Մարիամ Ավագյանն, ով որպես լուսանկարիչ հայտնի է Մառավ Ավագյան  անունով, զգացմունքների, ակնթարթի  գեղեցկության, մարդկանց ներքին աշխարհի ու  մոլորակային-անմոլորակային երևույթների  նկատողն ու լուսանկարողն է: Մառամի հետ զրուցել ենք իր լուսանկարների և անհատական ֆոտո-ցուցահանդեսի մասին:

Նա դեռևս մանկուց նկարել ու հետաքրքրվել է արվեստով: Միջնակարգ կրթությանը զուգահեռ, գերազանց ավարտել է «Արվեստի դպրոցի» նկարչության, դիզայնի, կար ու ձևի և  մոդելավորման բաժինները:

2008 թվականից հաճախել է «Արևորդի» էկո-ակումբ և մասնակցել բազմաթիվ բնապահպանական միջոցառումների՝ ձեռք բերելով լրագրության և լուսանկարչության փորձ: 2011 թ.-ից հաճախել է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Մարիամը 2012 թ.-ին ընդունվել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի դիզայն բաժինը, նույն թվականից աշխատում է «Անդին» ամսագում որպես լուսանկարիչ: 2014 թվականի նոյեմբերին «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացրեց «Մոլորակայինները» առաջին անհատական ֆոտո-ցուցահանդես: 2015 թվականի մայիսին լուսանկարիչ Էմմա Գրիգորյանի և Անի Կիրակոսյանի հետ միասին ներկայացրել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի նախաձեռնությամբ «Կարևոր է կյանքի առաջին 1000 օրը» լուսանկարչական ցուցահանդեսների շարքը, որը ցուցադրվել է Երևանում և Հայաստանի 5 մարզերում` Տավուշ, Սյունիք, Լոռի, Արագածոտն, Գեղարքունիք, Շիրակ:

Մառամն իր աշխատանքներում կարևորում է զգայական մակարդակը: Նա նշում է,- «Լուսանկարներում ամենից շատ կարևորում եմ անկեղծությունը, զգայականությունը, վիճակը: Բավարար չէ, որ  լուսանկարը  պարզապես գեղեցիկ լինելը, այն պետք է տրամադրություն կամ միտք փոխանցի»:

Լուսանկարիչն ասում է, որ սիրում է աշխատել «բնական» մարդկանց հետ «Մոդելներ ընտրելիս կարևորում եմ յուրահատկությունը, թե՛ արտաքին և թե՛ ներքին, չնայած, սովորաբար, դրանք առանձին չեն լինում: Եթե մարդ ներքուստ ստանդարտ, արհեստական չէ դա երևում է նրա արտաքինում: Երբեմն գեղեցիկի ընկալումներս թվում են անհասկանալի, բայց ուրախանում եմ, երբ ժամանակի հետ այն ըմբռնվում է: Բնավորություն ունեցող արտաքին եմ սիրում, անհատականություն: Ստանդարտ գեղեցկությունը ինձ համար չէ: Լինում են չէ մարդ-բնություն, որ այնքան բնական, առողջ ու անկեղծ են ամեն ինչում, այ իրենց եմ սիրում»:

Երբ Մառամին հարցրեցինք՝ ինչպես կնկրագրի իր ոճը, մեջբերեց իր սիրելի արվեստաբաններից մեկի՝ Անի Հարությունյանի խոսքերը.  «Համաշխարհայնացումը ու ինտերնացիոնալիզմը պարտադրում են տարբերվել ամենաբազմազան միջոցներով, դիմակայել համընդհանուր նույնականացմանն ու միևնույն ժամանակ պահպանել հիշողություն ապագայի համար: Կերպարային առանձնահատկություններ, մոդա, ատրիբուտների բազմաքանակ մեծություն, հոգեկերտվածքի կեղծ իդենտիֆիկացիա ու աներևակայելի պաթոս: Մառամ Ավագյանի լուսանկարների այս շարքում «իր» մարդկանց ոգեղեն, ֆիզիկական ու ներանձնային թաքուն ձգտումներն են, կերպարային խաղն ու ցանկալի զգայականությունը: Այստեղ ստվերները, ձևերը, գույները, միմիկաներն ու արտահայտչամիջոցները ուղղված են ընդգծելու ու պահպանելու այդ ամբողջ մոլորակային մթնոլորտը, ցուցադրելու ժամանակակից կեցության անտանելի ձանձրույթն ու արագընթաց ռիթմի հոսանքում սառած երանելի այն վայրկյանը, երբ նրանք բոլորը իրենց սիրելի ու գուցե անրջելի իրականության, ինչ-որ զուգահեռ իրականության տերն ու լիիրավ անդամն են: Այս բոլոր կերպարները ազատ ու էնտուզիազմով լի են ներկայանում, իսկ Մառամը, որպես միջնորդ ցուցադրում է նրանց ակնհայտ ցանկություններն ու թաքնված եսակենտրոն ձգտումները, իր դիտողական պրոեկցիան նետում նրանցից յուրաքանչյուրի կերպարային պատյանի վրա»:

Այս խոսքերը նրա  «Մոլորակայինները» անհատական ֆոտո-ցուցադրության  մասին են եղել, որն, ինչպես նշում է Մառամը, իր ամենաերջանիկ ու տպավորիչ օրերից էր. «Մասնակցել եմ մի շարք խմբակային ցուցահանդեսների, բայց խոսեմ անհատականի մասին, որը տեղի ունեցավ 2014 թվականի նոյեմբերին:  Ներկայացրել էի 53 աշխատանք, որոնք մեծ հետաքրքրության արժանացան շատերի կողմից: Կյանքիս ամենահիշարժան պահերից էր բացումը, երբ ցուցասրահում մարդկանց խտությունից ու դա տեսնելու երջանկությունից օդը չէր հերիքում: Այն էներգիան, որը ես դրել էի իմ  «Մոլորակայինները»  շարքում ամբողջովին հետ եկավ ուժգին ու ջերմ ալիքով: Արվեստագետի համար, անշուշտ, ամենակարևոր բաներից է գնահատված, հասկացված ու սիրված լինելը: Դա մեծ ուժ է տալիս շարունակելու ավելի մեծ եռանդով ու ոգևորությամբ: Հատկապես այդ օրը ես հասկացա, որ շատ համախոհներ ունեմ ու դա ինձ թույլ է տալիս այժմ միանշանակ ավելի վստահ ու ազատ ստեղծագործել»:

Մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանում շատ մեծացել է լուսանկարչության հանդեպ հետաքրքրությունը,  ունենք տաղանդավոր ու կայացած լուսանկարիչներ, բայց նաև նշեց, որ ավելի շատ են պարզապես լավ ֆոտոխցիկ ունեցողները:

Մարիամ Պետրոսյան

4-րդ կուրս

Կիսվել