Մնա՞լ, թե՞ գնալ

Մնա՞լ, թե՞ գնալ

795

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսած Արցախա-ադրբեջանական պատերազմը ավարտվեց հայկական կողմի պարտությամբ։ Դա և պատերազմի ընթացքում տեղի ունեցած շատ իրադարձություններ պատճառ դարձան հասարակության համատարած դժգոհությունների ալիքին, ինչը հնարավոր է սկիզբ լինի զանգվածային արտագաղթի։

25-ամյա Արմենը պատերազմի մասնակից է, ով պարտության ամենամեծ պատճառը համարում է դավաճանությունը։ Նա, չնայած սիրում է Հայաստանը և պատրաստ էր պատերազմում կյանքը տալու հանուն հայրենիքի, այսօր մտածում է երկրից սկզբում ժամանակավոր, հետո գուցե մշտական հեռանալու մասին։ Արմենը մասնագիտությամբ պատմաբան է և դասավանդում է դպրոցում։ «Ես մտնում եմ դասարան և չգիտեմ՝ ինչպես արդարանալ այն երեխաների առաջ, որոնց ներկայացրել եմ մեր երկիրը որպես անպարտ ու հզոր երկիր։ Փաստացի ես նրանց խաբել եմ»,- հուզված մեջբերեց Արմենը։ Ըստ ուսուցչի՝ այսօր զանգվածային արտագաղթը գրեթե անխուսափելի է թվում, ինչը կարող է կանխվել միայն նոր և խելացի կառավարության ճիշտ ու կշռադատված քայլերի դեպքում, երբ պետության տնտեսությունն ու արտադրողականությունը սրընթաց վերելք ունենան։ Արմենը ցավով նշում է, որ ըստ նրա՝ Հայաստանն առաջիկա տարիներին ավելի կթուլանա, երկրում չի լինի ո՛չ խելացի կառավարություն, ո՛չ էլ ադեկվատ ընդդիմություն։ Սակայն գտնում է, որ երկիրը զարգացնելու կարիքը իսկապես կա, որովհետև առջևում նոր պատերազմ է սկսում։ «Նոր պատերազմն անխուսափելի է, և չնայած մեկնելու եմ երկրից, սկսվելու դեպքում անպայման հետ եմ գալու, այդ հարցը չի էլ քննարկվում»,-ասաց Արմենը և ավելացրեց, որ սա փախուստ է ոչ թե երկրից, այլ իրականությունից, որին բախվելը չափազանց ցավալի էր։

Փորձելով հասկանալ՝ հասարակության տարբեր շերտեր ի՞նչ են մտածում արտագաղթի մասին, անցկացրեցինք օնլայն հարցում, որին մասնակցել է ավելի քան 151 մարդ։ Հարցման մասնակցածների 80%-ը 18-ից 30 տարեկան են, ավելի քան 48%-ը մայրաքաղաք Երևանից։ Հարցվածների ուղիղ կեսը երբեմն մտածել է այլ երկրում մշտական բնակություն հաստատելու մասին, 31%-ը երբեք չի մտածել, իսկ մնացածը միշտ մտածել են այդ մասին։ Չնայած նշված ցուցանիշներին՝ պատերազմից հետո երկրից հնարավորության դեպքում պատրաստ է հեռանալ միայն 24%-ը։ Այնուամենայնիվ, նրանց 80%-ը ունի գոնե մեկ ծանոթ, ով մտածում է երկիրը լքելու մասին։ Հարցին, թե ի՞նչը կարող է «ստիպել» հեռանալ երկրից, հարցմանը մասնակցած անձանց 30%-ը պատասխանել է՝ երկրի ներքաղաքական վիճակը։ Ըստ 21%-ի՝ նոր պատերազմի վտանգը կարող է պատճառ հանդիսանալ երկրից հեռանալու։ Գրեթե նույն տոկոսային հարաբերություն էին կազմում հարցվածները, ըստ որոնց՝ ոչինչ չի կարող պատճառ լինել երկրից հեռանալու համար։ Կային նաև այլ իրարամերժ պատասխաններ՝ անձնական խնդիրներից մինչև ազատություն։ Հարցման մասնակցած անձանց 49%-ի կարծիքով արտագաղթի ավելացումը կարելի է կանխել միայն երկրի տնտեսական առաջընթացի արագացմամբ։ 23%-ին երկիրը լքելուց հետ է պահում շենացնելու ձգտում, ավելի քիչ են մարդիկ, ովքեր կարծում են, որ արտագաղթի կանխման պատճառ կլինի սերը հայրենիքի նկատմամբ։ 45%-ը հարցվածների նշել է, որ կնախընտրեին ապրել Եվրոպական որևէ երկրում, ավելի քիչ տոկոսային հարաբերություն էին կազմում այն մարդիկ, ովքեր նախընտրում էին ապրել միայն Հայաստանում, Ամերիկայում և Ասիական այլ երկրներում։ Այսպիսով, պարզ է դառնում, որ հասարանության որոշ զանգված այնուամենայնիվ մտածում է արտագաղթելու մասին։

Պարզելու համար, թե համեմատած 2018 և 2019 թվականներին, 2020 թվականին որքա՞ն մարդ է լքել երկիրը, հարցում ուղարկեցինք ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Պարզվեց, որ 2018 թվականին երկիրը լքել է ավելի քան 2.151.323 մարդ, 2019 թվականին այդ թիվը ավելացել է՝ կազմելով 2.399.422 քաղաքացի։ Նախարարությունը տեղեկացրեց, որ 2020 թվականի տարեկան արդյունքները կամփոփվեն 2021 թվականի սկզբին։
Այսպիսով, պարզվում է, որ տարեկան արտագաղթը ավելանում է և, ըստ հարցման պատասխանների, այս տարի հնարավոր է լինել ավելի խոշոր թվեր՝ համեմատած մյուս տարիների հետ։

Լուսինե Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել