Հանգամանքներն են թելադրում առցանց կրթության անհրաժեշտությունը

Հանգամանքներն են թելադրում առցանց կրթության անհրաժեշտությունը

574

Ժամանակակից աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաները ներթափանցել են մարդու կյանքի բոլոր ոլորտները, և կրթության ոլորտը նույնպես բացառություն չէ, ինչին էլ խթանեց համավարակը: Այս ընթացքում մշտապես քննարկումների կենտրոնում է հեռավար կրթության արդյունավետ կամ ոչ արդյունավետ լինելու հարցը, ինչը պարզելու համար անցկացրինք հարցում, որին մասնակցություն ունեցավ 167 անհատ:

Հարցման 80.6%-ը 18-25 տարեկաններն են, 12.1%-ը անչափահաս են, իսկ  7. 3% –ը 25 և ավելի տարիք ունեն:

Այսինքն` հարցմանը հիմնականում մասնակցել են թիրախային խմբին պատկանող անձինք` ուսանողներն ու աշակերտները, իսկ հաջորդ իշխող մասը կազմել են ուսուցիչներն ու դասախոսները, ովքեր նույնպես այս ամենից անմասն չեն մնացել: Նրանց 82%-ը մասնակցում է առցանց դասերին, 11.8%-ը` մասամբ, իսկ 6.25%-ը ընդհանրապես չի մասնակցում: Արդյունավետության առումով ճնշող մեծամասնությունը կարծում է, որ այնքան էլ արդյունավետ չէ (64%),  մի մասը կարծում է, որ ընդհանրապես արդյունավետ չէ  (23.6%), իսկ փոքրամասնության կարծիքով արդյունավետ է(12.4%):

Հարցին, թե կփոխարինեին արդյոք առցանց դասերը համալսարանական դասերի հետ՝  հարցվողների մեծ մասը ընտրել է  «ոչ» (44.2%) կամ «երբեք» (30.7%) պատասխանները, իսկ փոքրամասնությունը պատասխանել է, որ «այո» (8.6%), «հնարավոր է»(16.6%):

Պարզեցինք նաև, որ հեռավար տարբերակով դասերը հիմնականում անցկացվում են Zoom–ով (75.8%), որին հաջորդում են  Google Meet-ը(10.9%),  Viber-ը(4.2%),  Jistsi Meet-ը(1.2%) և  Messenger-ը(1.2%):

Դասերի անցկացման ժամանակահատվածը հիմնականում չի տուժում, մեծ մասը նշել է, որ դասերը տևում են լիարժեք 40/90 րոպե (70.4%), հաճախ գերազանցվում է անգամ դասաժամի սահմանված տևողությանը (17.3,%) և հազվադեպ ընթանում է թերի (12.3%):

Առցանց կրթությունը միանշանակ ունի իր բարդությունները, որին բախվել են թե’ աշակերտ/ուսանողները, թե’ ուսուցիչ/դասախոսները: Հարցման արդյունքից պարզ է դառնում, որ  առավել հանդիպող խնդիրից են եղել հեռախոսից կամ համակարգից առաջացող գլխացավը և տեսողական խնդիրները(38.7), հաջորդ հանդիպող տարածված խնդիրը դասին չկենտրոնանլը, դասը չլսելն է(25.8%), 3-րդ տեղում ոչ պակաս տարածված կապի խնդիրն է, (21.5%) և առավել քիչ է  հանդիպում մոտիվացիայի բացակայությունը(14.1%):

Առցանց կրթությունը, չնայած վատ կողմերին, ունի նաև առավելություններ, որոնցից ամենաշատ դրական համաձայնումը հավաքել է այն կարծիքը, ըստ որի կրճատվում է կողմնակի ծախսը. Օրինակ՝ ճանապարհածախս, տան վարձ, հատկապես, որ ուսանողների մեծ մասը մարզերից են (55.3%): Երկրորդ տեղում առցանց կրթությանը զուգահեռ աշխատելու տարբերակն է (36.5%), իսկ պակաս արդյունավետ՝ դասերին մասնակցելու կոմպլեքսի հաղթահարումն է(8.2%):

Համավարակով պայմանավորված` վարձավճարների չափի կրճատման հարցը բարձրացվել և ինչ-որ չափով լուծում էր ստացել 2020 թվականի ապրիլ ամսին, հարցը մասամբ ստացավ լուծում, քանի որ զեղչը հատկացվեց միայն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, այնինչ համավարակը և առցանց կրթությունը բոլորի համար էին, ինչը դժգոհության ալիք բարձրացրեց:

Հարցման ընթացքում փորձեցինք պարզել, թե այժմ վարձավճարների կրճատման մասին ինչ կարծիքի են ուսանողները:

