Մեր օրերի Սոսեն

Մեր օրերի Սոսեն

1181

Իմ դիմաց նստած է կայացած և հասուն Սոսե Ղազարյանը, ինչպիսի՞ն է եղել Սոսեն փոքր տարիքում:

-Փոքր տարիքում, որքան էլ զարմանալի լինի, եղել է բավականին զուսպ և միաժամանակ բավականին կրակոտ: Չնայած փոքր էի, բայց քաջ գիտակցում էի՝ շատ հարցերում պետք է լինեմ համբերատար, քանի որ այդպես է ճիշտ, և որոշ դեպքերում էլ իմ մեջ կրակ կար՝ միշտ նոր բան սովորելու, նոր երևույթներ ուսումնասիրելու ու հնարավորինս շատ հետաքրքիր  ժամանակ անցկացնելու:

Կա՞ ազդեցիկ պատմություն Ձեր այդ «կրակոտ» տարիքից:

-Իրականում շատ ազդեցիկ պահեր կան իմ մանկությունից (ժպտում է), բայց ամենատպավորիչ պահերը եղել են այն օրերը, երբ ընտանիքիս հետ անցկացրել եմ սարերում, «Ամբերդի» ձորում, երբ ես փորձել եմ ինձանից 2 անգամ ավելի մեծ քարեր վերցնել և գցել ջրի մեջ. իրականում քար գլորելը շատ հիմար  և փոքր բան է թվում, բայց ինձ համար այդ պահին դա շատ լուրջ գործ էր և շատ կարևոր էր:

Բերել եք Ձեզ հետ մանկությունը խորհրդանշող սիմվոլ, ո՞րն է դա:

-Ես ինձ հետ բերել եմ վրձիններ և գույներ, սա ոչ միայն իմ մանկության սիմվոլներն են, այլ նաև պատանեկության: Ես մանկուց շատ եմ սիրել գույներ և հնարավորինս փորձում էի միշտ գունավոր իրերով ինձ շրջապատել՝ նկարել այն, ինչ տեսնում եմ:

Սիրում եք գույներ և նկարչություն. ինչու՞ եք սիրում և առանձնացնում Ձեր սոցիալական ցանցերում  հենց Դալիի աշխատանքները:

-Դալին….(մտածում է) : Գիտեք,  հիմա հետաքրքիր է՝ ամենասիրելին չէ, բայց միևնույն է, շատ եմ սիրում նրա աշխատանքները: Երևի թե,  եթե համեմատեմ այն շրջանը, երբ ամենասիրելին էր Դալին,  և ներկայիս Սոսեին ու իր ճաշակը, հիմա նախընտրում եմ ավելի հանգիստ և խաղաղ գործեր, օրինակ՝ Վան Գոգի գործերը, բայց Դալիին և իր աշխատանքները սիրում եմ երևակայական աշխարհի համար:

Մերօրյա Սոսեն  մոտ է սարերին, և լեռնագնացությունը Ձեր տարերքն է. ո՞րն է եղել առաջին լեռնագնացությունը:

-Մանկությանս շաբաթ և կիրակի օրերը անցել են Արագածի լանջին, հայրս փոքրուց մեզ սովորեցնում էր՝ պետք է մոտ լինենք բնությանը, բայց առաջին սարը , որ բարձրացել եմ, եղել է Հատիսը, սա եղել է իմ առաջին լուրջ արշավական փորձը մոտ 10 տարի առաջ:

Ո՞րն է եղել ամենածանր լեռնագնացությունը:

-5 տարի առաջ եղել է ուխտագնացություն դեպի Սպիտակավոր՝ ապրիլի 23-ին, ես հիշում եմ՝ 9-10 կիլոմետր քայլել ենք սարերով և ձորերով: Դա երևի թե երկար մտածելու ճանապարհ էր, այստեղ ոչ թե ֆիզիկական բաղադրիչն էր բարդ, այլ հավանաբար այն, որ ուխտագնացության ընթացքում սկսում էիր մտածել՝ ինչ է այս ազգը վերապրել 100 տարի առաջ: Կարծում եմ, որ ընդհանրապես սարեր բարձրանալիս ես երբեք բարդություններ չեմ ունեցել և միշտ մտածել եմ՝ «Սոսե՛, դու պետք է հասնես գագաթին»:

Եթե վերադառնանք դպրոցական տարիներին, ինչպիսի՞ն է եղել աշակերտ Սոսեն:

-Դպրոցահասակ Սոսեն եղել է խենթ և ամեն օր նոր բան սովորելու կարոտով, որովհետև  ես հստակ հիշում եմ՝ դպրոցական տարիներին  դպրոցական առարկաները հետաքրքիր չէին, այսինքն, ես սովորում էի այն, ինչ ինձ էր հետաքրքիր, օրինակ՝ արվեստ, փիլիսոփայություն, հնագիտություն: Արդեն 10 տարեկանում ես կարդում էի «Հին Հունաստանի առասպելներն ու լեգենդները», որը այդքան էլ բնորոշ չէ 10 տարեկան երեխային: Հայրս միշտ մեզ ասում էր՝ «մարդը իր սեղանին միշտ պետք է գիրք ունենա»: Հենց այդ տարիքից սկսած իմ հետաքրքրությունների շրջանակը ավելին էր, քան դպրոցը կարող էր տալ:

-Սոսե՛, մասնագիտությամբ Աստվածաբան եք. ինչպե՞ս 17 տարեկան դպրոցահասակ աղջնակը որոշեց՝ պետք է դառնա Աստվածաբան:

-Իրականում՝ Աստվածաբանության ֆակուլտետ եկել եմ Իրավագիտության ֆակուլտետից, քանի որ Եվրոպական ակադեմիայում ընդունվել էի, բայց չգնացի: Եկավ մի պահ՝ հասկացա, որ հենց դա չեմ ուզում, բայց արդեն ընդունվել էի: Ընկերներիցս մեկը ասաց՝ հետաքրքիր ֆակուլտետ կա, որտեղ ես կսիրեմ առարկաները: Կտրուկ թողեցի ամեն բան և եկա Աստվածաբանության ֆակուլտետ, և դա եղել է իմ ամենաճիշտ որոշումը: Գուցե մասնագիտությունը աշխատաշուկայում մեծ պահանջարկ չունի, բայց դա համակողմանի զարգացած մարդու համար շատ կարևոր  մասնագիտություն է, և ես գտնում եմ՝ իմ գիտելիքի մեծ մասը վերցրել եմ հենց Աստվածաբանության ֆակուլտետից:

Ամենակարևորը, որ սովորեցրել է Աստվածաբանության ֆակուլտետը:

-Ամեն օր նոր բան բացահայտելու ձգտում: Սա կարևոր հմտություն է, որը պետք է ձեռք բերես ժամանակի ընթացքում, որ մի օր չկանգնես մի կետում, որտեղ այլևս չկա անելիք: Ես սովորեցի այս ֆակուլտետում՝ գիտությունը անհուն է և պետք է քայլես դեպի դա: Ամենակարևոր կետերից նաև կառանձնացնեմ՝ գիտելիքդ պետք է լավ բանի ծառայի:

Ուսանողական տարիներին եղել եք Աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ. ի՞նչ է տվել Ձեզ կառույցը և ի՞նչ եք տվել կառույցին Դուք:

-Միշտ կարևորել եմ արտալսարանային միջավայրը, որովհետև կրթական պրոցեսսը ոչ միայն այդ ակադեմիական միջվայրն է, այլ նաև այդ  արտալսարանային մշակույթը: Կառույցը տալիս է համակողմանի ուսանողական կյանք: Իմ համալսարանական բոլոր հիշությունները կապված են ՈՒԽ-ի հետ: Ֆակուլտետին տվել եմ «Սոսեական» շունչ, ես էլ ստացել եմ շատ կարևոր և անփոխարինելի մարդկանց և դրվագներ:

Մասնագիտությունից ելնելով՝ եղել եք շատ սրբավայրերում, որտե՞ղ է եղել ահռելի էներգետիկա, որտեղ գտել եք Ձեր խաղաղությունը:

(Երկար դադարից հետո թաց աչքերով Սոսեն պատասխանում է)

-Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին: Ղազանչեցոցը համայն հայության սիմվոլն է: Շուշի ասելիս ես հասկանում եմ՝ խաղաղություն:

(Ողջ խոսքի ընթացքում Սոսեն ամուր պահում է վզի կախազարդը)

Արդյո՞ք  կախազարդը կապ ունի Ղազանչեցոցի հետ:

-Այո… Սա Շուշիի պահապան հրեշտակն է, ես կարծում եմ՝ այս հրեշտակը հավերժ ինձ հետ է լինելու:

Մագիստրատուրայում սովորելու հետ համատեղ նաև մասնակցել եք “Teach for Armenia” ծրագրին և 2 տարի շարունակ դասավանդել եք Լեռնհովիտ գյուղի դպրոցում: Բարդ չէ՞ համատեղել մագիստրատուրայում ուսումը և դպրոցում դասավանդումը:

-Երբ ասում էի, որ պատանեկության տարիներին եղել եմ խենթ, հավանաբար այդ խենթությունը ինձանից չի պակասել նաև հիմա: Իմ շրջապատում շատերը ասում էին՝ ուղղակի խենթություն է թողնել Երևանը ու գնալ գյուղ: Ես երբեք դա չեմ դիտարկել որպես ուսուցչի հասարակ աշխատանք, ես դա ընդունել եմ որպես հստակ առաքելություն: Ես վստահաբար կարող եմ ասել՝ եթե ուզում ենք տեսնել հայրենիք, որը իր ոտքերի վրա ամուր կանգնած է, դա հնարավոր է միայն կրթված հասարակության շնորհիվ: Կան շատ երեխաներ, որոնք հնարավորություն չունեն բացահայտելու իրենք իրենց, և ես գնացել էի հենց այդ նպատակով՝ ցույց տալ երեխաներին, թե ինչքան տաղանդներ ունեն նրանք, որոնց մասին չգիտեն:

Ինչպիսի՞ զգացողություններ եք ունեցել, երբ առաջին անգամ մտել եք դասարան:

-Ֆանտաստիկ (ժպտում է): Չէի պատկերացնում, որ մանկավարժությունը  այդքան ստեղծագործական աշխատանք է ենթադրում իրենից: Առաջին անգամ, երբ մտա դասարան, շատ էմոցիոնալ պահ էր, մտածում էի՝ գուցե ինձ ճիշտ չհասկանան, բայց դա տևեց ընդամենը 30 վայրկյան, իսկ դրանից հետո սկսվեց իմ և աշակերտներիս հստակ գծված ուղին:

Ուսուցիչ դառնում են, թե՞ ծնվում:

-Ինձ թվում է՝ դա հետաքրքիր տաղանդ է, որը իրականում կարելի է ձեռք բերել, բայց կարծում եմ՝ ամենահաջողակ ուսուցիչները ի վերուստ ունենում են այդ շնորհը:

Ո՞րն է եղել Լեռնահովիտ գյուղի դպրոցում ամենատպավորիչ պահը:

-Շատ են եղել այդպիսի պահեր, բայց երևի թե ամենահետաքրքիր ու սիրուն օրը եղավ, երբ ես իմ աշակերտների հետ հասկացա՝ մենք հասանք մեր նպատակին և ունենք մեր երազանքների դասարանը, որը մենք կոչեցինք «Արվեստանոց». այն կառուցել և ներկել ենք հենց մեր ձեռքերով:

Բերել եք Ձեզ հետ նաև ներկա օրերի Ձեր սիմվոլը, ի՞նչ է դա:

-Գիրք է, որը հենց վերջերս եմ կարդացել, բայց ընդհանուր կարող եմ  ասել, որ ուսանողական և ներկայիս տարիները կասոցացնեմ գրքի հետ, որովհետև հասկացել եմ՝ ամեն օրը թերթի է նման, և ուղղակի պետք է կարդալ ու անցնել, բայց մտապահել:

Ասոցացնու՞մ եք Ձեզ պատմական կերպար Սոսե մայրիկի հետ:

-Այո՛, ասոցացնում եմ, ինչքան մեծանում եմ՝ հասկանում եմ՝ իմ հայրենիքի հանդեպ սերը հենց այն ապացույցն է, որ ես նման ես Սոսե մայրիկին:

-Ի՞նչ խորհուրդ կտաք հային:

-Հային խորհուրդ կտամ կանգնել ոտքերի վրա շատ ամուր և հասկանալ՝ հիմա մեր ուսերին կա դրված շատ ավելի մեծ պարտականություն, քան առաջ էր, և չհանձնվել:

Թերեզա Հովհաննիսյան

4-րդ կուրս

Կիսվել