ԶԼՄ ներկայացուցիչներին քոուչինգի արդյունավետ տեխնիկաներին և ժուռնալիստիկայում դրանց կիրառման առանձնահատկություններին ծանոթացնելու նպատակով՝ տեղի է ունեցել «Քոուչինգ և ժուռնալիստիկա» թեմայով հանդիպում–դասընթաց:
Դասընթացը վարում էր Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի (ICF) կողմից որակավորված քոուչ (PCC), բիզնեսի կառավարման խորհրդատու, աշխարհի առաջատար` «ERICKSON INTERNATIONAL» քոուչինգ- դպրոցի Հայաստանի ներկայացուցիչ Նանա Հովհաննիսյանը:
Բանախոս Նանա Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց՝ ինչ է քոուչինգը, ինչով է այն տարբերվում օգնող այլ մասնագիտություններից, օրինակ՝ հոգեբանությունից: Հանդիպում-դասընթացի ընթացքում քննարկվեց, թե ինչպես է հնարավոր քոուչինգի գործիքների կիրառման միջոցով բացահայտել նյութի հերոսների իրական նպատակները, ներքին շարժառիթները, ինչպես նաև արդյունավետ շփվել և հաղորդակցվել ամենազուսպ և բարդ զրուցակցի հետ։
Լրագրողների այն հարցին, թե ամենից հաճախ որ ոլորտներում է կիրառվում քոուչինգը, Հովհաննիսյանը պատասխանեց. «Քոուչինգն անձի ներուժի և տաղանդի բացահայտման ու զարգացման ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է: Մասնագիտությունն օրեցօր զարգանում ու տարածվում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Որպես ոլորտներ կարող եմ առանձնացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային և տարբեր բիզնես ոլորտները։ Այժմ այն նաև մեծ տարածում ունի կրթության ոլորտում, քանի որ քոուչինգ տեխնիկաների կիրառման միջոցով բարձրանում է աշխատանքի արդյունավետությունը։ Միջազգային խոշոր և առաջատար կազմակերպություններում քոուչի հետ համագործակցությունը ընդունված պրակտիկա է։ Այդ կազմակերպություններում քոուչը դասընթացներ է անցկացնում բարձր օղակի աշխատակիցների, ղեկավարների, HR բաժնի ղեկավարի ու թիմի հետ, որպեսզի նրանք էլ կարողանան արդյունավետորեն աշխատել և համակարգել մնացած բաժինները»:
Հանդիպում-դասընթացի ընթացքում անդրադարձ կատավեց նաև մի շարք տեխնիկաների՝ հերոսի ճանապարհորդություն, Դիլթսի տրամաբանական մակարդակների բուրգ, արդյունքի շրջանակ։ Կոնկրետ օրինակների հիման վրա Ն. Հովհաննիսյանը ներկայացրեց դրանց կիրառման առանձնահատկությունները:
Միլենա Մկրտչյան