Արտաշը

Արտաշը

1702

2001 թվականի օգոստոսի 13-ի շոգ մի օր ծնվեց Արտաշ Այվազյանը՝ ընտանիքի անդրանիկ զավակը, երկար սպասված որդին, Վարդենիկ գյուղի հպարտությունն ու  ուժը ամփոփող հավերժ զինվոր Արտաշը։ Թեև կարճ կյանք ունեցավ, բայց հասցրեց սիրվել բոլորի կողմից։ Դեռ մանկուց ուրախ ու կենսախինդ տղան սովորել է Վարդենիկի Ռ. Հովհաննիսյանի անվան թիվ 1 դպրոցում, ապա՝  Վարդենիկի կրթահամալիրում։

2020 թվականի հուլիսի 20-ին զորակոչվել է բանակ և երկու ամիս անց մասնակցել հայրենիքի համար մղվող պայքարին։ Զինադադարից հետո ընկերների հետ միասին հայտնվել է շրջափակման մեջ և զոհվել նոյեմբեիի 27-ին։

Դասընկերուհիները հուզմունքով պատմում էին, որ Արտաշը մեծ հպարտությամբ էր զորակոչվում բանակ և շատ ուրախ էր այդ ժամանակ։ Դժվար է ապրել հիշողությունների հետ հաշտ ու համերաշխ, երբ 12 տարվա պահերն են անբողջանում Արտաշի ներկայությամբ, ասում են ընկերները։

Մանկուց սիրում էր բոլորին լուսանկարել, իր արխիվներում կգտնեիր խնամքով պահված հազվադեպ պատահող, հազարավոր նկարներ ընկերներից։
Նարեն պատմում է, որ Արտաշը իր համար շարքային դասընկեր չէր, նա հարազատ էր, օգնող ու աջակից բոլորին։ Արտաշը ընկեր էր, ով 12 տարիների ընթացքում աչքի ընկավ մարդկային բարձր որակներով ՝ բարության ու հոգատարության արտացոլում էր։ Նարեի խոսքով՝ հերոսը յուրահատուկ հարաբերությունների մեջ էր բոլորի հետ, սիրված էր թե՛ուսուցիչների, թե՛ աշակերտների կողմից։ Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։  Արտաշը դասարանին յուրահատուկ համ ու հոտ հաղորդողն էր, անչափ աշխույժ ու ընկերասեր։

Արտաշի ուսուցչուհիներից մեկը նշեց, որ բանակ զորակոչվելուց առաջ եկավ իր տուն, հաջողություն ու բարի ծառայություն մաղթեց, աչքերը երբեք այդպես չէին շողշողացել, շատ ոգևորված էր, իսկ դեմքից ճառագում էր միայն  իրեն հատուկ անկեղծ ժպիտը։

Դասընկերուհի Լիլիթը պատմում է, որ Արտաշը ընկերների շրջապատում մեծ դեր ուներ, շրջապատը մեծ էր, բոլորին օգնում էր, պատրաստ էր անգամ իր կյանքը տալ նրանց համար, թասիբով էր, հենց դրա համար էլ հարգված ու սիրված էր։

Հաճախ էր Լիլիթին հարցնում, թե Լիլ բա ու՞ր կընկնեմ, ու՞ր կծառայեմ, հետո ինքն իրեն պատասխանում՝ Ղարաբաղ եմ ընկնելու հաստատ, Ջաբրայիլ (Մեխակավան), հենց այդպես էլ եղավ։ Ճակատագրի հեգնանքով, թե պատահականորեն իր կողմից շատ սիրված երգը, որ ամեն օր երգում էր, դարձավ իր հերոսական ճակատագիրը։ Ղարաբաղի ջուրը պաղ է, մայրը գիտի որդին ողջ է: Արտաշի մայրն էլ երկար սպասեց որդուն, օր օրի հույսի վերջին նշույլները իր մեջ սպանելով և միայն վերջում լսեց ամենացավոտը՝ զոհվեց ….Արտաշն էլ։

Հոկտեմբերի 16 -ին վերջին զանգն է եղել Արտաշից, ով հանգստացրել է ընտանիքին, մինչև նոյեմբերի 25-ը ոչ մի լուր, ոչ մի տեղից չեն կարողացել իմանալ, հենց այդ օրն էլ պարզ է դարձել, որ շրջափակման մեջ է հայտնվել ընկերների հետ միասին։ Նույն օրը գտել են զինվերին անմահացած, հրազենային վնասվածքերով։

Հերոսը սիրում էր ընկերներին կոչել տարբերվող բառերով, մեկին՝ խրուստալ, մյուսին՝ նխշուն։ Նույնիսկ ընկերները խոստում էին տվել, մինչև ինքը չվերադառնա, ոչ ոք չի ամուսնանա, Արտաշը պիտի գա ու պարի նրանց հարսանիքին։

Նպատակ ուներ բանակից գալ ու ամուսնանալ, ուներ սիրած աղջիկ, բայց պատերազմը փոխեց բոլորի ցանկությունները, Արտաշինն էլ։ Իր հարսանիքին չհնչեց իր սիրած երաժշտությունը, ու չպարեց հերոսը։

Արեգի համար եղբոր բացակայությունը օր օրի ավելի անտանելի է դառնում, շատ է զգում մեծ եղբոր կարիքը։ Եթե հիմա տեսներ, ամուր կգրկեր ու կասեր, թե ինչքան շատ է իրեն պետք մեծ եղբայր՝ հոգտար ու ուշադիր Արտաշը։ Արեգին սովորեցրել է ճիշտ ապրել, զգույշ ու ուշադիր լինել բոլորի նկատմամբ։ Եղբայրը երբեմն զգում է Արտաշի ներկայությունը, ձայնը, կարծես թե իր հետ է խոսում։

Դասընկերուհի Նարեն պատմում է, որ դասարանական հանդիպումների ժամանակ անպայման մի բան բերում էր հետը՝ կոնֆետ, պաղպաղակ։ Արտաշը մեծ ոգևորությամբ էր սպասում ավարտական միջոցսռումներին և երբ ամեն ինչ հարյուր ութսուն աստիճանի տակ փոխվեց, նույնիսկ այդ ժամանակ նա չկոտրվեց։ Իր նպատակասլացությունը ընդգծվեց այն ժամանակ, երբ ամենուրեք կարանտինային շրջան էր, վերջին զանգյան միջոցառումները չեղարկվում էին, արագ կազմակերպեց ամեն ինչ ու միայն Արտաշի տևական ջանքերի, եռանդի, տոկունության շնորհիվ էր, որ մենք այդպիսի հիշարժան օր ունեցանք մեր կյանքում։

Արտաշը միշտ գալիս է ընկերների երազներին, Լիլիթն ասում է, որ Արտաշի մասին անվերջ կարելի է խոսել, և որ նա իրենց համար հավերժ կմնա ժպիտի, բարության ու ընկերասիրության սիմվոլ։

Արտաշը զոհվեց կռվում, թեև պայքարեց 42 օր, որ նորից տեսնի մորն ու սիրած աղջկա ժպիտը։ Արտաշի բացակայությունը միշտ է զգացվելու, մի աթոռ դատարկ, մի խորհուրդ ու խոսք կիսատ, մի հույս ու երազանք, մի ճրագ մարած, կոտրված սրտեր, միշտ վառ հիշողություններ։

Խոնարհվում ենք, մեր հավերժ զինվոր, Արտաշ Այվազյան։

Անի Ղումաշյան

2-րդ կուրս

Կիսվել