Վերջին մարտերը Շուշիում տարավ և անմահացավ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի բնակիչ 18-ամյա Իլյա Հակոբյանը:
2017-2018 թթ. սովորել է Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Ֆիզիկական բարձր պատրաստվածության շնորհիվ ճանաչվել է «Լավագույն զինվոր-մարզիկ»:
-Իլյան մանկուց սպորտը շատ էր սիրում, հատկապես` վոլեյբոլը: Դպրոցում լավ էր սովորում: Երազում էր համալսարանն ավարտելուց հետո գյուղի դպրոցում վոլեյբոլի դպրոց հիմնել և մարզել երեխաներին: Առանձնահատուկ վերաբերմունք ուներ տնային ծաղիկների նկատմամբ, մեծ սիրով էր բակի վարդերը խնամում,- հիշում է հերոսի քույրը՝ Հասմիկ Հակոբյանը։
Ընտանիքում Իլյային սիրում էին, հատկապես՝ բոլորի մեջ միայն լավը տեսնելու և բոլորին սիրելու յուրահատուկ գծերի համար։ Հասակակիցներից տարբերվում էր կյանքի վերաբերյալ իր խորը պատկերացումներով: Գաղտնապահ տղա էր, դրա համար էլ ընտանիքի անդամները չիմացան նրա սրտի ամենամեծ ու թաքուն սիրո մասին։
Իլյային ճանաչողները միշտ ասում են` բարի, կամեցող, լավատես, հաստատակամ, խելացի երիտասարդ էր:
-Անշահախնդիր ու բոլորին օգնող տղա էր Իլյան։ Ճիշտ հասկանում էր ապրելու և սիրելու իմաստը, բոլորին անշահախնդրորեն սիրում էր։ Եղբայրս սկզբունքային տղա էր և հավատարիմ էր իր խոստումներին,- ասում է Հասմիկը։
2020 թ. օգոստոսի 11-ն էր, երբ Իլյան զորակոչվեց բանակ: 1,5 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Այդ օրերին Իլյան կորցրեց իր ծառայակից ընկերներից շատերին:
-Պատերազմի առաջին օրերին վաշտի կեսը զոհվել է, վիրավոր ու զոհված ընկերներին իրենք են դուրս բերել մարտադաշտից։ Եղել է պատերազմի ամենաթեժ կետերում,- ասաց Հասմիկը։
Իլյան իր վերջին մարտերը մղել է Շուշիի պաշտպանության համար։ Վերջին անգամ ընտանիքի հետ խոսել է նոյեմբերի 6-ին երեկոյան:
-Սովորաբար, երբ զանգում էր, առաջինը հարցնում էր, թե ոնց ենք, իսկ երբ մենք էինք հարցնում, ասում էր, որ ամեն ինչ լավ ա, երբեք դժգոհություն չի հայտնել: Այդ ժամանակ պապայի համարն էլ ուզեց, որ զանգի խոսի, առաջին անգամ էր, որ բոլորի հետ խոսելու ժամանակ ուներ: Երևի ինչ-որ բան էր զգում…,- հուզված ասաց Հասմիկը:
Իլյան ստացել էր գլխուղեղի մահացու վնասվածք:
-Մենք մի շաբաթ բոլոր հիվանդանոցներում փնտրել ենք նրան, այնինչ Իլյան վիրավոր վիճակում կռվել է իր ծառայակից ընկերների հետ, կռվել է մինչև վերջ և անմահացել՝ նռնակը գրպանում բացած»,- նշեց հերոսի քույրը։
Սուսաննա Քթոյան
4-րդ կուրս