 Նրանց գերակշռող մասը կողմ է զեղչին, քանի որ կարծում է, որ այս տարբերակով որակյալ կրթություն չի ապահովում(54.3%): Մյուս գերակշիռ մասը նույնպես կողմ է, սկայն, եթե զեղչը գործի բոլորի համար (31.1%), որոշ մասը այն կարծիքին է, որ առաջադիմությունը պետք է հաշվի առնվի(11%), իսկ մի քանիսի համար վարձավճարի չափը պակասեցնելու կարիք չկա, քանի որ որակյալ կրթությունը ապահովվում է (3.7%):

Հարցի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար զրուցեցինք առցանց կրթությանը մասնակից երկու կողմերի հետ` թե՛ կրթություն ստացողի` ուսանողի, թե՛ կրթություն տվողի` ուսուցչի:

ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի  2-րդ կուրսի ուսանողուհի Էմմա Ղազարյանը օֆլայն տարբերակով ուսանողական կյանքը հասցրել է վայելել 6 ամիս, ըստ նրա` առցանց կրթությունն ունի իր առավելություններն ու թերությունները, բայց թերությունները միանշանակ գերակշռում են:

Բացասական կողմի մասին խոսելիս՝ առաջինը նշեց ընկերներից հեռու և ոչ լսարանային պայմաններում դասերն անցկացնելու փաստը: Ըստ նրա` տան պայմաններում դժվար է դասին կենտրոնանալը. ուշադրությունը շեղող հանգամանքները շատ են: Էմման առանձնացրեց նաև կապի խնդիրը, որի ընդհատումները հաճախ բարկության պաճառ են դառնում: Չի սիրում այն դասերը, որոնց ժամանակ տեսախցիկը միացված է լինում, ոչ այն պատճառով, որ ցանկություն է լինում այլ բանով զբաղվելու կամ դասը չլեսելու, այլ տեսախցիկը միացրած ժամանակ մեծանում է լարվածությունը, և ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է իր պատկերի վրա:

Ըստ նրա` այս տարբերակով տուժում է նաև անցկացվող քննությունների անաչառությունը, գնահատակնների ռեալ բաշխումը: Հաճախ չսովորող ուսանողը ավելի բարձր է ստանում խորամանկության շնորհիվ, քան նյութին տիրապետող ուսանողը: Քնություններից հիշեց մի դեպք, որի ժամանակ դասախոսի հարցը կապի պատճառով մի քանի անգամ լսել չկարողանալուց հետո, հարցը կրկնել չի տվել, ինչի արդյունքում մի քանի միավոր ցածր է ստացել:

Առցանց կրթության դրական կողմերի մասին խոսելիս նշեց, որ այս տարբերակով ցուրտ կամ անձրևոտ օրերին տանից դուրս չես գալիս, խնայում ես ճանապարհածախսը, ընդմիջման գումարը:

 Նրա կարծիքով՝ առցանց կրթության պատճառով ընկել է կրթություն ստանալու որակը:

Զրուցեցինք նաև Էօրնեկեան հանրակրթարանի ուսուցչուհի Ն. Սարգսյանի հետ, ում համար առցանց տարբերակով դասերի դժվարությունը սկսվել է առաջին իսկ օրից, երբ առաջացել են նոր տեխնոլոգիաներին ոչ լիարժեք տիրապատելու խնդիրները: Ուսուցչուհու խոսքով, եթե աշակերտների համար այդ խնդիրները հեշտ հաղթահարելի էին, ապա մանավանդ մեծահասակ ուսուցիչների մոտ դրանք իսկական փարձություն էին: Դասերի անցկացման  վերաբերյալ ուսուցչուհին նշեց, որ սկզբնական շրջանում նախ պակասել էր դասին միացող երեխաների թիվը, միաժամանակ դժվար վերահսկելի էր  դարձել դասին միացած աշակերտների դասին, իրոք, ներկա լինելու հանգամանքը պարզելը: Աշակերտները տեսախցիկները դժկամությամբ են միացնում, կամ առհասարակ հրաժարվում միացնել, դասը կեսից լքելու, կամ դասին չմիանալու շատ պատճառներ էին բերվում, որոնք ոչ միշտ էին իրականությանը համապատասխանում: Սակայն աստիճանաբար նոր ծրագրեր սովորելով` կարղացել են խնդրին որոշ չափով լուծում տալ և խուսափել վերը նշվածից:

Հարցման արդյունքից կարելի է եզրակացնել, որ միանշանակ մերժել կամ ողջունել առցանց կրթությունը, սխալ կլինի: Հանգամանքներն են թելադրում դրա անհրաժեշտությունը: Ինչ խոսք, գերադասելի է առկա կրթությունը:

Գոհարիկ Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել