
«Լուսանկարում իմ տղան է, պատերազմից երեք օր անց այդ նկարը պատերազմը խորհրդանշող մյուս լուսանկարների հետ տարածվեց համացանցում, ու ես իմ տղային ճանաչեցի»,- ասում է տիկին Անահիտը: