Աղի բլիթը և Սուրբ Սարգիսը

Աղի բլիթը և Սուրբ Սարգիսը

730

Երիտասարդների ամենասիրելի տոներից մեկը Սուրբ Սարգիսն է։ Այդ օրը նրանք աղի բլիթ են ուտում և ակնկալում տեսնել իրենց սիրելիին երազում… Հաճախ տոնը հենց ասոցացվում է աղի բլիթ ուտելու հետ։ Իսկ թե ինչու է այդպես, ուրիշ ինչ խորհուրդ ունի այն իր մեջ հարցերի մասին զրուցեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գևորգ սրկ. Կարապետյանի հետ։

-Քչերին է քրիստոնյաների մեջ հետաքրքրում, թե ո՞վ է Սարգիս զորավարը և ինչո՞ւ է Հայոց Եկեղեցին նրան սուրբ համարում:

-Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված և պաշտված սրբերից է, ում ժողովուրդը դիմում է առանձին ջերմեռանդությամբ և խոր հավատքով՝ ապավինելով ամենահաս և երագահաս (արագահաս) սրբի բարեխոսութանը և՛ վտանգի, և՛ նեղության անելանելի վիճակներից սրբի միջոցով ազատվելուն: Ս. Սարգիս զորավարը իր որդու Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու դեմ հալածանքներ, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան՝ Մեծն Տրդատի թոռը, Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ:

Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայված նվիրումն առ Աստված, սրբի աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է՝ ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված՝ Ամենասուրբ Երրորդությունը, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին՝ Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և, աներեր մնալով իր հավատքի մեջ, հետո գլխատվում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Ուշի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

-Հայաստանյաց Առաքելական Եկեղեցում ե՞րբ է նշվում Ս. Սարգսի տոնը:

-Ըստ Հայոց եկեղեցական տոնացույցի՝ Ս. Սարգսի տոնը նշվում է Քրիստոսի Հարությունից կամ Մեծ Զատկից 63 օր (ինը շաբաթ) առաջ, շաբաթ օրը (Առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը): Տոնն ունի 35 օրվա շարժականություն և կատարվում է հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ի ժամանակահատվածում:

-Ս. Սարգսի տոնը միայն հայերի՞ս մոտ է հռչակված:

-Ս. Սարգիսը հռչակված է ոչ միայն հայերի մեջ։ Պարսիկ քրիստոնյաները նրան կոչել են «անհաղթ վկա պարսից և կատարող բոլոր խնդրվածքների»:

-Կխոսե՞ք տոնի ակունքների մասին:

-Հայոց քրիստոնեական ծիսաշարում պատվավոր տեղ գտած այդ տոնը ծագմամբ շատ ավելի հին է: Ս. Սարգիսը (որը հայտնի է Սուրբ Սարգիս զորավար, տեր Սերգիոս և այլ անվանումներով) օժտված էր «արագահաս», «բարեխոս» և «շնորհատու» հատկանիշներով: Հայոց ավանդական կենցաղում շատ տարածված էր «Սըփ Սարքիս» անվանաձևը։ Վարքագրական աղբյուրների և դրանց հիման վրա կատարված տոմարական հաշվարկների համաձայն` Ս. Սարգսի նահատակությունը տեղի է ունեցել 361 թ. հունվարի 31-ին։

-Ի՞նչ օրինակ պիտի վերցնենք մենք  21-րդ դարում  մեզանից 16-17 դար առաջ ապրած ու քաջաբար մարտիրոսված զորավարից:

-Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ Ս. Սարգիսը նեղյալների, անարդար բանտարկվածների, հայ գերիների հովանավորն է, իսկ նրա գլխավոր սրբավայրը Գագա վանքն է: Ս. Սարգսին առնչվող պատմական իրադարձություններն արտացոլվել են ավանդապատումներում, ծեսերում և հավատալիքներում։ Դրանց հիմքում մեծ մասամբ ընկած են հավատքի և ազգի պաշտպանության համար թշնամական ոտնձգությունների դեմ ուղղված Ս. Սարգսի հերոսական կռիվները։ Ըստ ավանդության՝ Ս. Սարգիսը քաջ և ազնիվ զորավար էր, որը միշտ օգնում էր խեղճերին ու անմեղներին` միաժամանակ պատժելով չար մարդկանց։ Այս առումով ուշագրավ է հայ գերիների ազատագրումը Ս. Սարգսի կողմից Հուլիանոս ուրացողի և պարսից թագավորի ճիրաններից։

-Հին ժամանակներում ինչպե՞ս էին տոնախմբում Ս. Սարգսի տոնը:

-Տարածված էին ուխտագնացությունները. Սրբի անունով կային բազում բնակավայրեր և ուխտավայրեր, որոնք տիպային առումով տարաբնույթ էին (եկեղեցի, վանք, մատուռ, մենաստան, բերդ, գյուղ, լեռ, գետ, աղբյուր, բլրակ և այլն): Տոնի նվիրական ուտեստը փոխինդն ու խաշիլն էին, որոնց գործածությունը նախընթաց հինգ օրերի ընթացքում արգելվում էր։ Ամենուր պասի ուրբաթ երեկոյան փոխինդ էին պատրաստում և դրանով իսկ պասը լուծում կամ թաթախվում էր: Առաջավորաց պահքն սկսվում էր Ս. Սարգսին նախորդող երկուշաբթի օրվանից։ Այն ուներ իր ծիսական ուտեստը, և պատահական չէ, որ կենցաղում այդ պահքը հայտնի էր նաև «խաշիլի պաս» անվամբ: Տոնն առանձնանում է երիտասարդության բախտագուշակության ծեսերով։ Ուրբաթ երեկոյան երիտասարդներն աղի բլիթներ էին ուտում՝ գիշերը երազ տեսնելու ակնկալիքով։ Յուրաքանչյուրը հավատում էր, որ այդ գիշեր երազում ծարավը հագեցնելու նպատակով ջուր տվողն անպայման կդառնա իր կյանքի ընկերը: Ս. Սարգսի ավանդույթներից է նրա անունը կրողների նկատմամբ հատուկ վերաբերմունքը` կապված անվանակոչության հետ. նվեր մատուցելը, հատուկ հյուրասիրություն կազմակերպելը, այդ օրը ծնվածին նրա անունով կոչելը և այլն:

-Ինչպե՞ս է մեզ հասել երանելի սրբի պատմությունը:

-Սուրբ Սարգսի ամբողջական պատմությունը գրել է Ս. Ներսես Շնորհալի հայրապետը, երբ տակավին եպիսկոպոս էր և չէր հաջորդել իր եղբորը՝ Գրիգորիս կաթողիկոսին, հայոց հայրապետական գահի վրա: Շնորհալին այս վկայաբանությունը գրել է Հաղպատի վանքի վանահայր Գևորգ եպիսկոպոսի խնդրանքով: Այս մասին գիտենք Շնորհալու՝ նրան գրած պատասխան թղթից:

-Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Եկեղեցին այսօր, որպեզի իր հավատավոր զավակները   մասնակից դառնան Սուրբ Սարգսի տոնին:  

-Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Լենա Կարապետյան

2֊րդ կուրս

Կիսվել