Զոհրաբի վերջին թռիչքը

Զոհրաբի վերջին թռիչքը

1973

1991թ. մայիսի 15-ին Քոչարյանների ընտանիքում ծնվեց տան երկրորդ արու զավակը` Զոհրաբը։ Կապույտ ծով աչքերով, միջահասակ, խիստ ու լուրջ հայացքով տղան փոքր տարիքից միայն մի երազանք ուներ` օդաչու դառնալ։  Զոհրաբը դպրոցի հպարտությունը, ուսուցիչների սիրելի աշակերտն ու դասարանի գերազանցիկն էր։ Դպրոցն ավարտեց կարմիր վկայականով, իսկ ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը` կարմիր դիպլոմով։ Բայց սա չէր այն ճանապարհը, որ ընտրել էր Զոհրաբը մանկուց։ Տղան, առանց ծնողներին խոսք ասելու, ընդունվում է ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանն ու համալրում ռազմական օդաչուների շարքը։ Նա ծնվել էր թռչելու համար և իր կյանքը չէր պատկերացնում առանց աստղամերձ հորիզոնների։ Ամեն թռիչքից առաջ Զոհրաբը ծխախոտի հատիկների վրա նշումներ էր անում,  բայց, ցավոք, հոկտեմբերի 14-ին եղավ նրա վերջին թռիչքը Հադրութի մառախլապատ երկնքում։ Ձորում խոցվում է երեք մտերիմ ընկերների` Զոհրաբի, Վյաչեսլավի ու Ցոլակի ուղղաթիռը։ Ուղղաթիռի հետ այրվեց նաև երեք ջահել կյանք ու երազանք, սեր ու սպասում։ Հիմա էլ են նրանք անբաժան. երեքով կողք կողքի հանգչում են Եռաբլուրում։

«Շատ լռակյաց էր Զոհրաբս։ Ամբողջ օրը գիրք էր կարդում։ Նույնիսկ փոքր տարիքից դուրս չէր գալիս բակ խաղալու, միայն կարդում էր։  Երբ տանն ինչ-որ բան էր անսարք էր, գիտեինք, որ դա միայն Զոհրաբը կարող է սարքել։  Տղամարդ էր, բայց իր ճաշն էլ էր ինքը եփում, հագուստն էլ` արդուկում»,- պատմում է օդաչուի մայրը։

Զոհրաբի մասին առանց արցունքների խոսել հնարավոր չէ։ Պատմվող բոլոր պատմությունները նրա փայլուն մարդ տեսակի ու իդեալական զինվորական լինելու մասին են։ Օդում ծանրացած կարոտն իջնում ու վերածվում է  արցունքների։ Կապիտան Քոչարյանն ապրեց 29 տարի ու 5 ամիս։

«Ամեն օր Զոհրաբիս ասում էի` ամուսնացիր։ Չէր լսում։ Բայց մի կողմից էլ լավ է, որ չլսեց ու չամուսնացավ։ Կինը, երեխան  ո՞նց էին դիմանալու նրա կորստին»,- ասում է հայրը։

Անչափ խելացի, մաքրասեր, պատասխանատու ու սիրուն էր Զոհրաբը։ Առանձնապես ուշադիր էր հիվանդ մոր հանդեպ ու միշտ հետևում էր, որ մայրն անպայման դեղերը խմի։ Գերազանցիկ էր ոչ միայն դպրոցոմ, այլև՝ կյանքում։ Զոհրաբն օգնող էր, բայց՝ օգնություն չվերցնող։ Ամեն ինչին իր ջանքերով, համառ ու նվիրական աշխատանքով էր ուզում հասնել։ Թեև տան փոքր տղան էր, բայց խիստ էր իրենից չորս տարով մեծ քրոջ հանդեպ։

«Հենց մի սխալ բան նկատեր, թարս կնայեր ու ծոր տալով կասեր` մ ա՞մ։ Բոլորս զգաստանում էինք։ Հիմա էլ, որ նկարին եմ նայում, ոնց որ շրթունքները շարժի ու նույն ձև ասի` մա՞մ։ Լավագույն տղերքն առանց որևէ խոսքի հեռացան»,- ասում է կապիտան Քոչարյանի մայրը` առանց աչքը կտրելու որդու` պատից կախված մեծ նկարից։

Զոհրաբի փառքի անկյունում ամփոփված է նրա կարճ կյանքը։ Ուղղաթիռը, որ փոքր տարիքից նրա խաղալիքն էր, հենց նկարի մոտ է դրված։ Կողքի դարակում էլ խնամքով ծալված են Զոհրաբի հագուստները։ Հարազատները մոտենում, զգուշությամբ դիպչում են շորերին, հոտ քաշում ու լալիս։ Հիմա էլ ընտանիքի անդամներն են պատերազմում չերևացող թշնամու` կարոտի դեմ։ Ռուզաննա մայրիկը պատուհանից այնկողմ չի գնում. օդաչու որդուն է սպասում։

«Երեք երեխաներիցս միայն Զոհրաբի ծնողական ժողովներին էի ես գնում։ Հպարտությունս էր նա։ Դասարանում միշտ բոլորով շրջվում ու ինձ էին նայում` որպես ամենալավ սովորող աշակերտի ծնողի։ Ես էլ ինձ համեստ էի պահում,  կարծես ասելիս լինեի` իմ դաստիարակածն է, հենց այդպես էլ պիտի լիներ»,- ջերմ հիշողություններով է կիսվում Զոհրաբի հայրիկն ու խոստովանում` տղան բնավորությամբ ավելի շատ մորն էր նման։

Զոհրաբի համար հայրենի Չինչին գյուղն ուրիշ էր։ Լեռների մաքուր օդն էր շատ սիրում ու տնամերձ այգին։ Ծառերը, ծաղիկները այնքան խնամքով ու վարպետորեն էր մշակում։ Զոհրաբը յուրահատուկ  տղա էր։ Սիրում էր գինի խմել, փախլավա ուտել։ Կոնյակների մեծ հավաքածու ուներ։ Զոհրաբի չափ խելք ոչ ոք չուներ։ Հարազատները միայն վերջերս են տղայի դարակներից  ու գրքերի արանքներից գտել նրա լուրջ ու խորը վերլուծությունները Ղարաբաղյան հարցի շուրջ։ Կյանքի վերջին օրերին Զոհրաբը զրույցների ընթացքում քրոջը պատվիրել է երբեք մենակ չթողնել մորը, իսկ եղբորը` լավ նայել երեխաներին։ Հարազատները նոր են հասկանում` Զոհրաբն զգում էր ամեն ինչ, բայց իրենք չէին պատկերացնում կատարվելիքի մասին։ Կապիտան Քոչարյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի։

 Զոհրաբն ապրեց ընդամենը 29 տարի ու 5 ամիս, բայց անունը ոսկե տառերով գրեց հայոց պատմության էջերում։

Աննա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել