Ճանաչենք մեր հերոսներին. Սերյոժա Փանոսյան

Ճանաչենք մեր հերոսներին. Սերյոժա Փանոսյան

2041

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու հետևանքով քաջաբար զոհվեց Սերյոժա Փանոսյանը։ Սերյոժան ծնվել է 2002 թ.-ի ապրիլի 15- ին քաղաք Ապարանում։ 

Հերոսի կյանքի լավագույն դրվագների մասին զրուցել ենք մտերիմ ընկերոջ՝ Նարեկ Հարությունյանի հետ։ Սերյոժայի ու Նարեկի ընկերությունը երկար տարիների վաղեմություն ունի։ Տղաները միասին մանկություն ու պատանեկություն են անցել։ Արժևորել են, գնահատել ու  պահպանել են իրական ընկերությունը, որին մահն էլ չի հաղթել։

Նարեկը մեծագույն սիրով ու ջերմությամբ է պատմում հերոս ընկերոջ մասին, ասում է ՝ Սերյոժան ընկերասեր էր, նվիրված, սկզբունքային ու հավասարակշռված. «Ինքը շատ կամեցող էր, ամեն կերպ փորձում էր բոլորին օգնել, եթե անգամ անձամբ չկարողանար, մեկ է միշտ ելք գտնում էր, իր համար կապ չուներ, թե ով էր իրեն դիմում։ Իմ կյանքում երևի նման ընկեր այլևս չհանդիպեմ, ինքը ուրիշ կերպ էր ընկալում ընկերությունը, իր համար ընկերությունը մեծագույն արժեք էր»։

Երբ Նարեկին հարցրի, թե ինչ ծիծաղելի դեպք կհիշի ընկերոջ հետ կապված, ոչինչ չառանձնացրեց։ «Այդ դեպքերը այնքան շատ են եղել, որ առանձնացնել չեմ ուզում. իրեն էլ միշտ ժպիտով եմ հիշում»։

«Սերոժը մեր ընկերության համն ու հոտն էր, իր պես խորոված անող չկար, երբ միասին հավաքվում էինք ընկերներով, նա անպայման պետք է խորոված աներ։ Ամեն ինչ կազմակերպում էր, ինքը իր տեսակով միշտ առանձնացել է»։

Տաղանդավոր տղան փայլում էր ամեն բնագավառում, միշտ բոլորի ուշադրության կենտրոնում էր։ Փոքր տարիքից դհոլ է նվագել, սկզբից սովորել է Ապարանի արվեստի դպրոցում, հետագայում տեղափոխվել է «Էֆո» դհոլի ստուդիա։ «Ինքը շատ լավ էր նվագում ու շատ էր սիրում նվագել, բանակ գնալու նախորդ օրն էլ շատ նվագեց։ Սերոժը ինձ էլ էր սովորեցրել նվագել ու հիմա, երբ ընկերներով ենք լինում, անպայման նվագում եմ, միայն նրա համար, որ դա իրենից եմ սովորել…»։

Սերյոժան 7 տարեկանից տեկվանդո է պարապել, ունեցել է շատ մրցանակներ ու գերազանց արդյունքներ է ցուցաբերել բոլոր մրցաշարերում։ Արագածոտնի մարզի չեմպիոնը բազմիցս հայկական դրոշը բարձր է պահել միջազգային հարթակներում։ Զբաղվել է նաև ծանրամարտով։ Նարեկը փաստում է՝ հերոսի համար սպորտը մեկ այլ աշխարհ էր։ «Ինքը շատ ուժեղ էր, երբ հարցը հասնում էր ուժին, մենք գիտեինք, որ իր հետ մրցելն անհնար էր, առանց մեծ ջանք գործադրելու բոլորիս կարող էր հաղթել։ Ապարանում կամուրջ կոչվող վայր կա, որտեղ մենք սիրում էինք ընկերներով հավաքվել, էդտեղ գետինը ասֆալտապատ է, բայց եթե ինքը որոշում էր, որ պետք է մենք մեր ուժերը փորձեինք ըմբշամարտում, հատ-հատ  առանց բացառության բոլորիս տապալում էր գետին, ու մենք ոչինչ չէինք կարող անել»։

Քաջ ու անվախ տղան ծառայությունից երբեք չի բողոքել, ընդհակառակը՝ միանգամից հարմարվել է, բոլորի հետ ընկերացել։ Վերջին անգամ խոսել է ընկերների հետ, բայց, երբ հերթը հասել է Նարեկի հետ խոսելուն՝ կապը ընդհատվել է։ Սերյոժայի բանակ զորակոչվելու օրը ընկերը շատ լավ է հիշում։ Երգով ու պարով են ճանապարհել, պատրաստվում էին այդպես էլ ընդունել, սակայն Սերյոժան որպես հերոս եկավ. «Միշտ ասում էր՝ գնամ բանակ հերոսի կոչումով ու մեդալներով եմ հետ գալու, այդ ժամանակ կատակի էինք տալիս, երևի ինքն էլ չէր հավատում, որ  այդ ամենն այսքան իրական կլինի։ Ինքը իր խոսքի տերն եղավ ու այսօր հերոս է»։

Սերյոժան հերոսական մարտեր է մղել, կռվել է մինչև վերջ, ընկերը ասում է՝ միակ սփոփանքն այն է, որ իր ձեռքով շատ թշնամական ուժեր է ոչնչացրել։

Հարցին, թե Սերյոժային հատու՞կ էր նման հերոսական վարքագիծը, Նարեկը պատասխանեց. «Նա միշտ շատ դուխով է եղել, ու որքան էլ դժվար լինի համակերպվել իրականության հետ, ես գիտեմ, որ ինքը ինչ էլ լիներ, կկռվեր մինչև  վերջ։ Ես վստահ էի, որ ինքը կնայի ուղիղ մահի աչքերին։ Հայրենիքին ծառայելը իր համար պատիվ էր, միշտ ասում էր՝ հայ տղան պետք է ծառայի. ինքն էլ դարձավ հայրենիքի հավերժ զինվորը»։

«Ես հպարտ եմ, որ ունեցել եմ ընկեր, ով չխնայեց  ոչինչ հանուն բոլորիս ապագայի։ Նա տվեց իր ամենաթանկը՝ կյանքը, կորցրեց  երազանքներին հասնելու հույսը, որ մենք հասնենք մեր երազանքներին։ Իր կյանքի գնով մեր կյանքը փրկեց ու անմահացավ, բայց հավերժ կապրի մեր հուշերում, եթե հնարավոր լիներ, կասեի, թե որքան եմ իրեն կարոտել…»։

Նելլի Իգիթյան

2-րդ կուրս

Կիսվել