«Զինվորներս իմ երեխաններն են». Լեյտենանտ Արմեն Խաչատրյան

«Զինվորներս իմ երեխաններն են». Լեյտենանտ Արմեն Խաչատրյան

1555

 Հոկտեմբերի 7-ին լեյտենանտ Խաչատրյան Արմենը զոհվեց հանուն հայրենիքի մղված ծանր մարտերում: 20 օր անց անմահացավ Արմենի մեծ եղբայրը՝ ավագ սերժանտ Արտակ Խաչատրյանը:

Արմենը ծնվել է 1997 թ․ հուլիսի 10-ին Արցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում։ 2004 թ. հաճախել է Իվանյանի միջնակարգ դպրոցը։ 2012 թ. պատանի Արմենը որոշում է ուսումը շարունակել Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում,  քանի որ  շատ էր սիրում ռազմական գործը և չէր պատկերացնում կյանքն առանց իր սիրած մասնագիտության։ Ավարտելով վարժարանը` 2015 թվականից ուսումը շարունակում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտոհրաձգային ֆակուլտետում՝ ուսման ընթացքում ցուցաբերելով բարձր ակտիվություն և մեծ ներուժ։ Եվ ահա, 2019 թ. ավարտելով ուսումը, սկսում է իր ծառայությունը Մատաղիսում։ Նա հրաձգային դասակի հրամանատարն էր։ Շատ էր սիրում իր աշխատանքը,  կարելի է ասել` ապրում էր դրանով, բանակն իր ընտանիքն ու տունն էր համարում, միշտ ասում էր՝ «Զինվորներս իմ երեխաններն են»։

Զինակից ընկերնենրը պատմում են, որ պատասխանատվության մեծ զգացում ուներ թե՛ իր մասնագիտության և թե՛ իր զինվոր-երեխաների նկատմամբ։ Շատ հոգատար հրամանատար և ընկեր էր, երբ նկատում էր, որ զինվորն ինչ-որ բանի կարիք ունի, անմիջապես իր սեփական միջոցներով աջակցում էր և հոգում բոլոր կարիքները։ Պատերազմից մի քանի օր առաջ իր զինվորի ծնունդն է եղել, ու, չնայած նրան, որ եղել են դիրքերում, կազմակերպել է ու շնորհավորել իր զինվորին:

2020 թ․ սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը լայնամաշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ, Արմենն ամիջապես բարձրացավ դիրքեր։ Պատերազմի ամբողջ ընթացքում եղել է իր զինվորի կողքին՝ իրականացնելով ծանր մարտական առաջադրանքներ։

 -Պատերազմի ընթացքում միշտ զանգում էր՝ տեղեկանալու համար, թե ոնց ենք, և հավատացնում էր, որ իր հետ ամեն ինչ լավ է։ Վերջին անգամ զանգել է հոկտեմբերի 6-ին, ասել է` սպասում են հրամանի, որ առաջ գնան, հոկտեմբերի 7-ից տեղեկություն չունեինք, – մեծ ցավով պատմում են ընտանիքի անդամներն ու հարազատները:

 -Արմենն անմահացել է հոկտեմբերի 7-ին հատուկ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ՝ ոչնչացնելով թշնամու մեծաքանակ կենդանի ուժ։ Երկար որոնումներից հետո հոկտեմբերի 18-ին վերջապես գտանք նրան։ Այժմ նա հանգչում է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում իր եղբայր Արտակի հետ կողք կողքի։

Արմենի եղբոր սիրելին` Ռուզաննան նշում է, որ Արմենը իր համար եղբայր է եղել, շատ համեստ, զուսպ, հանգիստ, կարգապահ և կանոնապահ։ Նրա պատմելով՝ Արմենը շատ էր սիրում երեխաների,  երազում էր մայրաքաղաք Ստեփանակերտում սեփական տուն ունենալ և այնտեղ կառուցել ապագան։ Եվ չնայած դեռ ընտրյալ չուներ, բայց երազում էր ապագայում ամուր ընտանիք ունենալ:

Սուսաննա Քթոյան

4-րդ կուրս

Կիսվել