Փոքր Նորաշենի մեծ հերոսը. Բեկոր Սամոն

Փոքր Նորաշենի մեծ հերոսը. Բեկոր Սամոն

2562

Փոքրիկ Նորաշենը կուչ է եկել մեծ ցավի տակ։ Հիմա ճամփով անցնող-դարձող ամեն մեկն աչքերով փնտրում է Սամսոնենց համեստ ու հասարակ տունը։ Առաքելյան Արտոյի փոքր տղային ո՞վ չգիտի։ Սիրուն, նուրբ դեմքին համաչափ շարված խալերով, մեծ, կլոր, սև աչուկներով, նիհար ու բոյով էր Սամսոնը։ Դպրոցում թեև լավ չէր սովորում, բայց ուսուցիչների սիրելի աշակերտն ու ուրախությունն էր։ Որ Սամսոնին հարցնում էին` ինչու դասերը չի սովորել, տղան ձիգ կեցվածք էր ընդունում ու պատասխանում. «Կարևորը սիրուն եմ, դա էլ հերիք ա»։

Երբ փողոցով քայլում էր Սամսոնը, բոլորն իրեն էին նայում։ Բա աղջիկները ո՜նց էին նազ անում Սամոյի կողքով անցնելիս, կարմրում ու սրտներում թաքուն հույս փայփայում, որ կարժանանան տղայի սիրուն։

2002թ. հունիսի 11-ին Տավուշի մարզի Նորաշեն գյուղում Առաքելյանների ընտանիքում ծնվեց Սամսոնը։ Փոքր տարիքից աշխույժ, ակտիվ, հումորով տղան բնավորությունը չփոխեց նաև մեծ հասակում։ Սամսոնը բանակ զորակոչվեց հուլիսի 9-ին։ Զինվորական երդումից ընդամենը հաշված օրեր էին անցել, երբ սկսեց պատերազմը։ Հանուն հայրենիքի չխնայել կյանքը սկզբունքով Սամոն մարտի նետվեց անտրտունջ ու  գիտակցված` դառնալով թշնամու ահ ու սարսափը։

«18 տարի էս փոքր սենյակում իմ չորս էրեխուն դժվարությամբ պահել-մեծացրել եմ, որ հիմա այսպե՞ս լինի։ Շատ եմ կարոտել Սամոյիս։ Մեկ- մեկ, որ սենյակում մենակ եմ լինում, սկսում եմ նկարի հետ խոսել ու կռիվ տալ։ Ախր, Սամո ջան, գնալիս ի՞նչ էիր մտածում, իմ պատկեր, իմ սիրուն բալա ջան։ Ախր որ ռիսկով առաջ էիր գնում դեպի թշնամին, ինչի՞ իմ մասին չէիր մտածում,- դողացող ձայնով ասում է Սամսոնի մայրիկն ու ավելացնում,- Գոնե փախչեիր, մի տեղ թաքնվեիր»։

-Բայց կփախչե՞ր Սամոն,- հարցնում եմ` պատասխանը լավ իմանալով։

-Չէ՜, երբե՛ք։ Վախկոտ չէր, փախչելն էլ իրենը չէր։ Մարտական ընկերները պատմում են, որ կռվի ժամանակ Սամոն գոռալիս է եղել` «Տղե՛րք, միայն առաջ ենք գնում»։ Ասել ու գնացել է` առանց վարանելու, առանց իր մոր մասին մտածելու,- լալիս է Արև մայրիկը անարցունք, լուռ, նվաղած ձայնով, ուսերը վերուվար անելով։

 Մայրիկը լալիս է, իսկ սիրուն որդին շարունակում է նկարից ժպտալ իր անմեղ, խաղաղ, հրեշտակային ժպիտով։ Տառապանքների բովով անցած մայրը վայրկյաններն էր հաշվում, թե երբ պիտի արձակուրդ գար որդին։ Բա խաղողը, մոռի կոմպոտը ու՞մ համար է պահել, ո՞վ է սիրտ անելու ուտել Սամոյի բաժինը։ Արև մայրիկը խռովել է աշխարհից ու խորտակվում է կարոտի անտակ ծովում։ Որքան էլ մյուս երեք երեխաներն իր կողքին լինեն, Սամոյի աթոռը միշտ դատարկ է մնալու, ոչ ոք նրա տեղը չի կարող զբաղեցնել։ Առաքելյաններն արդեն տան դուռը միշտ բաց են թողնում. Սամոյին են սպասում։ Տղան  փոքր տարիքից իրեն Բեկոր պատվանունով է կնքել։ Դեռ այն ժամանակվանից էլ երևում էր` Սամոն սովորական տղա չէ։

Նոյեմբերի 9-ին սիրուն տղան արև աչքերն էլ չբացեց։ 43 օր պայքարեց, 43 օր ոչինչ չխնայեց` հանուն հայրենիքի։ Նոյեմբերի մեկին 18-ամյա Բեկոր Սամսոնն ստացավ առաջին վիրավորումը։ Կաթիլ-կաթիլ արնաքամվելով ու լիտր-լիտր վրեժով լցվելով` պայքարեց մինչև վերջ ու անմահացավ Շուշիի մատույցներում։ Ծնողները որդու դին գտան ուշ` նոյեմբերի 18-ին` քրոջ ծննդյան նախորդ  օրը։

«Լսել էինք, որ վիրավոր է տղես։ Սկզբում հիվանդանոցներում էինք ման գալիս, հետո մտածեցինք` ինքը ճարպիկ տղա է, ու եթե հիվանդանոցում լիներ, մի հնար կգտներ ու մեզ կզանգեր։ Փնտրտուքներն սկսեցինք դիահերձարաններում։ Ու գտանք։ Որ դիահերձարան մտա, տեսա վիզը թեքած իմ սիրուն Սամոյին։ Նույնիսկ էդտեղ  ամենասիրունը էլի ինքն էր։ Մոտեցա, դեմքին խալեր կային։ Չէի ուզում հավատալ, որ Սամոս է։ Ուսին էլ խալ ունի Սամոն։ Բացեցի, այդ մարմնի վրա էլ կար խալը։ Այդքանի մեջ միայն ինքն էր սափրված։ Մտածում եմ` նույնիսկ այդ օրերին իր մաքրության մասին չի մոռացել»,-  ցավը մի կերպ խեղդելով` հազիվ արտաբերում է բառերը  նվաղած Արև մայրիկը։

Ծառայակից ընկերներից մեկն է օրերս եկել Սամսոնենց տուն։ Մայրն անյքան է նմանեցրել որդուն, միայն խալերը չկային։ Հիմա Արև մայրիկը բոլորի մեջ իր տղային է տեսնում, գրկում ու լալիս է, կարոտն առնում իր սիրուն Սամոյի։ Չնայած իր զավակը տուն չդարձավ, բայց ամեն վերադարձողի համար ուրախանում է։

Սամսոնի մասին հերոսական դրվագներն անվերջ կարելի է թվել։ Պատերազմի ժամանակ զանգերի ընթացքում էլ ինքն էր ուժ  տալիս բոլորին. «Վախեք վեչ, Առյուծ Սամոն ստեղ ա»։ Հարազատները տղայի գրպաններից գտել են հեռախոսը, երեք հատիկ ծխախոտ ու մի մեդալ։ Կռվի առաջին իսկ օրվանից մարտերին մասնակցած և աչքի ընկած Բեկորը արժանացել է «Մարտական հերթապահություն» մեդալի :

Եվ իսկապես, Սամսոնին ինչ պետք էր պատմություն առարկան. ինքը պատմություն կերտող տղա է։

Աննա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել