Ճանաչենք մեր հերոսներին.Կարեն Վարդանյան

Ճանաչենք մեր հերոսներին.Կարեն Վարդանյան

1695

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում քաջաբար զոհվեց Կարեն Վարդանյանը: Հերոսը ծնվել է 2001 թվականին և բանակ զորակոչվել 2019 թվականի դեկտեմբերին:

Կարենի մասին իր հուշերն է մեզ հետ կիսում ընկերը՝ Կառլեն Մեղրյանը:

«Կարենը չափազանց կենսուրախ, աշխույժ ու ակտիվ տղա էր: Ամենատխուր պահերին անգամ Կարենը պատճառ կգտներ մեզ ուրախացնելու՝ չնայած այն բանի, որ բնավորությամբ կոպիտ էր: Շատ բաներ կոպիտ էր ասում, բայց սրտանց: Մեր ընկերներից միայն նա նեղացկոտ չէր»,-հիշում է նա:

Հերոսը 4 տարի զբաղվել է սպորտով, արժանացել է բազում մեդալների ու պատվոգրերի, դպրոցն ավարտել ու ընդունվել է Աբովյանի պետական քոլեջ, հետո զորակոչվել է բանակ:

Կառլենը պատմում է, որ իրենք միասին են ծառայել: Երբ ինքը բանակ գնաց, Կարենն արդեն ութ ամիս ծառայել էր: Բոլորը, նույնիսկ սպաները նրան շատ էին սիրում, ասում էին իրենց՝ օրինակելի զինվորներից մեկն էր: Կարենը САУ-ի (Самоходная артиллерийская установка) մեխանիկ-վարորդ էր ու իր գործից շատ լավ էր գլուխ հանում:

Երբ պատերազմը սկսվեց, Կարենը մեզ չասաց, որ գնում է ռազմաճակատ՝ կռվելու.

«Անգամ պատերազմի ժամանակ, երբ հակառակորդը մի քանի կիլոմետր այն կողմ էր, Կարենս ժպտում էր, չէր վախենում ոչնչից: Ասում էր՝ պիտի մինչև վերջ կռվենք, պիտի հաղթենք, ուրիշ ելք չկա: Մենք 7 ընկերներ էինք, 4-ը զոհվեցին՝ Զավենը, Կարենը, Արան ու Իլյան: Ճանաչում էինք իրար դեռ մանկուց: Չնայած ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց մեր սրտում են»:

«Կարենս էլ զոհվեց, զոհվեց հոկտեմբերի 22-ին Մարտունիում: Ես ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել Կարենին ճանաչել, ու գիտակցել, որ ունեցել եմ Կարենի նման հայրենասեր ընկեր, ով իր կյաքը չխնայեց հանուն հայրենիքի… »:

Մերի Սահակյան

2-րդ կուրս

Կիսվել